Արցախի մայր թատրոնն առցանց բեմադրություններ է ներկայացնում

Կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքներն առանձնապես զգալի է նաև թատերական կյանքում:
Արտակարգ իրավիճակի հետևանքով հարկադրված պարապուրդը հնարավորին հաղթահարելու և թատերասերների հետ հաղորդակցությունը պահպանելու նպատակով Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բեմադրություններ է ներկայացնում առցանց ձևաչափով:
Այս մասին տեղեկացրել է գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանը՝ հավելելով, որ սահմանափակ կազմով դերասանների մասնակցությամբ ներկայացումները նախ՝ նկարահանվում են, ապա տեղադրվում Արցախի մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում: Առցանց այս հարթակում արդեն իսկ հասանելի է «Նամակը» մոնոներկայացումը՝ Դանիիլ Խարմսի ստեղծագործության հիման վրա:
Գեղղեկավարի հաղորդմամբ՝ թատրոնում այժմ աշխատում են Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» ստեղծագործության բեմականացման ուղղությամբ:
Ժամանակի պահանջներին համաքայլ՝ ստեղծագործական պրպտումներով ու նորարար մոտեցումներով հանդերձ, գեղարվեստական ղեկավար Ռ. Խաչատրյանն, այնուամենայնիվ, համոզված է, որ առցանց բեմադրությունները չեն կարող լիարժեք արտացոլել թատրոնի էությունն այնպես, ինչպես՝ դերասանի և հանդիսատեսի անմիջական հաղորդակցության պարագայում:
Այս տարվա աշնանը Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը նախատեսում է բացօթյա ներկայացում՝ Տիգրանակերտում:
Վան Նովիկով