Արցախի թեմի առաջնորդն ընդունել է միջկուսակցական համակարգող մարմնի ներկայացուցիչներին
Այսօր՝ մարտի 2-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունել է Արցախում գործող երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին՝ ՀՅԴ Արցախի կառույցից Դ. Իշխանյանին և Ա. Մոսիյանին, «Արդարություն» կուսակցությունից Հ. Հակոբյանին, Արցախի ժողովրդավարական կուսակցությունից Ա. Ղուլյանին: Կուսակցությունների ներկայացուցիչները սրբազան հորը տեղեկացրել են միջկուսակցական համակարգող մարմի նպատակների և հետագա գործունեության մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ քաղաքական զարգացումները, ներքաղաքական իրավիճակն ու արտաքին մարտահրավերները։
ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ողջունել է համակարգող մարմնի ձևավորումը՝ կարևորելով Արցախի համար այս ծանր իրավիճակում համախմբումն ու միասնական աշխատանքը առկա մարտահրավերները պատվով հաղթահարելու համար։ Սրբազան հայրը պատրաստակամություն է հայտնել ջանք չխնայել համախմբվածությունն ու միասնականությունը պահպանելու գործում: