Արցախից լավ տեղ չկա մեր ժողովրդի համար. Ռ. Առստամյան

Ադրբեջանական կողմի վարած քաղաքականությունն ի վերջո հետապնդում է Արցախի վերջնական հայաթափում։ Դրան հասնելու համար թշնամական կողմը գործադրում է ամենատարբեր միջոցներ։ 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակումը լրջագույն խնդիրներ է ստեղծել Արցախի համար՝ կապված սննդի, էներգիայի աղբյուրների, ջրի հետ, իսկ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ թշնամու զինուժը պարբերաբար կրակոցներ է արձակում՝ փորձելով ճնշել, վախեցնել գյուղացիներին։
Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից ադրբեջանական դիրքերի հեռավորությունը օդային գծով ընդամենը 2 կիլոմետր է։ Գյուղը դիտարկվում է թշնամու 2 դիրքերից, որտեղից թեև գյուղի ուղղությամբ հաճախակի չեն կրակում, սակայն կրակոցներ լինում են հիմնականում դիրքերի ուղղությամբ։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Կիչան համայնքի ղեկավար Արտո Հակոբյանը։

Նրա խոսքով՝ չափազանցված են լուրերը, թե հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը գյուղը տարհանվել է, և կրակոցները եղել են Կիչանի ուղղությամբ։
«Թշնամին կրակում էր դիրքերի ուղղությամբ, իսկ լուսաբացին մոտ արդեն սկսեց կիրառել նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Դրանից հետո խուճապ է տարածվել, որ Կիչանի վրա են կրակել, գյուղը տարհանվել է, սակայն գյուղացիները իրենց տներից չեն հեռացել։ Կրակոցների հետևանքով պայթեցրել են էլեկտրականության գծերը. ցավոք սրտի, դիրքերում նաև զոհեր ենք ունեցել»,-ասել է համայնքի ղեկավարը։

Ըստ Ա. Հակոբյանի՝ գյուղացիները, բոլոր դժվարություններին հակառակ, շարունակում են հողին կառչած ապրել ու արարել։ Պատերազմից հետո բոլորը վերադարձել են գյուղ։ 44-օրյա պատերազմում 2 զոհ է ունեցել գյուղը։
«Մարդիկ կոտրված չեն, խուճապի մեջ չեն։ Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, սակայն թշնամին խոչընդոտներ է ստեղծում նաև այստեղ։ Մինչ պատերազմը գյուղացիներն ավելի շատ էին հողագործությամբ, այգեգործությամբ ու անասնապահությամբ զբաղվում, սակայն այսօր գյուղացիները զրկված են այդ իրավունքից։ Այս տարի սահմանափակ քանակությամբ են մշակվել ցորենի և գարու արտերը ։ Կարմիր խաչի կողմից տեղադրվել է 17 ջերմոց, որոնք բոլորն էլ օգտագործվում են տարբեր մշակաբույսերի աճեցման նպատակով։ Մարդիկ հասկացել են, որ Երևանից էլ չեն կարողանա բանջարեղեն բերել, սկսել են ինքնուրույն մշակել»,-նշել է Ա. Հակոբյանը։

Կիչանում տեղադրվել է 6 արևային ջրատաքացուցիչ. 2-ը՝ զոհվածների ընտանիքների համար, իսկ մյուս 4-ը գյուղացիներն են սեփական նախաձեռնությամբ տեղադրել, որի գնի կեսը սուբսիդավորել է պետությունը։
Համայնքի ղեկավարը մտահոգիչ է համարել անասնապահության վիճակը։ Խոշոր անասունների գլխաքանակը նվազել է՝ կապված կերի և արոտավայրերի բացակայության հետ:
«Անասուններն անցնում են թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածք, ու այլևս հետ վերադարձնել չենք կարողանում։ Վերջերս իմ անասուններն էին անցել: Ռուսների հետ պայմանավորվել էինք, որ խնդիր չի լինի, ու ասացին, որ կարող եմ գնալ ու բերել: Սակայն հենց գնացի՝ սկսեցին ինձ վրա կրակել։ Ձեռքիս հեռախոսի միջոցով կարողացա կապվել նրանց հետ, և ռուսներն ասացին՝ մի քիչ սպասեմ, իսկ քիչ անց տեղեկացրին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս առաջ գնալ, ինչ-որ ձևով դուրս գամ դաշտից և վերադառնամ։ Բարեբախտաբար, հետո կովերը ինքնուրույն հետ վերադարձան»,-մանրամասնել է համայնքի ղեկավարը։
Ներկայումս գյուղը ջրի խնդիր չունի տեղացած առատ անձրևների պատճառով, սակայն, ըստ համայնքի ղեկավարի, այն ի հայտ է գալիս հատկապես երաշտային ժամանակաշրջանում՝ օգոստոսին։ Նման դեպքերում մի քանի ժամով են ջուր բաց թողնում, իսկ գյուղացիներն այն պահեստավորում են և դրանով ոռոգում իրենց այգիները։
Գյուղատնտեսական աշխատանքների համար լրջագույն խնդիր է ստեղծում նաև վառելիքի բացակայությունը, իսկ գյուղատնտեսական տեխնիկան մինչև վերջին դեպքերը ապահովում էին հարևան գյուղերից, սակայն այժմ, իմանալով թե որտեղ պետք է կատարվեն այդ աշխատանքները, շատերը հրաժարվում են։
Գյուղում տեղահանված մեկ ընտանիք կա։ Գործում է գյուղապետարան, ակումբ, դպրոց։ Բուժկետը պետք է կառուցեին, որի համար շինանյութն արդեն բերվել էր, սակայն, համայնքի ղեկավարի խոսքով, այդպես էլ չհասցրին այն կառուցել։

«Իրեն արդարացնում է։ Երբ հոսանք չկա, մշտական տաք ջուր ունենք»,-նշել է Ա. Հակոբյանը։
Նրա խոսքով՝ գյուղի մնացած հարցերը իրենց լուծումը կարող են ստանալ, եթե նախ և առաջ կարողանանք լուծել անվտանգության հարցերը, որպեսզի մարդիկ կարողանան սեփական աշխատանքով վաստակել իրենց եկամուտը։
Կիչան գյուղին հարակից է Նոր Ղազանչի գյուղը։ Այն ևս սահմանամերձ է և ունի այն բոլոր խնդիրները, ինչ ունեն Կիչանն ու մնացած այլ սահմանամերձ գյուղերը։ Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանի խոսքով՝ գյուղացին պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, սակայն այսօր հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու համար համապատասխան պայմաններ չկան։ Բնակչության մի մասն զբաղվում է խոզաբուծությամբ, մնացածն էլ ուժային կառույցներում են աշխատում։

Նրա խոսքով՝ մինչ պատերազմը գյուղն ուներ 101 հա վարելահող, որից 13հա-ն մնացել է թշնամու տիրապետության տակ, իսկ մեր վերահսկողության տակ մնացած հատվածներում էլ թշնամին թույլ չի տալիս իրականացնել համապատասխան գյուղատնտեսական աշխատանքներ։
«2021թ. կատարել ենք 65 հա աշնանացան, իսկ դրանից հետո այլևս ադրբեջանական կողմը թույլ չի տվել մշակել այդ հողերը։ Այս տարի կարողացել ենք մշակել 4 հա գարի, 4 հա հաճար և 5 հա կարտոֆիլ»,-մանրամասնել է համայնքապետը։
Գյուղում 14 ընտանիքի Կարմիր խաչի կողմից տրամադրվել են ջերմոցներ:
«Մնացած գրեթե բոլոր ընտանիքները ևս ցանկություն են հայտնել ջերմոցներ ձեռք բերել։ 7-8 ընտանիքներ ցանկություն են հայտնել ձեռք բերել նաև արևային ջրային տաքացուցիչներ»,-նշել է Ռ. Առուստամյանը։
Գյուղում չկա բուժկետ, չկա մանկապարտեզ, իսկ դպրոցը Նոր Ղազանչի և Կիչան համայնքները միասին են օգտագործում։ Ըստ համայնքապետի՝ ճանապարհները 7-8 ամիս առաջ բարեկարգվել էին, սակայն հորդառատ անձրևները դրանք նորից քանդել են։

Շրջափակման ընթացքում գյուղ հասնում էր կտրոններով նախատեսված սնունդ, սակայն վերջին՝ լիակատար շրջափակումից հետո սննդի և վառելիքի բացակայության խնդիրն իրեն զգացնել է տալիս ինչպես Նոր Ղազանչիում, այնպես էլ Արցախի բոլոր բնակավայրերում։
Պատասխանելով ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականի մասին հարցին՝ Ռ. Առուստամյանը պատասխանեց, որ Արցախի 100 տոկոսն էլ կցանկանար, որ լուծվեին անվտանգային խնդիրները, և մարդիկ վերադառնային իրենց մինչպատերազմական կյանքին։

«Արցախից լավ տեղ չկա մեր ժողովրդի համար»,-եզրափակել է համայնքի ղեկավարը։
Շիրխանում Հայրապետյանը շուրջ 30 տարի է, ինչ ապրում է Նոր Ղազանչիում։ Այստեղ հաստատվել է Ղազանչի գյուղից։

Պատերազմից հետո բոլորը վերադարձել են գյուղ և շարունակում են ապրել, սակայն թշնամու կրակոցները միշտ թարմ են պահում պատերազմի մասին հիշողությունները։ Նրա խոսքով՝ հունիսի 27-ի կրակոցները նորից գյուղացիներին հիշեցրին սեպտեմբերի 27-ի առավոտը։
«Առաջներում էլի եղել են կրակոցներ, սակայն ոչ գյուղի ուղղությամբ։ Հունիսի 27-ի դեպքերը մեզ նորից հիշեցրին սեպտեմբերի 27-ի առավոտը։ Շատ մեծ տրամաչափի զենքերով են կրակել»,-պատմել է նա։
Տիկին Շիրխանումի խոսքով՝ 1988-ից առ այսօր շարունակվում է հայերի ցեղասպանությունը։
«70 տարեկան կին եմ: Ինչպե՞ս ապրենք նրանց հետ։ Նույնիսկ խորհրդային ժամանակներում նրանք իրենց անմարդկային են դրսևորել։ Հիմա ինչպե՞ս այսքան զոհերից հետո ասենք՝ նրանց հետ ապրում ենք։ Հնարավոր բան չէ»,-վստահորեն ասել է տիկին Շիրխանումը։
Նրա թոռնիկը ևս ՊԲ շարքերում է ծառայում։
«Մինչև թոռնիկս վերադառնում է դիրքերից, կես մարդ եմ դառնում։ Ասում է՝ բաբո՛, մի՛ վախեցիր, բոլորին կսպանենք ու հետ կբերենք ամեն ինչ։ Երիտասարդները պնդում են, որ ամեն գնով պետք է պաշտպանենք այս հողը, բայց ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, անհասկանալի է։ Այդքան գումարներ են ծախսում, օգնություններ են բաժանում, դրա փոխարեն մի զենք էլ չեն գնել, որ հարձակման դեպքում գոնե պաշտպանվենք։ Հայ ժողովուրդն անտեր է մնացել»,-ասել է տիկին Շիրխանումը։

Տիկին Շիրխանումը այսօր միայնակ է մնացել գյուղում։ Ամուսինը չկա, իսկ տղան ու հարսը 8 ամիս է, ինչ չեն կարողանում Երևանից վերադառնալ. բուժման նպատակով էին մեկնել: Ուստի այսօր միայնակ է փորձում դիմակայել շրջափակման հարուցած դժվարություններին։ Թեև խնդիրները շատ են, սակայն տիկին Շիրխանումը միայն իր մասին չէ, որ մտածում է։
«Մեկ անգամ են թոշակառուներին օգնություն տվել, սակայն դա էլ չենք ուզում, միայն թե խաղաղություն լինի։ Գյուղում հնարավոր է սնունդ գտնել, բա քաղաքում ի՞նչ անեն։ Բերում են գունավոր կտրոններ տալիս, բայց ապրանք չկա, եղածի դեպքում էլ՝ ով գումար ունի, միանգամից գնում է, ով էլ չունի, մնում է առանց ապրանքի։ Դա էլ մի կողմ, միայն թե կռիվ չլինի»,-եզրափակել է նա։
Վահագն Խաչատրյան