Արցախում առաջին անգամ գիտաինժեներական ցուցահանդես է կազմակերպվելու
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում առաջին անգամ գիտաինժեներական ցուցահանդես է կազմակերպվելու

Արցախում առաջին անգամ գիտաինժեներական ցուցահանդես է կազմակերպվելու

Գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա ու մաթեմատիկա. այս ոլորտների զարգացմանն է միտված մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում կայանալիք «Artsakh STEM Expo»-ն: Միջոցառման գաղափարը «Artsakh young minds» կազմակերպությանն է: «Artsakh young minds»-ի  նախագահ,  «Artsakh STEM Expo» ծրագրի ղեկավար Արտավազդ Բոյաջյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ գիտաինժեներական այս ցուցահանդեսի հիմնական նպատակը 15-20 տարեկան դպրոցականների և ուսանողականների մոտ բնագիտական առարկաների հանդեպ մոտիվացիա առաջացնելն է:

«Մեր առջև դրված հաջորդ խնդիրը նրանց գիտական, ինժեներական նորամուծություններին, IT ոլորտներին ծանոթացնելը, կրթություն-աշխատաշուկա կապ ապահովելն է»,- մանրամասնում է Արտավազդը: Նրա խոսքով՝ էքսպոն կազմակերպվելու է երեք փուլով: Առաջին փուլում լինելու է ցուցահանդես, որտեղ գիտական-ինժեներական խմբերը ներկայացնելու են իրենց աշխատանքները,
երկրորդ հատվածում՝ գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և բիզնես ոլորտների խոսնակների կողմից իրենց փորձի, աշխատանքի, ոլորտում առկա հնարավորությունների, նոր տենդենցների ու մասնագիտությունների ներկայացում է նախատեսվում։ Իսկ վերջին փուլում լինելու է գաղափարների մրցույթ, որտեղ հաղթող թիմերը կստանան մենթորություն և կկարողանան զարգացնել իրենց գաղափարները:

Ինչո՞ւ հենց Մարտակերտում: Այս հարցին Մարտակերտի շրջանի Մաղավուզի դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ Արտավազդը պատասխանում է՝ «Ուզում ենք Մարտակերտում զբոսաշրջային խնդիրը լուծել, քանի որ պատերազմից հետո Արցախ քիչ  մարդ է այցելում, իսկ Մարտակերտ՝ էլ ավելի քիչ»:

«Գաղափարը գիտական փառատոն կազմակերպելն էր, բայց հնարավորությունները համադրելով ներկա իրավիճակի հետ և հասկանալով մեր առջև ծառացած խնդիրները, հասկացանք, որ հնարավոր չէ միանգամից խոսել գիտությունից. պետք է զարգացում ապահովել և նոր դարձնել գիտական փառատոն: Դրա համար իրականացնում ենք այս էքսպոն: Բանախոսները գիտնականներ են՝ ֆիզիկոսներ, աստղաֆիզիկոսներ, կենսաբաններ, քիմիկոսներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, վաճառքի մասնագետներ»,- ծրագրի մասին պատմում է ղեկավարը:

Գաղափարներ ներկայացնելու համար հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 25-ը: Ընտրվելու են լավագույն տաս գաղափարները, որոնք ավելի մանրամասն կներկայացվեն ժյուրիին:

Երազանքը դառնում է իրականություն, երբ գաղափարը կյանքի ես կոչում. hամոզված են նախաձեռնողները, իսկ Արցախում նախատեսվող այս բացառիկ միջոցառման մասնակիցը դառնալու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով` https://cutt.ly/AGiQsi2: Մասնակցությունը բաց է բոլորի համար:

1