Արցախի վինգչունի և թայչիի ֆեդերացիան նոր մարզադահլիճ ունի
Գլխավոր » Լրահոս » Արցախի վինգչունի և թայչիի ֆեդերացիան նոր մարզադահլիճ ունի

Արցախի վինգչունի և թայչիի ֆեդերացիան նոր մարզադահլիճ ունի

Արցախում չինական մարտարվեստներ՝ վինգչունը և թայչին,  սկսել են զարգանալ դեռևս մեկ տասնամյակ առաջ:    Մարզիչ Սայաթ Բաղդասարյանն  իր մարզչական գործունեության ընթացքում՝ սկսած 2003թվականից,  մարզել է շուրջ 1500 մարզիկ: Նրանց թվում են նաև   ՀՀ , Եվրոպայի  չեմպիոններ,  մրցանակակիրներ և աշխարհի մեկ փոխչեմպիոն: Վինգչունի և թայչիի ֆեդերացիան Արցախում հիմնադրվել է 2017թվականին:  Ներկայում այս մարզաձևերով   կոփվում է տարիքային տարբեր խմբերի 30 մարզիկ: Տարիներ շարունակ ֆեդերացիան չուներ համապատասխան պայմաններ ունեցող  մարզադահլիճ: Եղածն էլ  անմխիթար վիճակում էր: Ստեփանակերտում հարմարավետ և  վերանորոգված մարզադահլիճ ունենալը,  ֆեդերացիայի համար   իրաականություն է դարձել ԱՀ նախագահի խորհրդական,  «Ապագա սերունդների հիմնադրամի» հիմնադիր  Գրիգորի  Գաբրիելյանցի աջակցության շնորհիվ: Նախօրեին կայացել է  Արցախի  վինգչունի և թայչիի ֆեդերացիայի վերանորոգված դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Ռազմահայրենասիրության,  երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

Վինգչունի և թայչիի ֆեդերացիայի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը  ներկայացրել է   Սայաթ Բաղդասարյանը: Վերջին տարիներին վինգչունի և թայչիի  արցախցի մարզիկներն  արտերկրում մասնակցել են միջազգային  մի շարք առաջնությունների՝ գրավելով   և պատվավոր ու մրցանակային տեղեր: Մարզչի համոզմամբ, վերանորոգված և հարմարավետ մարզադահլիճը հնարավորություն կընձեռի առաջիկայում  էապես ավելացնել մարզվողների թիվը:

Նա նաև   շնորհակալագիր է հանձնել  Գ. Գաբրիելյանցին: Բացի այդ, ֆեդերացիայի խորհրդի որոշմամբ,  բարերարին  շնորհվել է Արցախի Հանրապետության վինգչունի և թայչիի ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչում:

Ֆեդերացիայի զարգացման գործընթացին նպաստելու և անձնակազմի կողքին լինելու համար  պատվավոր անդամի կոչման է արժանացել նաև Էրիկ Ավանեսյանը:

Ֆեդերացիայի բարեկամ ու արդեն նաև պատվավոր անդամ  Գ. Գաբրիելյանցի ձեռամբ՝  առաջին և երրորդ վկայականներ են ստացել մի խումբ  մարզիկներ:

Մարզադահլլիճի բացմանը  վինգչունի հնարքներ են  ցուցադրել ֆեդերացիայի կրտսեր և ավագ խմբերի մարզիկները:

1