Արցախից հեռու Արմինե Հարությունյանը շարունակում է ապրել Արցախի կյանքով ու երազել վերադարձի մասին
Գլխավոր » Լրահոս » Արցախից հեռու Արմինե Հարությունյանը շարունակում է ապրել Արցախի կյանքով ու երազել վերադարձի մասին

Արցախից հեռու Արմինե Հարությունյանը շարունակում է ապրել Արցախի կյանքով ու երազել վերադարձի մասին

Արմինե Հարությունյանը ուսուցչուհի է Արցախից։ Տեղահանվելուց հետո ծնողների հետ հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Որպես ուսուցչի օգնական՝ աշխատում է Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղի միջնակարգ դպրոցում։

Արմինեն պատմում է.

-Շոշի միջնակարգ դպրոցում էի աշխատում։ Աշխարհագրություն էի դասավանդում, միաժամանակ դպրոցի կազմակերպիչն էի։

2020-ի պատերազմից հետո մեր գյուղը հայտնվել էր ադրբեջանցիների թիրախում, քանի որ նրանց դիրքերը գտնվում էին մեզանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Թեպետ իրավիճակը հանգիստ էր, սակայն գյուղում անվտանգ չէր։ Մշտապես զգոն էինք, որովհետև գիտեինք թշնամու ձեռագրի մասին։ Նրանից կարելի է սպասել ամենասարսափելին։ Այնուհանդերձ ապրում էինք և չէինք դադարում մեզ երջանիկ զգալ։

Արցախի շրջափակումից հետո ծանր օրեր ենք ունեցել, սակայն կարողացել ենք դիմանալ, պայքարել։ Կարծում էինք՝ շուտով կբացվի կյանքի ճանապարհը, և արցախցիներիս կյանքը կընկնի հունի մեջ։ Սակայն փորձությունները շարունակում էին հետապնդել մեզ։ 2023-ի սեպտեմբերի 19-ը հերթական ողբերգական օրը դարձավ մեզ համար։ Սարսափով եմ հիշում այդ օրը, խուճապի մեջ հայտնված համագյուղացիներիս, որոնք իրենց առօրյա կյանքով էին ապրում ու հանկարծ․․․ Ադրբեջանցիներն արդեն մտել էին գյուղ, կրակում էին խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Մենք մի քանի ուսուցիչների հետ մոտ 6 ժամ մնացինք ռուսական պահակակետի խրամատներում, բնակչության մեծ մասը դպրոցի նկուղում էր։ Մի կերպ տարհանվեցինք գյուղից և սեպտեմբերի 24-ին տեղափոխվեցինք Հայաստան, քանի որ արդեն սկսվել էր Արցախի հայաթափումը։ Ծնողներիս, տատիկիս և քրոջս ընտանիքի հետ նախ հաստատվեցինք Երևանում, ապա ծնողներիս հետ տեղափոխվեցինք Արտաշատ։

Արցախից հեռու Արմինե Հարությունյանը շարունակում է ապրել Արցախի կյանքով ու երազել վերադարձի մասին։ Միաժամանակ դպրոցում պատվով է կատարում իրեն վերապահված աշխատանքը, հետն էլ Արցախի խորհդանիշներով գործվածքներ անում։ Ավելի քան 17 տարի նա Ասկերանի ՄՊՍԿի Շոշի մասնաճյուղում ձեռքի աշխատանքներ էր սովորեցնում երեխաներին։

— Տեղահանվելուց հետո աշխատանքի եմ անցել Դեղձուտ գյուղի դպրոցում։ Հրաշալի մարդկանցով եմ շրջապատված։ Տնօրենը՝ Արմինե Կարապետյանը և ողջ կոլեկտիվը գրկաբաց են ընդունել ինձ և ցանկացած հարցում ցանկանում են աջակցել։ Թեկուզ գտնվում էի ծանր վիճակում, սակայն կարողանում էի ուժ հավաքել ու մերվել նոր միջավայրին։ Առաջադրանք ստացա Հայոց բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառման ծրագիր ներկայացնել։ Ներկայացրի, և այն հավանության արժանացավ։ Միջոցառումն անցավ հավուր պատշաճի։ Հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար ցանկացա երկրորդ աշխատանք ևս գտնել։ Սկսեցի շյուղագործությամբ Արցախի խորհրդանիշներով հագուստ գործել։ Նախ ինձ համար գործեցի, հագա և տեղադրեցի սոցիալական իմ էջում։ Անմիջապես արձագանք ստացա։ Ինձ դիմեց արցախցի մի երիտասարդ մայրիկ, ով ցանկանում էր իր զույգ երեխաների համար Արցախի դրոշով բաճկոնակ պատվիրել և երեխաների մեկ տարեկանը հենց այդ հագուստով նշել։ Այնուհետև պատվիրեց Արցախի դրոշներ, և ես մեծ պատասխանատվությամբ գործեցի դրանք։ Գործելու ընթացքում կտրվում եմ առօրյա հոգսերից, ծանր մտքերից և մտքով թռչում Արցախ․․․

Երբ բաճկոնակս հագիս գնացի դպրոց, մեր տնօրենը հիացավ իմ աշխատանքով և առաջարկեց Հայաստանի խորհրդանիշներով ևս գործել։ Մեծ հաճույքով գործեցի՝ ավելացնելով նաև Հայաստանի զինանշանը։ Աշխատանքս շատ դուր եկավ նրան։ Հետզհետե ավելացան պատվիրատուներս։

Ես չեմ ուզում մտածել, որ Արցախի հարցը փակված է։ Ոչինչ չի կարող փոխարինել Արցախին ու իմ հարազատ Շոշին։

Շատ եմ կարոտում իմ գյուղը, իմ հարազատ դպրոցն ու գործընկերներիս։ Ցավ եմ ապրում, որ իրարից հեռու ենք, սփռված տարբեր տեղերով մեկ։ Երազում եմ՝ նորից միասին լինել։ Թե՛ գյուղում, թե՛ Ստեփանակերտում մեր տները գտնվում էին եկեղեցու դիմաց։ Երևի Աստծո կամոք՝ Արտաշատում ևս ապրում ենք եկեղեցու դիմաց։ Ամեն առավոտ աղոթում եմ առ Աստված, որ վերադառնանք Արցախ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1