Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2020թ. պետական բյուջեի նախագիծը
Գլխավոր » Լրահոս » Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2020թ. պետական բյուջեի նախագիծը

Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2020թ. պետական բյուջեի նախագիծը

Նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացվել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի պատկերը, ինչպես նաև ընթացիկ տարում ձևավորված տնտեսական միջավայրը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

Նա նշել է, որ 2020թ. բյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսական աճի խթանմանը և տնտեսությունում աճի ներուժի աստիճական բարձրացմանը:

Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 375,6մլրդ դրամ՝ ապահովելով 8% իրական աճ, գնաճը՝ շուրջ 3%:

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 120մլրդ 906,5մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 775,6մլն դրամ: Պրոֆիցիտը նախատեսվում է 130,9մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը»,-հայտնել է ֆինանսների նախարարը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ կավելանա սոցիալական ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմամբ: Հիմնական բազային կենսաթոշակի չափը կհաշվարկվի 18000 դրամ, 2019-ի 16000դրամի փոխարեն: Նախատեսվում է բարձրացնել նաև նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը՝ 68000դրամ, 2019թ.-ի 55000 դրամի փոխարեն:

2020թ-ի բյուջեով հունվարի 1-ից 10% -ով կբարձրանան նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը:

ԱՀ նախարարի ելույթից հետո պատգամավորները զեկուցողին հղել են մի շարք հարցեր:

Նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և գործադիր իշխանության պատասխանատուներ:

1