Արցախի պետականության պատմության էջերից. 33 տարի այս օրը ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության կոմիտեն
Գլխավոր » Լրահոս » Արցախի պետականության պատմության էջերից. 33 տարի այս օրը ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության կոմիտեն

Արցախի պետականության պատմության էջերից. 33 տարի այս օրը ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության կոմիտեն

Ուղիղ 33 տարի առաջ այս օրը՝ 1992թ. մարտի 26-ին ԼՂՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվեց Պաշտպանության կոմիտե, որն ավելի ուշ վերանվանվեց Ինքնապաշտպանության ուժերի կոմիտե: Կառույցի ղեկավար նշանակվեց Սերժ Սարգսյանը:
ԼՂՀ Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահության և ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության ազդեցիկ ղեկավարների մեծամասնությունը դեմ էր Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում նշանակմանը: Սակայն հանրապետությունում ներքին կայունություն պահպանելու նպատակով ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահությունը, ներքին պայմանավորվածության համաձայն, ստիպված որոշում կայացրեց Պաշտպանության կոմիտեի նախագահ նշանակել Սերժ Սարգսյանին։ Վերջինիս նշանակման գործընթացում մեծ դերակատարություն ունեցավ նաև այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Ըստ ԼՂՀ ԳԽ նախագահության որոշ անդամների վկայությունների՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության կոմիտեի նախագահի ընտրության նիստի ժամանակ ԼՂՀ ղեկավարության և ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության վրա ազդելու նպատակով, օգտագործել է այնպիսի գործիքակազմեր, որոնք դուրս են քաղաքականության մեջ երկխոսության և բանավեճերի ընդունված նորմերից /ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանի հետ զրույցի գրառում/: Այդ որոշումից հետո ԳԽ նախագահությունը նպատակահարմար գտավ, որ ԼՂՀ ԳԽ նախագահը մեկ անգամ ևս հանդիպում ունենա ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ երկկողմ հարաբերությունների բարելավման նպատակով։

Արթուր Մկրտչյանը Երևան մեկնեց մարտի 30-ին և հաջորդ օրը հանդիպեց ՀՀ նախագահի հետ: Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը Արթուր Մկրտչյանին նորից հասկանալ տվեց, որ նա իր տեղը պետք է զիջի ՀՀՇ-ական որևէ մեկին, հակառակ դեպքում Հայաստանը կարող է դադարեցնել ռազմական օգնության ցուցաբերումը Արցախին։
Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչների հիմնական մասը դեմ էր նախագահի պաշտոնից Արթուր Մկրտչյանի հնարավոր հրաժարականին։ Մինչդեռ, առանց ՀՀ-ի ամենաբարձր մակարդակով օգնության, հնարավոր չէր պաշտպանել Արցախը։ Փաստորեն, ԼՂՀ ԳԽ նախագահը կագնած էր երկընտրանքի առաջ։ Եվ այդ ժամանակ էլ Արցախում արդեն նշմարվում էր երկիշխանության ուրվականը:

/Հակոբյան Տ., ԼՂՀ հռչակումը պետական շինարարության գործընթացը (1991-1994 թթ). Էդիթ Պրինտ, Եր. 2011/:


1