Արցախի լեռների քաջարի զինվոր, ով չհասցրեց ավարտին հասցնել իր երազանքների գիրքը:
Գլխավոր » Գաղափարական » Արցախի լեռների քաջարի զինվոր, ով չհասցրեց ավարտին հասցնել իր երազանքների գիրքը:

Արցախի լեռների քաջարի զինվոր, ով չհասցրեց ավարտին հասցնել իր երազանքների գիրքը:

Ինձ համար դժվար է գրել նրա մասին, բայց պետք է գրեմ: Չէ՞որ նա արժանի է հավերժ մնալու մեր հերոսական պատմության էջերում՝ որպես Արցախի լեռների հայրենասեր արծիվ, ով ճախրեց հայրենիքի սահմաններում ու մնաց ընդմիշտ կապույտ երկնքում: Նա քաջ գիտակցում էր, թե ճամփաներն ուր են տանում իրեն, ու ճաշակելով մահվան սարսուռը՝ գնաց առաջ, մարտնչեց ու ընկավ հանուն հայրենիքի:

Էրիկ Հախումյանը ծնվել է 1992 թ. փետրվարի 26-ին Ստեփանակերտ քաղաքում: 1999 թվականին ավարտել է Ստեփանակերտի  3 միջնակարգ դպրոցը: Երազի պես թռան ու անցան նրա դպրոցական տարիները և միաձուլվեցին նրա մանկության անցած-գնացած հեքիաթային աշխարհին. նա դարձավ վեհ պատանի՝ լի երազանքների կարոտով: 2010 թվականին Էրիկը զորակոչվեց՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքերում իր պարտքը կատարելու հայոց Արցախին ու հայ ժողովրդին:

Համեստության կերպար էր նա, լռության ու խաղաղության ծով, անչափ բարի ու ընկերասեր. նրան սիրում էին բոլորը:

Զինվորական ծառայությունն ազնիվ ու գերազանց ավարտելուց հետո նա կյանքի կոչեց իր հետագա երազանքներն ու նպատակները:

2015 թվականին Էրիկն ամուսնացավ իր սիրած աղջկա՝ Աննայի հետ: Նրանք միասին կառուցեցին իրենց երջանկության ամուր կամուրջը, և ապրում էին անհոգ, խաղաղ նստած երազանքերի թևերին, չիմանալով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին արյունոտ աշունը փշուր-փշուր կանի երկու սիրահարների երազանքների թևերը ու կիսատ կթողնի նրանց՝ դեռ չապրած սիրո գրքի չավարտված էջերը: Մի օրում հանգչեց նրանց սիրո կրակը և մոխրացավ աշնան քամու տխուր երգերի հետ: Էրիկը կարող էր ապրել մինչև խոր ծերություն և դառնալ մեծ գերդաստանի նահապետ, բայց չհասցրեց անգամ ճաշակել իր նոր ծաղկող ընտանիքի և երկու փոքրիկ աղջիկների սիրո բերկրանքը:

2020 թվականի ոսկեզօծ աշնան լռության ծովում քնած էր Արցախը: Երկնային աստղերի շողերի տակ քամին օրոր էր երգում մեր լեռնաշխարհի գողտրիկ բնության գրկում, սակայն ոչ ոք չիմացավ, որ նոր բացվող աշնան առավոտը կմիաձուլվի երկնքում կուտակված սև ամպերին ու Արցախը կկորչի արյան հեղեղում: Ծովի նման ալեկոծվել էր Արցախի ժողովուրդը: Արցախի ծոցից արյուն էր հոսում, նորից Եղեռն էր, դաժան պատերազմ, ավար ու ավեր, նորից կոտորած: Ծխի ու արյան մեջ կորան հայկական բոլոր բնակավայրերն ու հայի օջախները:

Այս պատերազմը մեր ժողովրդի պատմության այն հագուցային ու բախտորոշ էջերից է, որը կարելի է համեմատել միայն Վարդանանց պատերազմի, Դավիթ-Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պայքարի, Սարդարապատի հետ: Այդ ահեղ պատերազմի անմեղ զոհը դարձավ նաև 28 գարուն ապրած Էրիկ Հախումյանը: Նոյեմբերի 6-ին նա վերջին անգամ շնչեց հարազատ Արցախի մաքուր օդը և հավերժ փակեց անքուն ու հոգնած աչքերը, մնաց հավերժի ճամփին՝ միշտ պատանի ու սիրահարված: Նա մնաց հայոց պատմության էջերում՝ որպես Արցախի լեռների քաջարի զինվոր:

Արցախի Հանրապետության պետական սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի ծառայող, շարքային-պայմանագրային Էրիկ Արսենի Հախումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն»  մեդալով:

2020 թվականի գարունը վերջինը եղավ Էրիկի համար, գնաց կարոտով՝ իր հետևում թողնելով իր կարճ ապրած տարիներից մի ցավալի պատմություն, Աննայի սիրուց դեռ չկշտացած, հաղթանակի հույսը կոկորդում խեղդած, ապրելու տենչով ծարաված, իսկ Աննան ծանր վիշտը հոգու խորքում ամեն անգամ կլացի Էրիկի շիրմաքարին ու կարմիր կակաչներով կզարդարի նրա հողաթումբը, որ հոգու ցավը մի քիչ մեղմանա:

Գարուն է Արցախում, տխուր գարուն. առանց քաջերի էլ ի՞նչ գարուն:

Փետրվարի 26-ին Էրիկը կդառնար 29 տարեկան… Մենք նրան բացակա չենք դնի, նա միշտ կապրի մեր սրտերում ու մեզ հետ: Բոլորը նրա ծննդյան օրը կտոնեն Եռաբլուրի Ծաղկանց պարտեզում ու նրան կնվիրեն բազում ալ կակաչներ, որ գարունն այնտեղ միշտ գարուն մնա:

Ամբողջ Արցախը լալիս է հիմա

Արծվասիրտ ու քաջ Էրկը չկա:

Բայց սփոփում է Հայրենիքը Մայր,

Որ նրա պայծառ երազանքը կա:

Էլլա Ավանեսյան

1