Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Գերված բերդը՝ Վնեսա
Վնեսա /Վանեսա/ բերդը Արցախի երբեմնի նշանավոր բերդ-ամրոցներից մեկն է, որը գտնվում է Հադրութի շրջանի Հին Քյուրաթաղ գյուղի վերնամասում, բարձունքի վրա: Երկարությունը 125մ, լայնությունը 40-45մ, բարձրությունը 4-12մ։ Ամրոցի մասին տեղեկությունները շատ սուղ են, հայտնի չէ կառուցման ճշգրիտ ժամանակաշրջանը: Այն բնականից լավ պաշտպանված է 4 կողմից, բերդը շրջապատում են անդնդախոր ձորերը, միայն արևմուտքից մի սեռով միանում է համանուն Վանեսա սարին: Հուշարձանն ունի արևելք-արևմուտք ուղղվածություն: Ամրոցապատերը տեղադրված են լեռան շրջագծով: Այն ունի քարուկիր շրջապարիսպ, երկու բարձր բուրգ ու մեկ դուռ: Ամրոցի հիմնական մասից գրեթե ոչինչ չի մնացել, անտառի մեջ տեղ տեղ երևում են պատերի մնացորդներ, հիմքեր և կիսակլոր աշտարակները: Պարսպի ամենաբարձր մասը, աշտարակների կողմն է, ամրոցի պատերը կառուցվել են հաշվի առնելով տեղի ռելիեֆը և ունեն անկանոն քառանկյան տեսք:
Արևելյան վերնակողմում պահպանվել է 10-12մ բարձրությամբ աշտարակը: Ամենաբարձր կետում՝ երկու աշտարակների արանքում եղել է մուտքը՝ դարպասը: Երբեմնի ատամնաձև պարսպի ներքին տարածությունը համեմատաբար հարթ է և զբաղեցնում է բավականին մեծ մակերես, մոտ 300 մ քառ.: Ամրոցի տարածքում հանդիպում ենք քարուկիր բնակարանների հետքեր, խրամատներ և կրակակետեր, իսկ վերնամասում, որպես միջնաբերդ, փոքրիկ դղյակ էր կառուցված, այնտեղ առկա է ժայռի մեջ փորված ջրամբար, որտեղ ջուրը կավե խողովակներով ամենայն հավանականությամբ հասցվել է բերդի հարավային մասում գտնվող աղբյուրներից: Դատելով ի հայտ բերված խեցեղենի և այլ իրերի մնացորդներից, կարող ենք ասել, որ այն եղել է ամրոց-բնակավայր:
Ամրոցի դիրքը շատ հարմար և գերիշխող է, այստեղից բացվում է շրջակա լեռների ու կիրճերի գեղեցիկ համայնապատկեր: Լավ մտածված և հմտորեն մշակված պաշտպանական համակարգը թույլ էր տալիս պաշտպաններին դիմագրավել ու դիմակայել մի քանի անգամ գերազանցող թշնամական ուժերին: Իր հարմար դիրքի և դժվարամատչելիության շնորհիվ, բերդը համարվել է Դիզակի մելիքության ազատագրական պայքարի կարևոր հենարաններից մեկը: Միաժամանակ ծառայել է, որպես կապող օղակ Քթիշ–Բերդահոնջ-Ցոր նախազգուշական ու պաշտպանական համակարգում, ազդանշանային կապ է եղել մյուս բերդերի համար: Տեղակայված լինելով նախալեռնային ելակետերում, ամրոցի կայազորը մշտական հսկողության տակ էր պահում Արաքսից հյուսիս ընկած հսկայական դաշտն ու այնտեղ կատարվող անց ու դարձը։ Վտանգի պահին հատուկ ազդանշաններով ահազանգում էին, որով բնակչությունը կանչվում էր ամրոց, որը պաշտպանվելու, որը պաշտպանելու նպատակով:
Բերդ–ամրոցների այս առասպելական ու անպարտելի երկիրը դարձավ խարդավանքների ու դավադրությունների զոհ։ Բերդերի ազդանշաններին արձագանքող չկա, գոնե առայժմ։
Ա.Հ.