Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Երից մանկանց վանք
Գլխավոր » Լրահոս » Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Երից մանկանց վանք

Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Երից մանկանց վանք

Մարտակերտի շրջանի ճարտարապետական զարդերից մեկն էլ Երից Մանկանց վանքն է։ Հուշարձանախումբն ամբողջովին ձուլված է անկրկնելի բնությանը, ներկայանալով որպես մի անքակտելի մաս: Այդ համաձուլվածքը մի առանձնակի վեհություն է տալիս ու շոյում այցելուների աչքը:

Վանքը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղից 10 կմ հարավ-արևմուտք, Մռավ լեռնաշղթայի հարավային անտառածածկ լանջին: Հիմնադրվել է 17-րդ դարի վերջին քառորդում` որպես Գանձասարին հակաթոռ կաթողիկոսության կենտրոն: Երից Մանկանց վանքը 1691-ին կառուցել է Սիմեոն Ա.Խոտորաշենցի հակաթոռ կաթողիկոսը (1675-1704թթ): Ճարտարապետն է Սարգիսը, որի մասին արձանագրությունը գտնվում է ներսում, բեմի հյուսիսակողմ պատին՝ ‹‹Շինաւղ և վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս››: Ճարտարապետը ձգտել է քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցին արտաքուստ նմանեցնել Գանձասարի վանքի Ս.Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն:

Երից Մանկանց վանքը ըստ ավանդության նվիրված է Դանիել մարգարեին և նրա ընկերներին: Ըստ Աստվածաշնչի, «Երեք մանուկները» Դանիել մարգարեի երեք ընկերներն են՝ Անանիան, Ազարիան և Միսայելը: Նրանք հրաժարվել են երկրպագել Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքայի կանգնեցրած ոսկե կուռքին, այդ պատճառով էլ արքան հրամայել է նրանց նետել կրակը, սակայն Միքայել հրեշտակապետը հայտնվել և փրկել է հիշյալ բարեպաշտներին: Այդ մասին է վկայում հետևյալ արձանագրությունը. «Մեր աշխատանքը ավարտի հասցրինք՝ աստվածասերների ու ողորմածների միջոցով ու օգնությամբ. սուրբ Դանիել մարգարեի և երեք սուրբ Մանուկների պատվական նշխարքները, որոնք դրված են այստեղ, մեծամեծ հրաշագործություններ են կատարում: Այստեղ այն կառուցվեց մեր փրկության, մեր բազում մեղքերի թողության, մեր հոգևոր ու մարմնավոր ծնողների, ինչպես նաև բոլոր աշխատողների համար. մեզ և վանքի միաբաններին հիշեցե՛ք ձեր սուրբ աղոթքների մեջ»: Ղ. Ալիշանի «Արցախ» աշխատությունում Երից Մանկանցը նշվում է նաև Դանիելի վանք անունով, որը աշխարհացույց քարտեզում գրված է՝ «Քիբերդի Վելի վանք»:

Վանական համալիրը բաղկացած է մեկ եկեղեցուց, սեղանատնից, միաբանների սենյակներից, պաշտպանական կառույցներից ու գերեզմանոցից: Կենտրոնական դիրք է գրավում եռանավ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով եկեղեցին, որը կառուցված է սրբատաշ և կոպտատաշ դեղնասպիտակավուն կրաքարով: Տաճարի գմբեթը բարձրանում է չորս հոյակապ, քառակուսի, խաչաձև սյուների և դրանք միմյանց օղակող կամարների վրա: Կամարներն էլ ունեն շեշտված սլաքաձևություն: Եկեղեցին հետաքրքիր է ներքուստ, ընդարձակ դահլիճը, որի վեհությունն ու կատարյալ անդորրությունը ավելի է ընդգծվում դեպի վեր սլացող սյուների շքեղությամբ, աղեղնաձև խաչվող կամարների թեքությամբ, թմբուկի խոշոր լուսամուտներից ներս թափանցող արևի ճառագայթների խորհրդավորությամբ, բեմաճակատի ընդարձակ երկաթագիր վիմագրով, տասնյակ մեծ ու փոքր խաչքարերի, պատուհանների առկայությամբ: Դռան բարավորի քարը ամբողջությամբ քանդակ – հյուսվածք է վիմագրված:

Ավագ խորանի կենտրոնում պահպանվել է վեմ քարը, հյուսիսային պատի մեջ՝ մկրտարանը: Վանքը սալահատակված է, որի արևելյան կեսը պահպանվել է ամբողջությամբ: Եկեղեցու որմերին ագուցված առավել հին թվակիր խաչքարերի առկայությունը վկայում է, տեղում եղած գերեզմանոցի, գուցեև եկեղեցու, կամ մատուռի գոյության մասին:

Կաթողիկոսական ապարանքը տեղադրված է ձորալանջին, և նրա տանիքը վանքի բակի շարունակությունն է կազմում: Բաղկացած է գլանաձև աշտարակից և դրան կից երկու թաղածածակ դահլիճներից: Հյուսիսային կողմում վանքի ուղղանկյուն, թաղածածկ սեղանատունն է` խոհանոցով և նախասրահով: Վանքի շուրջը տարածվում է 17 և 18-րդ դարերի տապանաքարերով գերեզմանոցը:

Համալիրը եղել է պարսպապատ, որից տեղ – տեղ միայն հետքերն են մնացել: Դրանց մի մասը ծածկված է փլվածքներով ու հողի շերտով:

Վանքի տարածքում գտնվող բոլոր շինությունների ներկա վիճակը թույլ է տալիս եզրակացնելու, որ ժամանակին նրանք կրել են տարբեր ինտենսիվության երկրաշարժերի ազդեցությունը:

Երից Մանկանց վանքի հիմնադրումից ի վեր սկսվել է դրա և Գանձասարի կաթողիկոսության հակամարտությունը, որը ստիպել է Ամենայն հայոց կաթողիկոսներին հանդես գալ հաշտարար միջնորդությամբ: 1705թ-ին այստեղ կաթողիկոս է կարգվում Ներսեսը, որի օրոք նոր հակամարտության սկիզբ է դրվում Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի հետ: Սակայն ազատագրական պայքարի մարտիկ Եսային ճիշտ ըմբռնելով ստեղծված իրավիճակի լրջությունը, սկսված ազգային – ազատագրական պայքարը, հաշտվում է Ներսեսի հետ:

Երից Մանկանց վանքը որպես վանք-ամրոց մեծ դեր է խաղացել 18-րդ դարի սկզբին Արցախում ծավալված ազատագրական պայքարում:

1819 թ-ին, հակաթոռ կաթողիկոս Սիմեոն Բ-ի (Սիմեոն Փոքր) մահով, Երից Մանկանց վանքի կաթողիկոսությունը վերացել է:

Մի շարք, տեղում ստեղծված ձեռագրեր փաստում են զարգացած միջնադարում գրչօջախ դարձած եկեղեցու գոյությունը:

1854 թվականին վանքն արդեն չուներ ոչ մի կալվածք, համարյա ամայի էր և խնամվում էր «մուղդուսիների» եկեղեցու աշխարհական սպասավորների կողմից:

1930 թվականին վանքը վնասվել էր երկրաշարժից:

Նախքան  1992 թվականի, ադրբեջանական հրոսակների կողմից վանքի գրավումը, պահպանվում էին վանքի փայտակերտ հին դուռը և վեղարի ծայրին՝ խնձորակի վրա ամրացված խաչը:

Մինչև 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան ու Արցախի էթնիկ զտումը վանքը գտնվում էր վերանորոգման փուլում: Հոգևոր կառույցն այժմ օկուպացված ու վտանգված է։

Ա.Հ.

1