Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան

Այցի հիմնական նպատակն էր Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված վերջին զարգացումները քննարկելը, առկա մարտահրավերները հաղթահարելը: Այս մասին սեպտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: Արցախի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, խորհրդարանում ներկայացված երեք խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:
«Վերջերս ՀՀ ԱԺ-ում վարչապետի հնչեցրած որոշ մտքերի առնչությամբ քննարկումներ են կայացել: Իշխանական թևի ներկայացուցիչները մեզ վստահեցրել են, որ չի լինելու որևէ փաստաթուղթ, որը կարող է վնասել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հետագա գոյությանը կամ ընդհանուր հայկական պետականությանը: Արձանագրվել է, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան: Որոշումները կայացնելու է Արցախի ժողովուրդը՝ Արցախի իշխանությունների հետ, և ՀՀ-ն այս առումով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի ցանկացած որոշման»,- իր խոսքում նշել է Ա. Հարությունյանը:
Խոսելով այդ հավաստիացումներին հավատալու մասին հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ իր տպավորությամբ նրանց վստահեցումները տրամաբանական էին, և մնում է հետագա գործողություններով համոզվել դրանում:
Խմբակցության ղեկավարը կոչ է անում հանրությանը, ՀՀ մեր քույրերին և եղբայրներին համախմբվել, որպեսզի մի բռունցք դառնալով՝ դիմագրավենք այս լրջագույն մարտահրավերներին: