Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը քաղաքական պատվերի հիման վրա է ձերբակալված. Սիրանուշ Սահակյան
Գլխավոր » Լրահոս » Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը քաղաքական պատվերի հիման վրա է ձերբակալված. Սիրանուշ Սահակյան

Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը քաղաքական պատվերի հիման վրա է ձերբակալված. Սիրանուշ Սահակյան

Գերիների հարցը զգայուն է, մարդասիրական, և շատ կարևոր է, որ տարբեր ոլորտի մասնագետներ խնդիրը պահեն ուշադրության ներքո։ Այս մասին «Տիգրանաշենը չպետք է հանձնվի» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային և սահմանադրական իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Վերջինս նշեց՝ գերիների խնդիրն առաջացել է 2020թ. պատերազմի ժամանակ, որովհետև 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ մենք գերիներ չենք ունեցել:

«Հարյուրավոր գերիներ ունեցանք, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, իսկ միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես գիտեք, արգելում է քաղաքացիական անձանց գերեվարել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով՝ այս պահին մենք ունենք շուրջ 210 գերիներ, որոնք հայրենադարձվել են, շարունակաբար պահվում են 23 հայեր, բայց  23-ից 5-ը գերեվարվել են 2020 թվականի պատերազմի ընթացքում:

«Մենք ունենք երկու ռազմագերիներ, ովքեր հոկտեմբերին մասնակցել են ռազմական գործողություններին, ունենք 3 քաղաքացիական անձինք, ովքեր ըստ էության գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդող օրերին, երբ ընդամենն անցում են կատարել մի տարածք, որի գրավված լինելու վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ չեն ունեցել, որից հետո մենք ունենք երկու քաղաքացիական  անձանց առևանգում, ձերբակալում, որը  կապված է եղել բնակավայրում  մոլորվելու և մեկ դեպքը Կարմիր խաչի ուղեկցությամբ առողջական նպատակներով Հայաստան տեղափոխելու հետ. այո՛, հարցը վերաբերում է Վագիֆ Խաչատրյանի հայտնի դեպքին: Մյուս 16 դեպքերը կապված են 2023 թ.՝ սեպտեմբերի հարձակման հետ: 8-ը գտնվել են այն բնակավայրերում, որտեղ ընթացել են ռազմական գործողություններ,  այսինքն՝ 7-ը եղել են կամավոր հիմունքներով ռազմական գործողությունների մասնակիցներ, մեկը՝  քաղաքացիական տարեց անձ: Իսկ մյուս 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է, ովքեր իմ գնահատմամբ՝ չեն  համարվում ո՛չ գերիներ, ո՛չ էլ ռազմագերիներ, որովհետև նրանց ազատությունից զրկելը որևէ ուղղակի, անգամ անուղղակի առնչություն չունի մարտական գործողությունների կամ դրանց արդյունքի հետ:  Նրանք քաղաքական պատվերի հիման վրա ձերբակալված, այս պահին էլ ապօրինաբար պահվող անձինք ենք, ովքեր պատժվում են իրենց արտահայտած կարծիքների, գործունեության և, ինչո՞ւ ոչ, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար, և կարելի է ասել, որ նրանց ապօրինի անազատության մեջ պահելն ունի նաև սիմվոլիկ նշանակություն: Հասկանալի է, որ ուժի գործադրմամբ Արցախի ինքնորոշման իրավունքը խեղդված է, խիստ անհայտ են դրա վերակենդանացման հնարավորությունները, և այդ պետականության կայացման համար ներդրում ունեցած այս անձանց ազատազրկելով՝ նաև այս իրավունքն է ազատազրկվում անորոշ ժամանակահատվածով: Եվ հասկանալի է, որ այն ձևով, ինչպես նշված անձինք ձերբակալվել են, այս պահին գտնվում են անազատության մեջ կամ ապագայում կանգնելու են դատարանի առջև, նաև ազգային արժանապատվությունը ստորացնող տարրեր են պարունակում իրենց մեջ»,- ասաց նա:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերիների խնդիրը սրանով չի սահմանափակվում, քանի որ  կան անձինք, ովքեր գերեվարվել են, բայց Ադրբեջանը հրաժարվում է ընդունել նրանց գերի ընկնելու փաստը:

«Այստեղ մենք կրկնակի բարդության խնդրի հետ ենք բախվում, նախ պետք է ապացուցենք, որ այս պահին էլ նրանք ողջ գտնվում են Ադրբեջանում, հասնենք Ադրբեջանի կողմից նրանց գերեվարվելը հաստատելուն, որից հետո աշխատանք տանենք նրանց ազատ արձակման ուղղությամբ: 4 տարին չափազանց տևական ժամանակ է գերեվարման հանգամանքը չհաստատելու համար: Իրավական տեսանկյունից նրանք հիմա բռնի անհետացած անձինք են: Թե ինչ է այս պահին կատարվել այս անձանց հետ, մենք չենք կարող ասել: Կարող է՝ նրանք այս պահին էլ գաղտնի վայրերում գտնվում են անազատության մեջ, բայց մենք չենք բացառում, որ նրանք կյանքից զրկված են: Մեր ունեցած տեղեկություններով՝ առնվազն 80 գերիներ ենթարկվել են բռնի անհետացման: Անկախ նրանից, թե ինչպիսի անցանկալի իրադարձություններ են տեղի ունեցել նրանց հետ, պետությունը պարտավոր է հետաքննել և ճշմարտությունը հայտնել ընտանիքներին, ովքեր տևական ժամանակ ենթարկվում են հոգեկան տառապանքի, ինչն իր իրավական որակումն ունի միջազգայնորեն»,- ասաց նա:

Ըստ ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցչի՝ կա նաև երրորդ խումբը, և այս դեպքում խոսքն անհետ կորածների մասին է:

«Բռնի անհետացածների դեպքում մենք ունենք ապացույց, որ անձը գերեվարված եղել է, անազատության մեջ է գտնվել, թեկուզ կարճատև ժամանակ ողջ է եղել: Անհետ կորածների պարագայում մենք նման ապացույցներ չունենք: Անհետ կորածների պարագայում ընկած է նաև մարտի դաշտում սպանված լինելու կանխավարկածը, և որոնողական գործողությունների անարդյունավետության պատճառով մենք պարզապես չենք հայտնաբերել նրանց մարմինները կամ մասունքները: Շատ դեպքերում այդ մասունքները կարող են հայտնաբերված լինել, սակայն ԴՆԹ հետազոտությունների խնդիրներով պայմանավորված՝ չնույնականացվել»,- նշեց նա՝ հավելելով, որ անհետ կորածների մասով երկկողմանի պատասխանատվություն կրում են թե՛ Հայաստանի Հանրապետությունը, և թե՛ Ադրբեջանը:

Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ գերիների վերադարձման համար աշխատանքները պետք է տարվեն երկու ուղղությամբ՝ քաղաքական և իրավական, և թեև իրավական աշխատանքների արդյունքները շատ տեսանելի չեն, ինքը դրանք համարում է զսպաշապիկ:

«Քաղաքական գործընթացներն իրականում կարող են ապահովել գերիների ազատ արձակումը, սակայն կարող են և չապահովել՝ հաշվի առնելով այն, որ այս խնդիրը դարձել է սակարկությունների առարկա, և Ադրբեջանն ըստ էության գերիներին պահում է որպես պատանդներ՝ իշխանության և հասարակության վրա ճնշում գործադրելու նպատակով: Իրավական գործընթացներն ազդակ են, որ եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի քաղաքական ճանապարհով՝ հօգուտ մարդասիրական հարցերի, ապա դրանք փակուղում չեն, և խնդիրը լուծում ստանալու է դատական գործընթացներում: Նշեմ նաև, որ իրավական ճանապարհով այդ անձանց նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման միջոցներ, ինչը նշանակում է, որ նրանց կյանքը վերցված է միջազգային պաշտպանության ներքո: Թե՛ անհատական գործերով, և թե՛ միջպետական գանգատի շրջանակներում որոշակի պարբերականությամբ Ադրբեջանը դատարանին տեղեկություն է տալիս այս անձանց պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ: Առնվազն կյանքի իրավունքի տեսանկյունից նրանք ապահովագրված են»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Վերջինս գերիներին վերադարձնելու հարցում շատ կարևորեց նաև հանրային դիվանագիտական գործիքների օգտագործումը:

«Կարելի է Ադրբեջանի նկատմամբ միջազգայնորեն ճնշում գեներացնել, եթե մենք ունենանք դատապարտող կոչեր, բանաձևեր, զեկույցներ, որոնք ընդունվում են միջազգային կառույցների, առանձին պետությունների կամ միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից, և այդ առումով ինտենսիվ աշխատանքներ պետք է տարվեն: Առաջիկայում շատ կարևոր է կլիմայի փոփոխությանն առնչվող միջոցառումը: Սրա շրջանակում կարելի է պահանջել գերիների ազատ արձակումը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Վերջինս նկատեց՝ չպետք է մոռանալ, որ Ադրբեջանում սպասվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունները, և դրանք հիշեցնելու են Նյուրնբերգյան դատավարությունը:

«Այդ դատավարություններին պետք է ապահովել ինտենսիվ միջազգային ներկայություն: Միջազգային փորձը վկայում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները կարող են ներկա գտնվել այդ դատավարություններին, անձամբ հետևել դրա ընթացքին և նաև զեկուցել: Կան որոշ կառույցներ նաև, որոնք մասնագիտացված են հենց դատավարությունների մոնիթորինգի մեջ: Քանի որ այս դատավարությունները լինելու են բեմականացված, և արդյունքներն էլ, կարծում եմ, կանխորոշված են, պետք է ուղիներ գտնենք նման արդյունքները չեզոքացնելու համար, և դրա լավագույն ուղիներից մեկն այդ դատավարություններին միջազգային ներկայությունն է: Կարծում եմ՝ պետք է հասարակական տարբեր խմբեր կոնսոլիդացվեն, նամակներ հղեն Ադրբեջանում ներկա դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի վերջիններս ներկա լինեն այդ դատավարություններին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

168.am

Մանրամասները՝ տեսանյութում:

1