Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Մայրաբերդ
Գլխավոր » Լրահոս » Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Մայրաբերդ

Արցախի վտանգված մշակութային եւ հոգեւոր ժառանգություն. Մայրաբերդ

Ասկերանի բերդը, որը հայտնի է նաև Մայրաբերդ անունով հարուստ պատմական ու հերոսական անցյալ ունի։ Աղբյուրների պատմահամեմատական վերլուծություններն ու տեղում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ ներկայիս ամրոցը հիմնականում կառուցվել է 18-րդ  դարի II-րդ կեսին, խանական ժամանակաշրջանում: Դա մի բարդ ու հակասական, բուռն իրադարձություններով լի ժամանակաշրջան էր, որտեղ կայսերապաշտ, ծավալման պայքար էին սկսել իրար միջև պարսկական, թուրքական եւ ռուսական դիվանագիտական մեքենաները` երկրամասին տիրելու համար: Այդ ժամանակներից սկսած, Ղարաբաղ են թափանցում թուրք քոչվորների առաջին ստվար խմբերը:

Մինչև 18-րդ դարի կեսերը տարածքը (Ասկերանը) մտնում էր Վարանդայի հայկական մելիքության մեջ, Կարկառ գետի ստորին հովտում, աշխարհագրական առումով ներկայանալով որպես մի դարպաս, որտեղից այդ ժամանակներում Ղարաբաղ էին թափանցում թուրքերը։ Դա նրանց համար Շուշիին տիրելու կարճ ու մատչելի ճանապարհն էր: Նրանց զավթողական ծրագիրը ձախողելու եւ Ղարաբաղի սիրտը պաշտպանելու համար, այդ դարպասը 18-րդ դարում վեր էր ածվել մի անսովոր ու հանդուգն հատակագծային կազմությամբ, եզակի երևույթ ունեցող անմատչելի ու ամուր ամրոց հենակետի:

Ամրոցի կառուցումն իրականացրել են Վարանդայի ու Խաչենի մելիքությունների և ամրոցին մերձակա գյուղերի հայ բնակիչները: Կառույցի ճարտարապետությունը, շինարարական արվեստը մեծ ընդհանրություններ ունեն 17-րդ դարում կառուցված Բովուրխանի, Ավետարանոցի /18-րդ դար/, ինչպես նաև Շուշիի ամրոցի հետ: Թուրքերի մասնակցությունը շինարարությունում բացառվում է ոչ միայն այն պատճառով, որ քոչվորն անկարող էր նման ճարտարագիտական սխրանքի, այլև այն, որ տվյալ ժամանակաշրջանում մոտակայքում թուրքական բնակավայր ընդհանրապես գոյություն չի ունեցել: Առանձին փաստեր վկայում են, որ ամրոցը ըստ էության վերակառուցվել է հնի տեղում,  հարմարացվելով  նոր պահանջներին:
Ամրոցի դերը կարևորվել է հատկապես 19-րդ դարի սկզբներին, Ղարաբաղի՝ Ռուսաստանի միացման ժամանակաշրջանում: 1810 թվականի ապրիլի վերջերին հենց այստեղ կայացան ռուս–պարսկական բանակցությունները:

1905-06 թթ. այստեղ տեղի են ունեցել հայ-թաթարական ընդհարումներ: Միայն 1905 թվականի օգոստոսի 18-22-ը թուրքերն այստեղ տվել են ավելի քան 300 զոհ, որից հետո  Ասկերանը ստացել է Գանլի՝ արյունոտ անունը:  Ասկերանն իր պատմական առաքելությունը շարունակել է նաև 1918-20 թվականներին՝ հերոսաբար դիմագրավելով օսմանյան և ազերի թուրք հրոսակներին, որոնց նպատակն էր զավթել Շուշին և իրենց իշխանությունը հաստատել Լեռնային Ղարաբաղի վրա: 1918թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արշավիր Պետրոսյանի, Միքայել (Ղազար) Բադալքյոխյանի գլխավորած հայկական ջոկատները հաջողությամբ կարողանում են հետ շպրտել թուրքերին Ասկերանից եւ ձախողել նրանց Շուշի հասնելու եւ Ղարաբաղին տիրելու ծրագիրը:

Ասկերանի ամրոցը նշանակալից դեր է խաղացել հայ ազատագրական շարժումների բոլոր փուլերում: Այն իր պատմական առաքելությունը շարունակել է ինչպես անցյալում (պարսկական ներխուժումների ժամանակ), այնպես էլ 20-րդ դարի առաջին եւ վերջին քառորդներում՝ թուրք-թաթարական եւ ազերի հրոսակներին համառ դիմադրություն ցուցաբերելու գործում։

Կառուցված է սովորական անտաշ կրաքարով ու կրաշաղախով: Ամրոցը կազմված է երկու բաժանմունք–համալիրներից, ձախակողմյան՝ հյուսիս- արևմտյան և աջակողմյան՝ հարավ -արևելյան: Հատակագծային ուրույն լուծումով ամրոցի հյուսիսային բաժանմունքը միջնաբերդն է՝ ներփակված 4 նույնատիպ աշտարակներով և ամրոցապատերով: Աջակողմյան գլխավոր- ամրոց համալիրը ձգվում է շուրջ 220 մետր երկարությամբ, բաղկացած է աշտարակներից, դրանք միացնող զույգ պարսպապատերից, պաշտպանական  այլ շինություններից:

Ամրոցի պարիսպներն ունեն 2 մետր հաստություն և 9 մետր բարձրություն:

Նշանավոր բերդն այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Ա.Խաչատրյան

1