Արցախի խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների հետ
Գլխավոր » Լրահոս » Արցախի խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների հետ

Արցախի խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորների հետ

Սեպտեմբերի 16-ին ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների հետ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հետ հանդիպմանը Արցախի պատգամավորները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական եւ բարոյահոգեբանական մթնոլորտը, կարեւորել Հայաստան-Արցախ անվտանգային սպառնալիքներին միասնական ներուժով դիմագրավելու առաջնահերթությունը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսելով ադրբեջանական փաստացի ագրեսիայի, հայոց պետականությանն ուղղված լրջագույն մարտահրավերների, քաղաքական մեծամասնության կողմից երկրի առջեւ ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերները հաղթահարելու անկարողության մասին, շեշտել է, որ ներկայիս իրավիճակը հնարավոր է հաղթահարել եւ լուծումներ գտնել՝ հրատապորեն ձեւավորելով ազգային համաձայնության իշխանություն, որդեգրելով եւ հետեւողականորեն իրականացնելով անվտանգային համապարփակ նոր ռազմավարություն:

Հանդիպման բոլոր մասնակիցները միակարծիք են եղել ադրբեջանական շարունակվող ագրեսիան հաղթահարելու հարցում միասնականություն եւ համակարգված քաղաքականություն առաջ տանելու հարցում՝ անկյունաքարային համարելով Արցախ-Հայաստան անվտանգային միասնական համակարգի իրողությունը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ հանդիպման առանցքում օրակարգային՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն է,

 որը շարունակում է լարված մնալ:

Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունում քաղաքական դիրքորոշումների ներդաշնակեցման, համատեղ, թիրախային գործելու հետ կապված հարցեր:

Պայմանավորվել են շարունակել համատեղ քաղաքական խորհրդակցությունների շարքը 

և ընդհանուր ռեսուրսները համախմբել հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության:

ՔՊ խմբակցության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները։

Երկուստեք կարևորվել է արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը։



1