Արցախն այսօր հայ ազգի արժանապատվությունն է, Հայաստանի սիրտն է
Գլխավոր » Լրահոս » Արցախն այսօր հայ ազգի արժանապատվությունն է, Հայաստանի սիրտն է

Արցախն այսօր հայ ազգի արժանապատվությունն է, Հայաստանի սիրտն է

2018-ի հեղափոխությամբ սկսվել և առ այսօր շարունակվում է հայոց պետականության անկումը։ Մեր Ժողովուրդը չի հասել դեռ այն հենման կետին, որից կարող է նորից կերտել իր հաղթական ուղին։

Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը հանգեցրեց նրան, որ Հայաստանում  հասարակության մի մասն անտարբեր դարձավ սեփական հայրենիքի ճակատագրի հանդեպ։

Նույնիսկ 44-օրյա պատերազմի հետևանքով ունեցած մարդկային ու տարածքային մեծ կորուստները, որոնք շատ ծանր հետևանքներ ունեցան մեր երկու պետությունների համար, դաս չեղավ մեր հասարակության համար և չսթափեցրեց նրան:

Ցավով պետք է արձանագրենք, որ Հայաստանում հասարակության մի մեծ մասն անտարբեր է Արցախի ճակատագրի հանդեպ։ Միևնույն ժամանակ, պետք է փաստենք, որ նույնիսկ այս ծանր կացության մեջ արցախցին պահում է հայ ազգային նկարագիրը։  

Արցախն այսօր հայ ազգի արժանապատվությունն է, Հայաստանի սիրտն է:

Պատերազմի անդառնալի հետևանքներն ամենաշատն իր մաշկի վրա զգաց արցախցին։ Պատերազմից 2 տարի անց Արցախը հայտնվել է շրջափակման մեջ և, երբ աշխարհի ու սեփական ազգիդ լռության մեջ թվում է, թե կորել է հույսը ինչ-որ բան փրկելու, նորից ոտքի է կանգնել Արցախը, այն Արցախը, որը համայն հայությանը 30 տարի շարունակ պարգևել էր հպարտություն, ազատ հայրենիք ունենալու պատիվ։ Թվում էր, թե դաժան պատերազմը կոտրել էր արցախցուն, սակայն շրջափակման մեջ, թշնամու նշանառության տակ ավելի քան 50 000 քաղաքացիների մասնակցությամբ համապետական հանրահավաքն այլ բան է փաստում։

Արցախն այսօր ցույց տվեց բոլորին, որ կա, չի կոտրվել, ապրում է և պատրաստ է պայքարի՝ հանուն իր հողում ապրելու արդար իրավունքի։

Վահագն Խաչատրյան

1