Արցախի Մայր թատրոնի «Լուսաբացից առաջ»-ը ներկայացվել է մրցանակաբաշխության

Երեկ՝ մարտի 4-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Լուսաբացից առաջ» բեմադրությունը ներկայացվել է Հայաստանի «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնի մրցանակաբաշխությանը:
Բեմադրության հերթական ներկայացմանը, որը կայացել է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում, ներկա էր նաև թատերական փառատոնի՝ Երևանից ժամանած մասնագիտական հանձնաժողովը:
Պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի հաղորդմամբ իրենց խաղացանկում իր հաստատուն տեղը գտած՝ «Լուսաբացից առաջ» ներկայացմամբ, թատերական փառատոնին մասնակցելու հրավերը ստացել են Հայաստանի թատերական գործիչների միության կողմից:
«Անկախ հանձնաժողովի որոշումից և մրցանակաբաշության արդյունքից, մենք սիրով ենք մասնակցում «Արտավազդ» թատերական փառատոնին, որն ինչպես հայտնի է այս տարի նվիրված է իմ ուսուցիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին»,- մանրամասնեց Ռ. Խաչատրյանը՝ հավելելով, որ ինչպես միշտ «Լուսաբացից առաջ»-ի հերթական ներկայացմանը հանդիսատեսն անկեղծ հույզերով է արձագանքել:
Նրա խոսքով, թատերական փառատոնի մրցանակաբաշխությանն հայտ են ներկայացրել՝ «Լավագույն ներկայացում», «Լավագույն դերասան» /Գենադի Առուշանյան/, «Լավագույն երիտասարդ դերասան» /Դավիթ Ղահրամանյան/, «Լավագույն երիտասարդ դերասանուհի» /Եվա Իվանիդիս/, «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» /Ռուզան Խաչատրյան/, «Լավագույն երաժշտություն» և «Լավագույն բեմանկարչություն» անվանակարգերում:
Արդյոք բեմական անհամապատասխան պայմանները բացասական չեն անդրադառնա մասնագիտական հանձնաժողովի որոշման վրա: Ի պատասխան հարցին, պետդրամթատրոնի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ Հայաստանի անվանի թատերական գործիչներից կազմված մասնագիտական հանձնաժողովն արձանագրել և առանձնացրել է բեմական համապատասխան պայմանների բացակայության փաստը՝ միաժամանակ գոհունակությամբ նշելով, որ չնայած դրան ներկայացումը որակով է ստացվել:
Ինչպես հայտնի է Հայաստանի «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնը, թատերական կյանքի գլխավոր իրադարձություններից է: Այս տարի փառատոնի հոբելյանական՝ 20-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Լուսաբացից առաջ» ներկայացումը ստեղծվել է ըստ արձակագիր Հերմինե Ավագյանի ‹‹Պատերազմ… աչքեր… ծաղիկներ…›› գրքի, բեմադրությամբ՝ գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի: