Արցախում անորոշության ալիքը սփռել է իր ազգակործան թևերը
Գլխավոր » Լրահոս » Արցախում անորոշության ալիքը սփռել է իր ազգակործան թևերը

Արցախում անորոշության ալիքը սփռել է իր ազգակործան թևերը

ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի ելույթը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում.

«Արցախն այսօր ծանր վիրավոր է ու լուրջ բուժման կարիք ունի: Եթե այս ամենը տեսնելով՝ մենք անտարբեր մնանք, լռենք ու այս ծանր վիճակից դուրս գալու քայլեր չանենք, եթե մեր ճակատագիրը թողնենք բախտի քմահաճույքին, եթե հավերժի ճամփորդներին մեր տված խոստումները չկատարենք, իրենց արյամբ հեղեղված հողին ամուր կառչած չմնանք, ապա ի՞նչ պատասխան պիտի տանք մեր զավակներին ու թոռներին: 1988թ., երբ մենք մեր պատմության մեջ արդեն որերորդ անգամ կանգնած էինք ոչնչացման եզրին, երբ մեր սուրբ հողին վրա էր հասել հայաթափման պատուհասը, երբ ամբողջ աշխարհը երես էր թեքել մեզանից, այստեղ՝ այս հրապարակում, միահամուռ ոտքի ելանք և համախմբվեցինք մեկ ընդհանուր նպատակի ու գաղափարի շուրջ:

Միասին, մեջք մեջքի տված մենք անսասան էինք, մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ իսկական հայի ոգին անպարտելի է, որ հայկական հարցի ոգին անպարտելի է: Ասում են՝ պատմությունը հակված է կրկնվելուն, ես համոզված եմ դրանում, և ահա 30 տարվա անցած մեր փառահեղ ուղին կրկին մեզ Վերածննդի հրապարակ բերեց, քանի որ վերջին շրջանում որոշ ուժեր փորձում էին արժեզրկել այս հողի վրա թափված հայի արյունը, որ մեզ համար աշխարհի բոլոր գանձերից էլ թանկ է: Այո՛, ամեն կերպ փորձեցին արժեզրկել: Մենք այսօր ոտքի ենք ելնում, որ պահենք մեր անմահ հերոսներին տված խոստումը, որ մենք մեր իսկ ճակատագրին տեր կանգնենք, որ մենք ինքնորոշման համար մղվող տասնամյակների պայքարը հողին չհավասարեցնենք:

Այսօր մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և ասում, որ անհնարին է լինել Ադրբեջանի կազմում, այն Ադրբեջանի, որտեղ հայատյացությունը խոր արմատներ է ձգում երկրի ներսում: Այդ մտքի հետ համաձայնվել նշանակում է ինքնակամ գնալ ոչնչացման, նշանակում է՝ ինչ-որ արվել է այս 30 տարիների ընթացքում, հավասարեցնել զրոյի:

Այսօր մենք, առավել քան երբևէ, պետք է լինենք միաբան: 1988-ին մենք այս հրապարակում մեկ կտոր հացը կիսում էինք իրար հետ, ծանոթ թե  անծանոթ ոգևորում էինք մեկս մյուսին, բարձր էր հայրենասիրության ոգին, դրա համար էլ մեզ պարտադրված պատերազմում հաղթող դուրս եկանք, գլուխներս բարձր, հպարտ, զգում էինք մեզ այս երկրի տերը: Ցավով եմ նշում, որ այսօր մեր միաբանությունը խաթարված է: Արցախում անորոշության մեծ ալիքը սփռել է իր ազգակործան թևերը. կան մարդիկ, որ ուզում են ընդմիշտ թողնել-հեռանալ Արցախից: Սա լուծում չէ: Հավատացած եղեք՝ աշխարհի ամենասքանչելի, արևաջերմ, գողտրիկ, սուրբ ու թանկ հողը Արցախ աշխարհն է, ուրեմն՝ եկեք հրաժարվենք հեռանալու մտքից, ապրենք Արցախում, պաշտպանենք ու պահպանենք մեր սրբությունները, մեր պապերի, հայրերի, որդիների, եղբայրների գերեզմանները, մեր սրբազան հողը, որ շաղախված է հերոս հայ քաջորդիների արյամբ: Ուրեմն՝ եկեք բռունցվենք ու տեր կանգնենք մեր երկրին, միաբանվենք ու փրկենք Արցախը:

Վերջում մի փոքրիկ հատված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից. «Ելե՛ք, հայկազուն, քաջազո՛ւն սերունդներ, զե՛նք առեք, ջարդեցե՛ք, փշրեցե՛ք, ջարդուփշո՛ւր արեք ձեր թշնամուն, հետո էլ աճեցե՛ք, բազմացե՛ք, հզորացե՛ք ու միաբա՛ն եղեք իրար հետ: Բոլոր ազգերի բարօրության հիմքը սերն է, միաբանությունն է, լեզուն է ու հավատը: Լեզուդ փոխի՛ր, հավատդ ուրացի՛ր, էլ ինչո՞վ կարաս ասիլ, թե որ ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ է անուշ, մեղրից էլ: Ասենք նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է դե՞ն ածած: Էն վայրենի ազգերը իրենց սովոր լեզուն աշխարքի հետ չեն փոխի: Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահա՛ս երիտասարդք, ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը, ձեր հողն ու ջուրը, ձեր տունն ու տեղը ղայիմ բռնեցե՛ք»:

1