Արցախի ժողովուրդը խորապես գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի ապագայի նկատմամբ
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Ապառաժ»-ի խնդրանքով մեկնաբանել է մարտի 31-ին կայացած ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունները.
«Մենք գիտենք, թե ինչպիսի բարդ ժամանակաշրջանում տեղի ունեցան երեկ կայացած ընտրությունները: Ոչ միայն կորոնավիրուսի հետ կապված առողջապահական հարցերը, այլ նաև ներքին լարված նախընտրական մթնոլորտը դժվարություններ էին առաջացրել բնականոն կարգով ընտրությունները կազմակերպելու համար:
Սակայն ընտրողների աննախադեպ մասնակցությունը ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը խորապես գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի ապագայի նկատմամբ: Անցած 30 տարիների ընթացքում մենք պարբերաբար հղկել ենք մեր ընտրական համակարգը՝ միշտ հիմք ունենալով ժողովրդավարական սկզբունքների արմատավորումը և հանրային վստահության ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Այնուհանդերձ, մարտի 31-ի տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ի հայտ եկան մի շարք բացթողումներ, որոնց մասին մենք ահազանգեցինք ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և պատկան մարմիններին: Այդ կարգի երևույթները չեն կարող լուրջ ստվեր թողնել կայացած ընտրությունների վրա, սակայն համոզված ենք, որ ավելի մեծ հանրային վստահություն ունենալու համար պատկան մարմինները լուրջ հետևություն կանեն և երկրորդ փուլում կայանալիք նախագահական ընտրություններին կբացառեն նման երևույթները:
Ընտրությունների ընթացքը և ստեղծած քաղաքական իրավիճակը մեկ անգամ ևս հաստատեցին Դաշնակցության հնչեցրած այն քաղաքական պահանջը, որը վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին: Համոզված ենք, որ առաջիկայում քաղաքական ուժերի հետ համապատասխան խորհրդակցությունների արդյունքում Սահմանադրական բարեփոխումների համար միջոցներ կձեռնարկվեն և դրան զուգահեռ նաև կկատարելագործվի ամիսներ առաջ ընդունված Ընտրական օրենսգիրքը:»