Արցախում «Դիմադրություն» շարժումը ֆիքսվեց ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությամբ
Գլխավոր » Լրահոս » Արցախում «Դիմադրություն» շարժումը ֆիքսվեց ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությամբ

Արցախում «Դիմադրություն» շարժումը ֆիքսվեց ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությամբ

Դավիթ Գալստյան

Արցախում «Դիմադրություն» շարժումը Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ իշխանությունների հայտարարություններին Արցախի նախագահի, Ազգային ժողովի եւ հանրության արձագանքի շարունակությունն է, որը ֆիքսվեց նաև ապրիլի 14-ի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությամբ: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: «Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող գործողությունները միտված են Արցախը հայկական պահելուն, և պետք է ամեն ինչ անել, որ մենք այդ շարժմանը ոչ թե աջակցենք, այլ ողջունենք ու միևնույն ժամանակ մեր անմիջական մասնակցությամբ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ Արցախը միասնական է եւ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Պետք է, որ բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, և այդ միասնությամբ հաղթահարենք այս խոչընդոտները: Անհրաժեշտության դեպքում ժողովուրդը պետք է նաև փողոց դուրս գա իր «այո»-ն ասելու Արցախի հայկական լինելուն»,- ասել է պատգամավորը:

Անդրադառնալով առկա սահամանփակումների պարագայում ակցիաներ անցկացնելու մասին հարցին՝ պատգամավորը նշեց, որ Արցախում Արայիկ Հարությունյանի հրամանագրերով որոշ միջոցառումներից առաջ այդ սահմանափակումները վերանում են: «Ես համոզված եմ, որ Արայիկ Հարությունյանը նույնպես կողմնակից է, որ Արցախը միշտ պետք է լինի հայկական, և դրան այլընտրանք չկա: Այն մարդիկ կարող են դեմ խոսել շարժմանը, ովքեր իրենց մտքի ծայրով անցկացնում են, թե Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Մենք ֆիքսել ենք, որ այդպիսի ուժեր Արցախում չկան, և բոլոր այն ուժերը, ովքեր հավատարիմ են ապրիլի 14-ի մեր հայտարարությանը, որ պետք է միաձայն անհրաժեշտության դեպքում դուրս գան փողոց եւ ոչ ասեն Հայաստանի իշխանությունների թրքամետ ու աղետաբեր քաղաքականությանը՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցմանը»,- ասել է Դ. Գալստյանը:

1