Արցախի նշաձողը սահմանել եւ սահմանում է արցախցին իր ընտրած օրինական իշխանությամբ. արցախցի գեներալի ուշագրավ դիտարկումները
Գլխավոր » Լրահոս » Արցախի նշաձողը սահմանել եւ սահմանում է արցախցին իր ընտրած օրինական իշխանությամբ. արցախցի գեներալի ուշագրավ դիտարկումները

Արցախի նշաձողը սահմանել եւ սահմանում է արցախցին իր ընտրած օրինական իշխանությամբ. արցախցի գեներալի ուշագրավ դիտարկումները

«Արցախի կարգավիճակի նշաձողը որեւէ մեկը չի կարող իջեցնել, որովհետեւ Արցախի նշաձողը ե՛ւ հանրաքվեով, ե՛ւ ընտրություններով, ե՛ւ իշխանական ուղղահայաց ձեւավորելով ` սահմանվել է Արցախում: Այնպես որ Արցախի հարցի նշաձողի իջեցման հարց չի կարող քննարկվել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտասահամանում: Նորից եմ կրկնում՝ Արցախի նշաձողը սահմանել եւ սահմանում է արցախցին իր ընտրած օրինական իշխանությամբ եւ կառավարման ուղղահայացով: Մենք շարունակելու ենք ապրել եւ արարել Արցախում՝ անկախ նրանից, թե դա ում դուր կգա, իսկ ում` ոչ»-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում նշում է, որ Արցախի հարցի նշաձողի իջեցում է պահանջում միջազգային հանրությունը, ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ ընդգծելով.

-Իհա՛րկե, վերջին երկու տարիները արցախցիներիս համար անասելի ցավի տարիներ են, բայց դա չի ընկճում արցախցուն: Որովհետեւ արցախցին գիտակցում է, որ պարտությունը կործանում չէ, եւ այդ ամենի վրա հենվելով՝ մենք մեջքներս կամաց-կամաց ուղղում ենք:

Ինչ վերաբերում է մոտեցող Շուշիի ազատագրման օրվան եւ այն անպայման նշելուն, արցախցի գեներալը նկատում է.

-Ուզում եմ նախ շնորհավորել բոլորիս` Արցախում, ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս գտնվող հայերիս Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ: Բուն ազատագրման օրը պետք է շարունակվի մնալ որպես պատմական իրադարձություն մեր ժողովրդի կյանքում, եւ այդ տոնը մենք հպարտությամբ այնքան պիտի տոնենք, որ մի օր` դա կլինի մեկ, տասը, թե քսան տարի հետո, կրկին Շուշիում ապրենք եւ նորից շարունակենք բերդաքաղաքում տոնել այս օրը: Այս առումով կոչ եմ անում հպարտությամբ տոնել Եռատոնը:

Հարցին` հավատո՞ւմ է, որ մի օր նորից հայը կհայտնվի Շուշիում մեր զրուցակիցը նկատում է.

-Իհա՛րկե, հավատում եմ, եթե կա հայ, ով չի հավատում, ապա ինքը լուրջ պետք է մտածի իր արմատների ծագումնաբանության մասին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

iravunk.com

1