Արցախի ժողովրդի՝ իր սեփական հողում ապրելու իրավունքն անժխտելի է, որը ո՛չ Ալիեւը եւ ո՛չ ուրիշ մեկը իրավունք ունի հերքելու կամ անտեսելու
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. նոյեմբերի 17-ին հրապարակել էր որոշում, որով Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախում սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաեւ նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։ Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։
Սակայն, պետք է արձանագրենք, որ շատ հաճախ միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումները մնում են թղթի վրա եւ չեն գործադրվում, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը Միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ ՄԱԿ-ի կողմից ի՞նչ ընկալում ունի այսօր, եւ արդյո՞ք այն հնարավոր կլինի իրագործել։
Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի անդամ, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքի պաշտպանության հանձնախմբի անդամ Մարիո Նալբանդյանը, ով այս օրերին գտնվում է ՀՀ-ում՝ հանձնախմբի նիստին մասնկացելու նպատակով։
«Այս մեկ տարվա ընթացքում, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում նկատելի էր, որ ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին եւ պատրաստակամություն են ցույց տալիս իրենց սահմաններում օգտակար լինել ե՛ւ Արցախից բռնի տեղահանվածներ արցախցիների սոցիալական վիճակի բարելավման ե՛ւ նրանց վերադարձի իրավունքի մասով, քանի որ միջազգային օրենքով այն հիմնավորված իրավունք է, որի հիման վրա արցախցիները կարող են վերադառնալ եւ իրացնել իրենց իրավունքը, եթե պայմանները ստեղծվեն, այստեղ էլ կա դրական ըմբռնում եւ մոտեցում»,- նշել է Մարիո Նալբանդյանը։
Ըստ Մարիո Նալբանդյանի՝ հարմար պահ է, որպեսզի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը հետապնդվի, դրա համար անհրաժեշտ է գտնում համընդհանուր քաղաքականության մշակումը եւ միասնական աշխատանքի ձեւավորվումը՝ հստակ պահանջներով, օրվա իրականությունից ելնելով։
«Արցախի ժողովրդի՝ իր սեփական, պապենական հողում ապրելու իրավունքն անժխտելի իրավունք է, որը ո՛չ Ալիեւը եւ ո՛չ ուրիշ մեկը իրավունք ունի հերքելու կամ անտեսելու։ ԱՀ ԱԺ-ի կողմից ձեւավորված «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքի պաշտպանության հանձնախումբն այսօր մեծ մարտահրավերի առջեւ է կանգնած՝ Արցախի ժողովրդի իրավունքը միջազգայնորեն իրացնելու համար եւ պատրաստ է լրջորեն հետապնդելու այդ իրավունքը թղթից վերածելու գործնականի»,- իր խոսքի ավարտին նշել է Մարիո Նալբանդյանը։