Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա. ԱՀ ՖԷՆ փոխնախարար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա. ԱՀ ՖԷՆ փոխնախարար

Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա. ԱՀ ՖԷՆ փոխնախարար

ԱՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ Ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Անդրեյ Գասպարյանը:

«Խուճապային տրամադրությունների ներքո անցած մի քանի օրերի ընթացքում նկատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից շաքարավազի պակաս, որը մեծապես պայմանավորված էր բնակչության կողմից սովորականից շատ գնումներ կատարելու հետ: Այժմ անհրաժեշտ պաշարը կրկին լրացվում է»,-ասել է Ա. Գասպարյանը:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ անհրաժեշտ սննդամթերքի ներկրման հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ կան բավարար պաշարներ, և մոտակա ժամանակահատվածում մեծ թանկացումներ չեն սպասվում:

Ա. Գասպարյանը բնակչությանը կոչ արեց չմատնվելու խուճապի, քանի որ իրադրությունը վերահսկվում է պատկան մարմինների կողմից:

Նա տեղեկացրեց, որ ԱՀ ՖԷՆ և այլ շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ կայացվել է որոշում առ այն, որ վաղվանից համապատասխան միջոցներ կկիրառվեն բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ովքեր, առիթից օգտվելով և չարաշահումներ կատարելով, արհեստական գնաճ են առաջ բերել:

Փոխնախարարի խոսքով թանկացումներ կարելի է սպասել ներմուծվող ապրանքատեսակների, ինչպես նաև ներկրվող հումքով արտադրվող արտադրատեսակների պարագայում՝ կապված դոլարի և ռուբլու կուրսի տատանումների հետ, իսկ մեր շուկայում սպառվող ապրանքների և հումքի հետ կապված՝ մեծ թանկացումներ չեն սպասվում:

Անդրադառնալով գազամատակարարման խափամնան խնդրին՝ Ա. Գասպարյանն ասաց, որ քաղաքական հարցերի չի պատասխանում:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ թեև Ռուսաստանն արգելել է որոշ ապրանքների արտահանումը, սակայն այս արգելքը չի վերաբերվում ԵԱՏՄ անդամ երկրների ներքին պահանջարկի բավարարմանը, բացի այդ էլ ՀՀ պահեստներում կան բավարար քանակով ապրանքներ:

1