Արցախի զարգացման ծրագրերը՝ դաշնակցական երիտասարդների թիրախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախի զարգացման ծրագրերը՝ դաշնակցական երիտասարդների թիրախում

Արցախի զարգացման ծրագրերը՝ դաշնակցական երիտասարդների թիրախում

Մարտի 11-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է մամուլի ասուլիս Արցախում ՀՅԴ երիտասարդական միությունների առաջիկա ծրագրերի մասին:

Ասուլիսի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական Վարչության անդամ Անի Հովհաննսիյանը և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամ Քրիստ Բրուտյանը խոսել են Արցախում իրականացվող ու նախատեսվող մի շարք ծրագրերի մասին, պատասխանել լրագորղների հարցերին:

Արշակ Մեսրոպյանն իր խոսքում ներկայացրել է պատերազմի օրերին ՀՅԴ երիտասարդական, ուսանողականա միությունների իրականացրած քարոզչական, իրազեկման, կամավորական աշխատանքների մասին: Պատերազմից հետո ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը, ուսումնասիրելով Արցախում տիրող իրավիճակը, մի շարք առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ է առանձնացրել, որոնց լուծմանն են ուղղված իրականացվող աշխատանքները:

«Շփվելով երիտասարդների, արցախահայության հետ նկատել ենք, որ հիմնական խնդիրն անվտանգության հետ կապված մտահոգություններն են: Երկրորդ ամենասուր խնդիրը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն է: Առկա անորոշությունը, մտահոգությունները որոշ չափով մեղմացնելու համար մի շարք նախաձեռնություններ ենք իրականացնելու: Հայրենիք պահելը հեշտ գործ չէ, հայրենիքը պահում են այնտեղ ապրելով, արարելով: Ինչքան էլ դժվար լինի, միասնաբար կհաղթահարենք»,- ասել է Արշակ Մեսրոպյանը՝ ավելացնելով, որ համահայկական ներուժը պետք է կենտրոնացնել Արցախում պատերազմի հետևանքների վերացման և զարգացման աշխատանքներին:

Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատուն որոշ մասնամասներ է ներկայացրել նաև Արցախի երիտասարդների կարողականությունների և հմտությունների զարգացման թրեյնինգների մասին, որի բացումը հենց մարտի 11-ին է լինելու: Դասընթացների նպատակը սոցիալ-տնտեսական աջակցություն ցուցաբերելն է: «Ընտրված ոլորտները հեռանկարային են և արդիական՝ աշխատանքի տեղավորման հետ կապված: Գիտելիքների, հմտությունների փոխանցումից հետո գաղափարները վերածվելու են միկրո բիզնես-ծրագրերի: Մենք որպես կառույց ապահովելու ենք հարթակը, որտեղ ներդրողները ծանոթանալու են դասընթացներից ստացած գիտելիքների հիման վրա երիտասարդների կազմած ծրագրերի հետ: Հավանության արժանանալու դեպքում այդ ծրագրերը ֆինանսավորելու են»,- տեղեկացրել է Ա. Մեսրոպյանը:

Անի Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին շրջանում ՀՅԴ ԱԵՄ-ի իրականացրած ծրագրերի մասին՝ շեշտելով, որ ուժերի ներածին չափով պատրաստ են նպաստել Արցախի վերակագնմանը:

Քրիստ Բրուտյանը Արցախ է ժամանել մարդասիրական աշխատանքներ կատարող խմբի հետ: Երիտասարդների մի մասն աշխատելու է Քերոլան Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, իսկ մյուս մասն Արցախի երիտասարդների, պատանիների շրջանում ժամանցային, դաստիարակչական ծրագրեր է իրագործելու:

«Լիբանանում տնտեսական, քաղաքական, սոցիալական առումով անորոշ վիճակ է, բայց դա արգելք չի հանդիսանում Արցախում ծրագրերի իրագործմանը: Մենք պետք է օգնենք Արցախի ժողովրդին նորից ոտքի կանգնել, դաշնակցական երիտասարդները պատրաստ են մաս կազմելու այդ ծրագրերին»,- ասել է Քրիստ Բրուտյանը:

1