Արցախից է սկսվելու հայ ժողովրդի վերջնական ազատագրումը․ Միքայել Հաջիյան
Գլխավոր » Լրահոս » Արցախից է սկսվելու հայ ժողովրդի վերջնական ազատագրումը․ Միքայել Հաջիյան

Արցախից է սկսվելու հայ ժողովրդի վերջնական ազատագրումը․ Միքայել Հաջիյան

Պատերազմ էր, դատարկվեցին տները․ գնացին տղաները մայրական ու հայրական աղոթքներով լեցուն։ Մի պահ նայեցին ցավից տնքացող մայր հողին և հիշեցին, որ այդ նույն հողով խաղալով են մեծացել ու զգացին, որ անպարտ են, հզոր։ Այս գիտակցումով են անվանի լրագրող ու հրապարակախոս Միքայել Հաջյանի 2 որդիները՝ Նորայրն ու Երվանդը, մեկնել առաջնագիծ թե՛ 2016թ․-ի և թե՛ 2020թ․-ի արցախյան  պատերազմներին։ Ցավոք, 2016թ․-ին Նորայրը հետ չեկավ, իսկ 2020-ին էլ՝ Երվանդը, սակայն բոլոր ապրողների հետ գեղեցիկ ապրելու իրավունքով են ապրում նրանք՝ զոհված քաջերը։

«Նորայրս աջ թևս էր, հատվեց, Երվանդս ձախ թևս էր, հատվեց, և արդ առանց թևերի եմ մնացել»,-ասել է հերոս որդիների հայրը։ Առանց թևերի, բայց հզոր ոգով, Արցախն ապրեցնելու և տղաների գործը կիսատ չթողնելու կոչով է հանդես եկել Միքայել Հաջյանը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը։

«Սիրելի՛ Արցախցիներ, հարազատնե՛րս,

Այսօր իրոք, ինչպես քիչ առաջ պարոն Ասրյանն ասաց, սգո օր չէ մեզ համար։ Այսօր մեր զավակների համար հպարտության զգացման և մեր գաղափարների, մեր կենսակերպի վերաարժևորման օր է։ Մեր պատկերացումներում, մեր աչքերի առաջ մշտապես հառնած են մեր զավակները։

Արցախյան պատերազմներում կորուսյալ, թե պատերազմի ողջ վերադարձած  բոլոր տղաները, ովքեր, թողնելով կենցաղ, սեր, ընտանիք, ե ծնե են ելել ի պաշտպանություն հող հայրենիի, և ովքեր հերոսաբար մարտնչելով կա՛մ  նահատակվել են դիրքերում՝  թիզ անգամ չնահանջելով, կա՛մ վերադարձել են ողջ-առողջ տուն՝ իրենց ընտանիքները։

Մեր բազմադարյա պատմությունը՝ հայ ժողովրդի և մասնավորապես իմաստավորի՝ արցախի ժողովրդի, լի է հերոսականության և ողբերգականության բազում էջերով։ Ես ուզում եմ այսպիսի մի եզրահանգման գալ, այն է․ յուրաքանչյուր ավագ սերունդ բեռ է թողել  իր ժառանգների ուսերին։ Իմ սերունդը և այդպես վարվեց, ցավոք։ Իմ սերունդը չկարողացավ այդ բեռը թոթափել  իր և ժողովրդի ուսերից ու այն փոխանցեց ժառանգներին՝ զավակներին, ապա և թոռներին, հնարավոր է և ծոռներին։

Ցավում եմ և ներողություն եմ խնդրում մեր բոլոր տղաներից և մեր ժառանգներից, մեր գալիք ժառանգներից նաև։

Մենք չպետք է մոռանանք նաև, որ մեր ուժը մեր համախմբման, մեր միասնականության մեջ է։ Մենք չպետք է մոռանանք, որ աշխարհում բարեկամ երկրներ և ժողովուրդներ չունենք։ Անգամ եթե կան բարեկամության դրսևորումներ, ապա դրանք բխում են նրանց շահերից։ Մենք չպետք է մոռանանք, որ միակողմանի սեր չի լինում, առավելապես ժողովուրդների և պետությունների միջև։ Մենք պետք է մշտապես մտածենք, որ մեր սերը մենք ենք․ մենք պետք է իրար սիրենք, մենք պետք է իրար գնահատենք, մենք պետք է ուս ուսի տանք, որ երկիր պահենք․ այն սուրբ հողը, այն սուրբ ջուրը, որ աստծո շնորհածն է մեզ, որտեղ մեր նախնիներն են ապրել, որտեղ մենք ենք ապրում, որտեղ և մեր ժառանգները պետք է ապրեն։

Արցախը միշտ էլ հայ ժողովրդի զարթոնքի և վերազարթոնքի ելակետներից մեկն էր, եթե ոչ գլխավոր ելակետը։ Ես հավատացած եմ, որ անգամ այս դժվարին պայմաններում Արցախը դարձյալ իր առաքելության մեջ է գտնվելու։

Արցախից է սկսվելու հայ ժողովրդի վերջնական ազատագրումը»,-ասել է Մ․ Հաջիյանը։

1