Արցախում էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ ընդդիմության նախաձեռնությունը

Ուժը կորցրած են ճանաչվել Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորման կարգում կատարված փոփոխությունները, և մինչև 2023թ. ապրիլի 1-ը կգործի սուբսիդավորման նախկին կարգը: Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 29-ին ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, երբ ընդդիմադիր երեք խմբակցությունների նախաձեռնությամբ էլեկտրաէներգիայի և գազի սուբսիդավորման հետ կապված որոշման նախագիծ է ներկայացվել: Նախ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ կառավարության նոր որոշմամբ մինչև ապրիլի մեկը նախկին սակագներն են գործելու:
Նա նշել է, որ Ստեփանակերտի հավաքների ժամանակ էլ է բարձրացվել հարցը, և սլաքներ են ուղղվել Ազգային ժողովի վրա, իբր ԱԺ-ն է սակագները բարձրացրել:
Պատգամավոր Դավիթ Գալստյանը մտահոգություն է հայտնել, թե կառավարությունը խուսափում է նման որոշումներն Ազգային ժողովի հետ քննարկելուց և կոչ արեց կառավարությանը հետայսու ականջալուր լինել ԱԺ կարծիքին:
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը նշել է, որ որոշումը փոխվել է ԱԺ ջանքերով: «Այդ մոտեցումը ես կտրակականապես սխալ եմ համարում, կարծում եմ, որ մենք պետք է հրաժարվենք սուբսիդիաներից: Եթե ունենք բնակչության անապահով խավ, ուրեմն պետք է համապատասխան նպաստ վճարվի: Էներգետիկ համակարգը չպետք է սոցիալական ֆունկցիա կատարի»,- կարծում է Հ. Խանումյանը:
Հակադարձելով՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ ցանկացած պատերազմից հետո անկախ նրանից՝ հաղթող կողմ ես, թե պարտվող, 3-5 տարի պետք է գործեն սոցիալական ծրագրեր:
Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով Ազգային ժողովը միաձայն որոշում է ընդունել գազի սակագնի սուբսիդավորման առաջարկի մասին.
«Ղեկավարվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 89-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային ժողովը որոշում է. «հիմք ընդունելով ԱՀ նախագահի հանրային խոսքն առ այն, որ Արցախը կարող ենք պահել այն բնակեցնելով, որի նախադրյալները պետք է լինեն ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելը բնակիչների համար, ինչպես նաև պատերազմից հետո Ազգային ժողովում ընդունված այն օրենքները, որոնք մեղմել են հարկային բեռը և բազմաթիվ որոշումներ, որոնց արդյունքում որոշ չափով թեթևացել է բնակիչների սոցիալական բեռը, առաջարկում ենք ԱՀ կառավարությանը քննարկել և ըստ հնարավորության նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսների համար մասնակի չափով սուբսիդավորել գազի սակագինը»»: