Արցախից բռնի տեղահանված անձանց համար կմեկնարկի ինքնազբաղվածության խթանման ծրագիր
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Արցախից բռնի տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը։
Դիմումները կընդունվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ծրագրի համար նախատեսված սահմանաչափի սպառման դեպքում հնարավոր դադարեցմամբ։
Ծրագրի շահառու կարող են դառնալ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող, հավաստագիր ստացած և իրացրած, չզբաղված և վերջին երեք ամիսների ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձինք։ Ծրագրին հնարավոր է մասնակցել մեկ անգամ, ընդ որում՝ յուրաքանչյուր ընտանիքից միայն մեկ անդամ։
Ինքնազբաղվածության ապահովման նպատակով նախատեսվում է բիզնես ուսուցում և մինչև 12 ամիս տևող ուղեկցում, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրում գործարար ծրագրերի իրականացման համար։ Դրամաշնորհը կտրամադրվի գործարար ծրագրով նախատեսված գումարի 70 տոկոսի չափով՝ առավելագույնը 2 միլիոն դրամ։
Ծրագրի շրջանակում շահառուներին կտրամադրվի խորհրդատվություն բիզնեսի կառավարման, հարկային պարտավորությունների, մարքեթինգի և թվային գործիքների կիրառման ուղղություններով։ Ծրագրի նպատակն է նպաստել Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և կայուն եկամտի աղբյուրների ձևավորմանը։
