«Արցախն իմ հոգում»․ պատանեկան բանակում Բյուրականում
Գլխավոր » Երիտասարդական » «Արցախն իմ հոգում»․ պատանեկան բանակում Բյուրականում

«Արցախն իմ հոգում»․ պատանեկան բանակում Բյուրականում

Օգոստոսի 25-ին Բյուրականում մեկնարկել է «Արցախն իմ հոգում» խորագիրը կրող պատանեկան բանակումը։ Այն նախաձեռնել է ՀՕՄ-ի Արցախի միավորը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ։

Ճամբարը նախատեսված է 12-16 տարեկան արցախցի պատանիների համար և կտևի մինչև օգոստոսի 30-ը։ Կազմակերպիչները հետաքրքիր ու ուսուցողական ծրագիր են մշակել՝ նպատակ ունենալով պատանիներին կտրել ինտերնետային առօրյայից, միմյանց հետ ծանոթանալու, շփվելու և նոր գիտելիքներ ստանալու հնարավորություն ընձեռել։

Բանակումին մասնակցում է 90 պատանի, որոնք բաժանված են երեք խմբերի՝ կարմիր, կապույտ և նարնջագույն։ Պատանիների օրը սկսվում է առավոտյան ֆիզիկական վարժություններից և ավարտվում երեկոյան խարույկի մոտ։ Հինգ օրերի ընթացքում նախատեսված են ազգային երգերի ու պարերի ուսուցում, տարբեր թեմաներով դասախոսություններ, ժամանցային խաղեր ու մրցույթներ։

Բանակումի պատասխանատուներից Արմինե Հարությունյանի խոսքով՝ հիմնական նպատակն արցախյան մթնոլորտ ապահովելն է։ «Մեր նպատակներից է, որ արցախցի երեխաներն իրար հետ ծանոթանան, շփվեն։ Տեղահանությունից հետո նրանք ցրվել են ամբողջ Հայաստանով մեկ կամ հաստատվել են արտասահմանյան տարբեր երկրներում։ Գոնե փորձել ենք Հայաստանում ապրող մեր երեխաներին համախմբել իրար հետ, որպեսզի ծանոթանան իրար հետ շփվեն, մի փոքր Արցախ ստեղծեն, և Արցախի կարոտն առնեն»,- նշել է նա։

Բանակումի հիմնական պայմաններից է կարգուկանոնի պահպանումը, որին, ըստ կազմակերպիչների, մասնակիցները հետևում են։ Անդրանիկ Չավուշյանը ևս ստանձնել է բանակումի պատասխանատվությունը և գոհ է ընթացքից։

Նրա խոսքով՝ երեխաներն իսկույն ընկալում են մատուցվող նյութը։ Իսկ ակնկալիքները շատ են, և հույս ունի, որ հնգօրյա բանակումից պատանիները կկարողանան շատ գիտելիքներ տանել։ Նա ավելացրել է, որ կարգուկանոնը խիստ է, առաջնահերթությունը տվել են մաքրությանը և կարգապահությանը։ «Մասնակիցները միավոր են վաստակում վրանների մաքրության, անձնական հիգիենայի, կարգապահության համար։ Այս տարիքի պատանիների մեջ պիտի ավելի աղմուկ լիներ, բայց շատ հանգիստ է անցնում առօրյան»,- ասել է Չավուշյանը։

Ապառաժ

1