Արցախի պատմամշակութային ժառանգության հիմնահարցերի քննարկում

Սույն թվականի մայիսի 8-ին Արցախի թեմի գրասենյակում Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունեց մշակութաբան Արմինե Տիգրանյանին։ Ներկա էին նաև արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը։
Հանդիպմանը քննարկվեցին ադրբեջանի կողմից արցախահայության բռնի տեղահանումից հետո Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման իրողությունները, դրանց հակադարձելու, միջազգային կառույցներում իրավական համապատասխան գործիքակազմերի միջոցով մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու հնարավորությունները։ Արմինե Տիգրանյանը ներկայացրեց նաև Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման, նենգափոխման փաստերին նվիրված իր հեղինակությամբ պատրաստված աշխատանքը, որն արժանացավ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գնահատանքին ու օրհնությանը։
Նույն օրը Սրբազանը ընդունեց նաև Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված մի շարք փաստավավերագրական տեսաֆիլմերի հեղինակ Աիդա Ահարոնյանին։ Քննարկվեցին Արցախի մշակույթի, նրա հանրահռչակման շուրջ հետագա համագործակցության հարցեր։ Քննարկման հիմնական առանցքը նաև Աիդա Ահարոնյանի կողմից Արցախի մասին 7-րդ՝ «Ծիծեռնավանք» ֆիլմի աշխատանքների առավել արդյունավետ իրականացման հիմնահարցերն էին։