Արցախի պետականության պատմության էջերից՝ 33 տարի առաջ այս օրերին
1992թ․ հունվարի 8-ին Արթուր Մկրտչյանն ընտրվել է ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահ։ Արթուր Մկրտչյանը ղեկավարեց ընդամենը 97 օր։ Նա իրենից հետո թեև ոչ մեծ, բայց թողեց քաղաքական և բարոյական ժառանգություն. նա ավադույթներ ստեղծեց, որոնք պահպանվեցին մինչև Գեորգի Պետրոսյանի հրաժարականը, որը տեղի ունեցավ արդեն պաշտոնական Երևանի հետ ծանր պայքարի պայմաններում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրություններից հետո հունվարի 6-ին, Ստեփանակերտում` նախկին մարզխորհրդի նիստերի դահլիճում, «Հայր մեր» տերունական աղոթքով աշխատանքն սկսեց ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը: Հունվարի 7-ի նիստում պատգամավորները ձեռնամուխ եղան ԳԽ նախագահի ընտրության հարցի լուծմանը: Առաջադրվեցին 7 թեկնածուներ` Լեոնարդ Պետրոսյան, Օլեգ Եսայան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Մկրտչյան, Լևոն Մելիք-Շահնազարյան, Արկադի Մանուչարով և Շահեն Մեղրյան: Թեկնածուներից հինգը ինքնաբացարկ հայտարարեցին, և մնացին Արթուր Մկրտչյանն ու Լեոնարդ Պետրոսյանը: Մի քանի անգամ քվեարկություն կատարվելուց հետո 42 ձայնով ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ ընտրվեց ՀՅԴ անդամ, պատմական գիտությունների թեկնածու, 33-ամյա Արթուր Մկրտչյանը:
Արթուր Մկրտչյանի ընտրությունը շատերի համար անսպասելի էր: Ըստ ԼՂՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր, «Արցախի ժողովրդական ճակատ» կազմակերպության ղեկավար Մուրադ Պետրոսյանի. «Ոչ ոք կասկածի տակ չէր դնում, որ նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի Քոչարյանը, որին, ամեն ինչից բացի, աջակցում էր պաշտոնական Երևանը: Բայց Ռոբերտը մինչև նիստն սկսվելը հայտարարում է. «Նախագահի պաշտոնի համար առաջադրվելու է Լեոնարդ Պետրոսյանը»: Ինչքան էլ որ նրան բացատրեցինք, որ «Լեոնարդը չի անցնի», անօգուտ եղավ: Մեր կանխագուշակումը հաստատվեց. Պետրոսյանն ընդամենը 8 ձայն հավաքեց: Քոչարյանն ու շատերը շոկի մեջ էին ոչ միայն Մկրտչյանի սենսացիոն ընտրությունից: Պարզվեց, որ խորհրդարանի պատգամավորների կեսը Դաշնակցության անդամներ են» (Հակոբյան Թ., Կանաչ և սև: Արցախյան օրագիր, Եր., 2011, Էջ 181-182) :
Ստեղծվեց նաև Նախարարների խորհուրդ (ՆԽ), որի նախագահ հաստատվեց Օլեգ Եսայանը, իսկ տեղակալ` Բորիս Առուշանյանը: Ընտրված պատգամավորների մեծամասնությունը ՀՅԴ անդամներ էին, և ԳԽ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով, ՀՅԴ-ն որոշում ընդունեց երկրում ներքաղաքական կայունությունը պահպանելու, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ կանոնավոր հարաբերություններ ստեղծելու նպատակով՝ մի շարք կարևոր պաշտոններ, այդ թվում ՆԽ նախագահինը, հանձնել մյուս քաղաքական ուժերին: Նաև ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի առաջարկով ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտոնի համար առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, սակայն փակ գաղտնի քվեարկության ժամանակ թեկնածուն անհրաժեշտ քվեներ չստացավ: Նախագահի առաջին տեղակալի պաշտոնը մնաց թափուր (Հակոբյան Տ., ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991-1994 թթ.), Եր., 2011, էջ 37) :
Հունվարի 17-ի նիստում ՂՀ ԳԽ նախագահի տեղակալ ընտրվեց ՀՅԴ անդամ Գեորգի Պետրոսյանը, քարտուղար՝ պատմական գիտությունների թեկնածու, անկուսակցական Վլադիկ Հակոբյանը (Հակոբյան Տ., նշվ. աշխ., էջ 38):
ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը կատարեց առաջին պաշտոնական այցը Երևան: Պաշտոնական տեղեկագրերում մանրամասություններ չեն պահպանվել նաև այդ այցի վերաբերյալ: Սակայն գոյություն ունեն տեսակետներ այն մասին, թե ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արթուր Մկրտչյանին ընդունել է խիստ սառը և պահանջել հրաժարական տալ (Հակոբյան Տ., նշվ. աշխ., էջ 42):
Հատվածներ իմ գիտական հոդվածից՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) փոխհարաբերությունները և դրանց ազդեցությունը Արցախում պետական շինարարության գործընթացի վրա (1991-1992 թթ.), ԱրՊՀ «Գիտական տեղեկագիր», Ստեփ., 2022, պրակ 2, էջ 131-147
ՊԳԹ Տարոն Հակոբյան