Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Շուշիի ռեալական ուսումնարան
Գլխավոր » Լրահոս » Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Շուշիի ռեալական ուսումնարան

Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Շուշիի ռեալական ուսումնարան

19-րդ դարում և 20-ի սկզբին Շուշիում աննախադեպ զարգացում է ապրել մշակութային կյանքը, որից անմասն չէր նաև կրթությունը:  1835 թվականին Շուշիում գործում էր 3 դպրոց՝ 100 աշակերտով: 1838 թվականին այստեղ հիմնվել է Շուշիի թեմական դպրոցը, որը գործել է մինչև 1920 թվականի ողբերգական դեպքերը: 1864 թվականին Մարիամ Հախումյանի ջանքերով ու ծրագրով  բացվել է օրիորդաց դպրոցը, որը նույնպես պահպանվել է մինչև 1920 թվականը:

Իսկ ահա 1881 թվականին շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը բացվում է մի նոր տիպի դպրոց՝ Շուշիի ռեալական ուսումնարանը, որը մոտ 40֊-ամյա գոյության ընթացքում պակաս դեր չի խաղացել մատաղ սերնդի կրթության գործում, թեեւ Թեմականի նման երկարամյա կյանք չի ունեցել։ Ռեալականը  պետական ուսումնարան էր, որը 1896 թվականի տվյալներով ուներ 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը՝ այլազգիներ։ ։

Շուշիի կրթական ներուժն այդ ժամանակների համար բավականին հզոր էր: Ի տարբերություն ռուսական գիմնազիաների, որտեղ ուսման գործում գլխավոր դեր էին խաղում դասական եւ նոր լեզուները (լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն), ռեալական ուսումնարանը գլխավորապես ուշադրություն էր դարձնում բնագիտական ու ֆիզիկամաթեմատիկական գիտությունների վրա։  Այս դպրոցն ավարտողները իրենց ուսումը մեծ մասամբ շարունակում էին եվրոպական հեղինակավոր կրթական հաստատություններում և Ռուսաստանի տեխնիկական բուհերում ու դառնում ճարտարապետներ, հաղորդակցության ուղիների ինժեներներ եւ նման տեխնիկական գծով աշխատող մասնագետներ։

Շուշիի այդ ուսումնարանում սովորելու ցանկությունը խիստ մեծ էր, մանավանդ ունեւոր դասակարգերի կողմից, որոնք ամեն կերպ աշխատում էին իրենց զավակներին կրթության տալ հենց այդտեղ։

Շուշիի ռեալականն ուներ 2 նախապատրաստական եւ 5 հիմնական դասարան։ Աշակերտները 6֊րդ դասարանն ավարտելուց հետո ստանում էին հասունության վկայական, իսկ 7-րդ դասարանն ավարտելուց հետո՝ ավարտական վկայական։

Դասավանդվում էր  ռուսաց լեզու, մաթեմատիկա, պատմություն, բնագիտություն, աշխարհագրություն, ֆրանսերեն եւ գերմաներեն, գծագրություն եւ գեղագրություն, երաժշտություն, երգեցողություն,  առարկաները:

Հայոց լեզու դասավանդել են միայն 1881-1883 թվականներին, իսկ այնուհետև այն հանվել է ուսումնական պլանից։ Միայն 1906 թվականից հետո հայոց լեզուն նորից մտցվել է ուսումնական պլանի մեջ։

Ռեալականի աշակերտները անմասն չէին մնում ժամանակի կարևոր անցուդարձերից, դարձել էին ինչ որ տեղ շարժիչ ուժ ինչպես 1905թ․ հեղափոխության օրերին, երբ ռեալականի աշակերտությունը կազմակերպել էր բուռն աշակերտական ցույցեր եւ ըստ այդմ առաջատար դեր խաղացել Շուշիի ամբողջ աշակերտության կյանքում։ Նույնիսկ ունեցել  իր ընդհատակյա աշակերտական մամուլը։ Մեծ է եղել նաեւ նրա ակտիվ մասնակցությունը 1917 թ․ հեղափոխությանը։

Ի տարբերություն մյուս կրթօջախների, ռեալական ուսումնարանն ունեցել է համեմատաբար ավելի ընդարձակ բյուջե, համեմատաբար բարեկարգ ֆիզիկայի ու քիմիայի կաբինետներ, ընդարձակ ընդհանուր ու ֆունդամենտալ գրադարան (գլխավորապես ռուսերեն լեզվով):

1901-1908թթ. Շուշիի պատվավոր քաղաքացի, մեծահարուստ Գրիգորի Մարտենի Առաքելյանի միջոցներով կառուցվել է ռեալական ուսումնարանի եռահարկ շենքը, որի ավերակները կանգուն են առայսօր։

Օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Ա.Խաչատրյան

1