Արցախի շրջափակումը և բնակչության բռնի տեղահանությունը․ փաստահավաք զեկույց
Գլխավոր » Լրահոս » Արցախի շրջափակումը և բնակչության բռնի տեղահանությունը․ փաստահավաք զեկույց

Արցախի շրջափակումը և բնակչության բռնի տեղահանությունը․ փաստահավաք զեկույց

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը»՝ «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի հետ համագործակցությամբ, պատրաստել է զեկույց, որը փաստագրում է Արցախի շրջափակման և հայ բնակչության բռնի տեղահանման գործընթացները՝ մարդկային պատմությունների միջոցով բացահայտելով մարդու իրավունքների զանգվածային խախտումները և անվտանգության խոր ճգնաժամի դրսևորումները։

«Ապառաժ»-ը պարբերաբար կհրապարակի զեկույցից հատվածներ։

2022 թվականի դեկտեմբերից սկիզբ առած Արցախի շրջափակումը և բնակչության բռնի
տեղահանումը՝ 2023 թվականի սեպտեմբերին, ներկայացնում են հայության դեմ
իրականացված համակարգային ճնշման և էթնիկ զտման նոր փուլ։ Այս զեկույցը փաստագրում
է այդ գործընթացները՝ մարդկային պատմությունների միջոցով, վեր հանում բռնությունների և
մարդկային արժանապատվության դեմ ուղղված հարյուրավոր դեպքեր, անվտանգության
ճգնաժամի դրսևորումներ՝ տալով դրանց իրավական գնահատականը՝ մարդու իրավունքների
և միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում։
Պատմական, քաղաքական և ռազմական համատեքստը
Արցախյան հակամարտության արմատները ձգվում են մինչև Խորհրդային Միության
պատմություն, երբ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) հայ
բնակչությունը պահանջեց միավորում Հայաստանի հետ։ Ադրբեջանի թե՛ նախախորհրդային,
թե՛ խորհրդային շրջանի վարչակազմերը բռնի և ոչ բռնի մեթոդներով իրականացնում էին
հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը նրա բնիկ ժողովրդից՝ հայերից
«մաքրելու» էթնիկ զտման հետևողական քաղաքականություն: ԼՂԻՄ-ը փաստացի վերածվել էր
Խորհրդային Ադրբեջանի գաղութային կցորդի, որտեղ խտրական քաղաքականություն էր
վարվում բնակչության մեծամասնությունը կազմող հայերի հանդեպ՝ տնտեսական,
քաղաքական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում:
1991–1994 թթ. պատերազմի արդյունքում Արցախը փաստացի ձևավորեց ինքնուրույն
պետական կառույց՝ ունենալով սահմանադրություն, կառավարություն և ընտրված
իշխանություններ։ Չնայած այդ իրողությանը՝ միջազգային հանրությունը զգուշավորություն էր
ցուցաբերում Արցախի անկախությունը ճանաչելու հարցում։
2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ հարձակմամբ մեկնարկած 44-օրյա
պատերազմն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունը։ Արցախի մեծ մասն անցավ
Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մնացած հատվածում տեղակայվեցին ռուսաստանյան
խաղաղապահ զորքեր՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Այդ
հայտարարությունը նախատեսում էր Լաչինի միջանցքով ազատ հաղորդակցություն
Հայաստանի և Արցախի միջև՝ ՌԴ խաղաղապահների հսկողությամբ։
Սակայն 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսած՝ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, սկզբում՝
«բնապահպանական» ակցիայի պատրվակով, ապա՝ լիակատար վերահսկողության ներքո
վերցնելով այն։ Դրանով Արցախի շուրջ ստեղծվեց լիակատար շրջափակում. սահմանափակվեց
սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և հումանիտար օգնության մուտքը։ Շրջափակումը
վերածվեց բնակչության նկատմամբ կոլեկտիվ պատժի գործիքի՝ նպատակ ունենալով
պարտադրել Արցախի հայությանը՝ լքել իրենց հայրենիքը։
Շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը շարունակեց ռազմական և հոգեբանական ճնշման
քաղաքականությունը. սադրանքներ, կրակոցներ, սպառնալիքներ, տեղեկատվական
պատերազմի այլ գործողություններ։ Ճգնաժամի գագաթանակետը 2023 թ. սեպտեմբերի 19-ին
մեկնարկած՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր, որի արդյունքում մի քանի օրվա
ընթացքում Արցախը զրկվեց ինքնապաշտպանական կարողությունից, իսկ բնակչությունը՝
հայրենիքում գոյության իրավունքից։
5
Հարձակման անմիջական հետևանքով տեղի ունեցավ բնակչության բռնի տեղահանում՝
ավելի քան 100 հազար արցախցիների հարկադրաբար հեռացում իրենց տներից։ Այս
գործընթացն, ըստ միջազգային իրավունքի, համապատասխանում է էթնիկ զտման և
մարդկության դեմ հանցագործության տարրերին։
Հետազոտության նպատակն ու խնդիրները
Հետազոտության նպատակն էր՝ փաստագրել Արցախի շրջափակման և բնակչության բռնի
տեղահանման գործընթացները և դրանց հետևանք հանդիսացող մարդու իրավունքների
զանգվածային խախտումները։
Հետազոտության խնդիրներն էին.

  1. Հավաքել, համակարգել և մշակել հարուստ փաստական նյութը, որն արտացոլում է
    մարդկանց առօրյա կյանքի պայմաններն ու ապրումները՝ շրջափակման, հարձակման և
    տեղահանության փուլերում։
  2. Բացահայտել մարդու իրավունքների խախտումների օրինաչափությունները՝ դրանց
    հնարավոր համակարգային բնույթը և Ադրբեջանի պետական քաղաքականության
    նպատակադիր թիրախները բացահայտելու համար:
  3. Ձևավորել իրավական գնահատական՝ արձանագրված իրողությունները համադրելով
    միջազգային իրավունքի հիմնարար դրույթների հետ, մասնավորապես՝ հիմնվելով.
     Ժնևի կոնվենցիաների,
     Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի,
     Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի,
     Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նորմերի և այլ միջազգային
    իրավական փաստաթղթերի վրա։
  4. Նպաստել արդարության վերականգնման և տեղահանված արցախցիների իրավունքների
    պաշտպանության հետագա իրավական գործընթացների փաստական հենքի
    ձևավորմանը:

Զեկույցի կառուցվածքը
Զեկույցը բաղկացած է 11 թեմատիկ բաժիններից կամ գլուխներից, որոնք արտացոլում են
շրջափակման, հարձակման և բռնի տեղահանության փուլերը։
Առաջին գլուխները ներկայացնում են շրջափակման ընթացքում բնակչության առօրյա
կյանքի պայմանները՝ սննդի, էներգիայի, ջրի, կապի, բժշկական օգնության և կրթության
հասանելիության խաթարմամբ։ Հաջորդ բաժիններում դիտարկվում են անվտանգային
միջավայրը, հարձակման նախապատրաստական շրջանը և ռազմական գործողությունների
ընթացքը։
Հետագա գլուխները լուսաբանում են քաղաքացիական բնակչության պատսպարման և
տարհանման պայմանները, հարձակման հետևանքով կյանքին, առողջությանը և գույքին
հասցված վնասները, ինչպես նաև՝ անհետ կորելու և գերեվարման դեպքերը։
6
Զեկույցի վերջին բաժինները կենտրոնանում են բնակչության բռնի տեղահանության
գործընթացի, գույքային կորուստների և Հայաստանում տեղահանվածների հետագա կյանքի
վրա։
Եզրափակիչ մասում, ըստ թեմատիկ բաժինների, ներկայացված են եզրահանգումներ:
Զեկույցի բովանդակության և եզրահանգումների հիման վրա տրված են մարդու
իրավունքների զանգվածային խախտումների իրավական գնահատականներ՝ որակումներ,
որոնք խմբավորված են թեմատիկ երեք բաժիններում.

  1. Արցախի բնակչության իրավունքների խախտումները շրջափակման պայմաններում,
  2. Արցախի բնակչության իրավունքների խախտումները 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի
    նախաձեռնած ռազմական գործողությունների արդյունքում,
  3. Արցախի բնակչության իրավունքների խախտումները բռնի տեղահանության
    արդյունքում:
    Զեկույցի կիրառական նշանակությունը
    Զեկույցը կոչված է ծառայելու որպես իրավական գործընթացների փաստաթղթավորված
    հիմք.
     Միջազգային կառույցների (ՄԱԿ, ԵՄ, ԵԽ, Միջազգային քրեական դատարան, այլ),
     Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային
    կազմակերպությունների,
     Գիտական և քաղաքական վերլուծական շրջանակների ու փորձագետների համար։
    Այն կարող է կիրառվել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային դատարաններում՝ որպես
    Արցախի հայ բնակչության նկատմամբ կատարված խախտումների ապացույց։
    Հետազոտությունը կարող է օգտակար լինել տեղահանվածների սոցիալական և իրավական
    պաշտպանության, հոգեբանական վերականգնման և սեփականության իրավունքի
    պաշտպանության հանրային քաղաքականություններ մշակելու համար:
    Վերջապես, այս զեկույցն անհատական և կոլեկտիվ հիշողության պահպանման միջոց է:
    Անհատական մարդկային պատմություններն արձանագրելով՝ այն ընդգծում է, որ դրանք չեն
    կարող դիտարկվել որպես մեկուսացված դեպքեր, այլ՝ ընդհանուր կորստի և տրավմայի
    բաղադրիչներ են։ Հետազոտությունը ոչ միայն իրավական արժեք ունի, այլև սոցիալական ու
    մարդաբանական. այն վավերագրում-փաստագրում է մարդկանց հիշողությունը՝ ի ցույց դնելով
    մեծածավալ հումանիտար աղետի ամբողջ պատկերը։
    Այս փաստահավաք զեկույցը հավաստում է, որ Արցախի հայ բնակչության նկատմամբ
    իրականացված գործողությունները համակարգված բնույթ են կրել՝ նպատակ ունենալով
    վերացնել հայերի գոյությունը տարածաշրջանում։ Ուստի, այն ոչ միայն անցյալի վկայագիր է,
    այլև ապագա պատասխանատվության և արդարության հիմք։
    7
    Հետազոտության մեթոդաբանություն
    Տվյալների ստացման մեթոդը
    Տվյալների հավաքումն իրականացվել է որակական հետազոտության միջոցով,
    մասնավորապես՝ Արցախից բռնի տեղահանված անձանց հետ իրականացված անհատական
    խորին հարցազրույցների միջոցով:
    Հարցազրուցավարները մի քանի տասնյակ հարցեր են ուղղել մարդկանց՝ վերջիններիս
    հնարավորություն ընձեռելով պատմել իրենց անձնական, ընտանեկան և համայնքային
    փորձառությունների մասին: Հարցազրույցի ուղեցույցը կիսաձևայնացված հարցաշարն էր, որի
    թեմատիկ բաժինները հիմնականում համընկնում են այս զեկույցի կառուցվածքին՝ գլուխներին
    կամ թեմատիկ բաժիններին:
    Հարցվողները խոսել են առանց որևէ սահմանափակման, իսկ հարցազրուցավարների
    լրացուցիչ ու ճշգրտող հարցերը հնարավորություն են տվել հարստացնելու տվյալները,
    բացահայտելու նոր փաստեր: Հարցերի ծավալից ելնելով՝ յուրաքանչյուր հարցազրույցի միջին
    տևողությունը գերազանցել է մեկ ժամը:
    Ընտրանքը
    Հարցազրույցներն իրականացվել են Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Լոռու մարզերում
    և Երևանում բնակվող տեղահանված անձանց հետ: Վայրերի ընտրությունը պայմանավորված
    էր այն հանգամանքով, որ այստեղ հնարավոր էր ապահովել տեղահանված անձանց նախկին՝
    Արցախյան բնակավայրերի առավել ներկայացուցչականություն: Այլ կերպ ասած, նշված
    մարզերում և Երևանում բնակվող հարցվողներն ապահովում էին Արցախի տարբեր շրջանների
    ու բնակավայրերի բազմազանությունը, հարուստ ներկայացվածությունը:
    Նախքան հարցազրույցների մեկնարկը, հետազոտական թիմը, մարզային և համայնքային
    իշխանությունների, ինչպես նաև՝ գործընկեր հասարակական ու բարեգործական
    կազմակերպությունների աջակցությամբ ձևավորել է տարբեր բնակավայրերում տեղակայված
    արցախցի ընտանիքների ցանկեր: Ընտանիքները խմբավորվել են ըստ իրենց նախկին
    բնակության վայրի՝ ըստ Արցախի բնակավայրերի: Նշվել է Արցախի յուրաքանչյուր
    բնակավայրից Հայաստանի տվյալ բնակավայրում տեղակայված ընտանիքների թիվը:
    Հարցազրույցներն իրականացվել են մի քանի փուլով:
    Առաջին փուլում կազմված ցանկերից պատահականության սկզբունքով ընտրվել են
    ընտանիքներ, և հարցազրուցավարներն այցելել են այդ ընտանիքներ:
    Ընտանիքի ներսում հարցվող անձի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով.
  4. Անձի իրազեկվածությունը և կոմպետենտությունը՝ պատասխանելու հարցաշարի
    հնարավորինս շատ հարցերի: Հարցազրուցավարները ծանոթացել են ընտանիքի հետ և
    համառոտ զրույցի միջոցով պարզել, թե ընտանիքի անդամներից ով է տիրապետում տվյալների
    հնարավորինս մեծ ծավալի և ում հետ հարցազրույցը կարող է արդյունավետ լինել:
  5. Հարցվողների սեռատարիքային բազմազանության հնարավոր ապահովումը: Նմանատիպ
    հետազոտությունների նախորդ փորձերը վկայում էին, որ առավելապես միջին տարիքի կանայք
    են հետազոտությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնում: Հարցվողների կազմի
    8
    այս բնականոն շեղումը հաշվի առնելով՝ հարցազրուցավարները, որտեղ հնարավոր է եղել,
    հարցազրույց են իրականացրել ոչ թե միջին տարիքի կնոջ, այլ՝ տվյալ ընտանիքի այլ անդամի
    հետ (երիտասարդ աղջիկ կամ տղա, միջին տարիքի տղամարդ, տարեց կին կամ տղամարդ):
    Բնականաբար, հարցվողների ընտրության՝ վերը նկարագրված առաջին սկզբունքը
    (իրազեկվածություն) նույնպես հաշվի է առնվել:
    Թեև հարցազրուցավարները հնարավորինս կիրառել են սեռատարիքային բազմազանության
    սկզբունքը, սակայն նույնիսկ այդ պարագայում էլ հարցվողների շրջանում գերակշռել են միջին
    տարիքի կանայք: Պատճառներից մեկն էլ այն էր, որ շատ տղամարդիկ ներգրավված են եղել կամ
    կանոնավոր զինված ուժերում, կամ տեղական ինքնապաշտպանական խմբերում, և իրենց
    ընտանիքների հետ չեն եղել ադրբեջանական հարձակման, պատսպարման ու տարհանման
    ժամանակ: Հետևաբար, վերջիններս տեղյակ չէին այդ գործընթացների թե՛ մանրամասներից,
    թե՛ անմիջական հուզական-հոգեբանական արձագանքներից:
    Իրականում, հարցվողների անձնային բնութագրիչներն այս հետազոտության շրջանակում
    առաջնային տեղ չեն զբաղեցնում, քանի որ կարևորը տվյալների հնարավորինս հարուստ ու
    բազմազան շրջանակի տիրապետելն էր:
    Որոշ քանակությամբ (մեկ տասնյակը չգերազանցող) հարցազրույցներ իրականացնելուց
    հետո հետազոտական թիմը կազմել է նրանց Արցախյան բնակավայրերի ցանկը և հաջորդ փուլի
    ընտրանքի ժամանակ հնարավորինս խուսափել է միևնույն բնակավայրերը ներկայացնող
    ընտանիքների ընտրությունից: Այլ կերպ ասած, ընտրանքի յուրաքանչյուր հաջորդ փուլում
    առաջնահերթ ընտրվել են այն ընտանիքները, որոնց բնակավայրերը ներկայացված չեն եղել
    ընտրանքի նախորդ փուլերում: Այս մոտեցման և ընտրանքի պարբերական ճշգրտման շնորհիվ
    հետազոտության մեջ աստիճանաբար ընդգրկվել են նոր՝ նախկինում չներառված
    բնակավայրեր:
    Քաղաքներից համեմատաբար մեծ թվով հարցվողներ են ընդգրկվել, քանի որ դրանց
    բնակիչների փորձառությունները կարող էին ավելի բազմազան լինել, քան փոքր և բնակչության
    միանման սոցիալական կազմ ունեցող գյուղերում:
    Հետազոտության դադարեցման գլխավոր չափանիշն է եղել ստացվող տվյալների
    կրկնությունը՝ նոր կամ անսովոր տվյալների բացակայությունը: Մյուս չափանիշը Արցախի
    բնակավայրերի առավելագույն բազմազանության ապահովումն էր:
    Բավարար թվով տարբերվող բնակավայրեր ներառելուց և տվյալների հագեցվածությունն
    ապահովելուց հետո հետազոտական թիմը որոշում է կայացրել եզրափակել հարցազրույցների
    անցկացումը:

Շարունակությունը՝ հաջորդիվ

1