Արցախի մարզիկների արձանագրած ցուցանիշները կարելի է գերազանց գնահատել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի մարզիկների արձանագրած ցուցանիշները կարելի է գերազանց գնահատել

Արցախի մարզիկների արձանագրած ցուցանիշները կարելի է գերազանց գնահատել

Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը, երբ առնվազն մի քանի ամիս մարզումներ չեն իրականացվել, նաև` այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի տարածվածությամբ պայմանավորված՝ գրեթե չեղարկված էին բոլոր միջազգային, հայաստանյան և տեղական միջոցառումները, 2021թ. ԱՀ-ում կազմակերպված, ՀՀ, միջազգային, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Արցախի մարզիկների մասնակցության և արձանագրած ցուցանիշները ոչ թե դրական, այլ գերազանց կարելի է գնահատել: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը՝ խոսելով անցած տարվա սպորտային ձեռքբերումների մասին: Նրա խոսքով՝ պատերազմական գործողություններում ընդգրկված էին ավագ տարիքի մարզիկներ, մարզիչներ. կան դեպքեր, երբ պատերազմում վիրավորում ստացած մարզիկները միջազգային բարձր վարկանիշ ունեցող մարզական միջոցառումներում բարձրացել են պատվո հարթակ:

«Սպորտի ոլորտում ընդհանուր առմամբ ունենք տարբեր աստիճանի  վիրավորում ստացած 40 մարզիկներ, մարզիչներ և մարզաշխարհին պատկանող 4 տասնյակին մոտ զոհվածներ»,- նշել է Դ. Մկրտչյանը:

Անցած տարվա ընթացքում սպորտի վարչության և ֆեդերացիաների կողմից կազմակերպվել ու անց են կացվել թվով 17 տեղական մարզական միջոցառումներ՝  810 մասնակիցներով (մարզիկներ և մարզիչներ):

ԱՀ-ից թվով 1595 մարզիկ և մարզիչ 100 անգամ ՀՀ-ում մասնակցել է  մարզական միջոցառումների (ՀՀ առաջնություններ, գավաթի խաղարկություններ, հուշամրցաշարեր և մրցաշարեր): 1-ին տեղ զբաղեցրել է 208 հոգի, 2-րդ տեղ՝ 135 հոգի, 3-րդ տեղ՝ 194 հոգի:

Արցախից թվով 258 մարզիկ և մարզիչ 28 անգամ մասնակցել է միջազգային մրցաշարերի: Դրանց արդյունքում պատվո հարթակի առաջին տեղում կանգնել է 38 մարզիկ, 2-րդ տեղում՝ 29, իսկ  3-րդում՝ 31 մարզիկ:

Եվրոպայի  առաջնություններին մասնակցել են թվով 45 մարզիկներ և մարզիչներ, որից  5 հոգի զբաղեցրել են 1-ին տեղ, 4 հոգի՝ 2-րդ տեղ և 10 հոգի՝ 3-րդ տեղ:

ԱՀ-ից թվով 30 մարզիկ և մարզիչ 8 անգամ մասնակցել է աշխարհի  առաջնությունների: Աշխարհի առաջնություններում մրցանակային առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են մեկական մարզիկներ, 5 մարզիկ՝ 3-րդ տեղը:

Սպորտի վարչության պետն առաձնացրել է նաև 2021թ. լավագույն արդյունքները:

«Մանվել Պետրոսյանը, մասնակցելով երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, գրանցել է մեծ հաղթանակ՝ Արցախի սպորտային պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևում գրավելով 2-րդ մրցանակային տեղը: Օլիմպիական ծրագրում ընդգրկված մարզաձևերում մենք երբևէ նման արդյունք չենք գրանցել: Դա սպորտի բնագավառում կարևոր ձեռքբերում է, որի արդյունքում նա  միաժամանակ դառնում է նաև ՀՀ սպորտի վարպետ»,- նշել է սպորտի վարչության պետը:

Նա առանձնացրել է մի շարք մարզիկների անուններ ևս:

Այս տարվա առաջին կիսամյակում գրանցված ամենաբարձր ցուցանիշը Սամբոյի Եվրոպայի առաջնությունն է, որտեղ շուշեցի մարզիկ Դավիթ Հովսեփյանը եզրափակիչում հաղթելով Ադրբեջանը ներկայացնող մարզիկին, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Դավիթ Հովսեփյանը մայիս ամսում Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցելով սամբոյի Եվրոպայի, իսկ հոկտեմբեր ամսում՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնություններին, գրավել է համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը:

Արթուր Առուշանյանը Լեհաստանի Կրակով և Սվինոույսցե քաղաքներում մասնակցելով կիոկուշին կարատեի աշխարհի (KWF) 3-րդ և Եվրոպայի 34-րդ (KWU) առաջնություններին՝ գրավեց համապատասխանաբար 1-ին և 3-րդ մրցանակային տեղերը՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն:

Միխայիլ Մխիթարյանը հոկտեմբեր ամսում Սերբիայի Բելգրադ քաղաքում մասնակցեց ավանդական կարատեի (ETKF) 35-րդ Եվրոպայի առաջնությանը, գրավեց 1-ին մրցանակային տեղը:

Յուրի Կարոգլանյանը նոյեմբեր ամսում Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում մասնակցելով սեղմում հենարանից վարժության Եվրոպայի առաջնությանը՝ գրավեց 1-ին մրցանակային տեղը, իսկ դեկտեմբերին ուժային եռամարտի ՀՀ առաջնության ժամանակ 285,5կգ արդյունքով կքանիստ վարժությունում գրանցել է ՀՀ ռեկորդ:

Խոսելով ՀՀ առաջնություններում խաղային մարզաձևերում գրանցած հաջողությունների մասին՝ Դանիել Մկրտչյանն առանձնացրել է մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի հավաքական թիմի արդյունքը: Մասնակցելով ՀՀ կանոնավոր առաջնությանը՝ թիմը գրավեց 1-ին մրցանակային տեղը:

«Դրական առաջընթաց է նկատվում պատերազմի կամ դժբախտ պատահարների հետևանքով ֆիզիկական արատ ունեցող մարզիկների ինտեգրման ուղղությամբ: Ալեքսանդր Մովսեսյանը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում մասնակցելով Հաշմանդամային բազկամարտի աշխարհի 42-րդ առաջնությանը՝ լսողական խանգարումով մարզիկներ դասակարգումով՝ գրավել է 3-րդ մրցանակային տեղը»,- տեղեկացրել է Դանիել Մկրտչյանը:

Տաթեւիկ Աղաջանյան

1