Արցախի կորստից հետո չի լինելու Հայաստանի Հանրապետություն

Ապրիլի 14-ին կայացած ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ելույթով հանդես է եկել ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը.
«Մենք գտնվում ենք մեր պատմության ամենաբարդ ժամանակահատվածում: Ես չեմ չափազանցնում: Մենք անցել ենք շատ բարդ ճանապարհ՝ կորուստներով լի դարեր, հազարամյակներ. հիմա կանգնած ենք մեր ժողովրդի և պետականության ապագայի հարցի առջև: Սա մենք պետք է քաջ գիտակցենք: Հետևաբար որոշվում և վճռվում է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության, հայ ժողովրդի ճակատագիրը: Այս պատասխանատվության զգացումը մենք պետք է միշտ ունենանք:
Խոսելով, ընդհանրապես, Արցախի կարգավիճակի մասին՝ տարբեր նշաձողերի և այլն, պետք է նշենք, որ մենք նշաձողեր չունենք ընդհանրապես, ունենք կարմիր գծեր: Կարմիր գծերի խախտումը կբերի ողբերգության: Ուրիշ ոչնչի, որովհետև Ադրբեջանի կազմում Արցախը ապագա ունի, մեկ ապագա՝ ցեղասպանություն: Տարբեր պատճառներով չմտնենք գիտաքաղաքական դաշտը, բայց դա այդպես է լինելու:
Արցախի կորստից հետո Հայաստանի Հանրապետության գոյությունը արդեն վճռված է լինելու՝ չի լինելու Հայաստանի Հանրապետություն, ժամանակի խնդիր է լինելու: Շատ շուտ այդ հարցը «կարգավորվելու» է՝ ի վնաս հայ ժողովրդի: Երբ խոսում ենք խաղաղության մասին, իհարկե, սա լավ գաղափար է՝ որևէ մեկը չի կարող դեմ լինել խաղաղությանը, բայց անհրաժեշտ է հասկանալ, որ դասական ձևով չկա իդեալական խաղաղություն: Խաղաղությունը հավասարակշռվածություն է: Պետք է պահպանել այդ հավասարակշռվածությունը: Հնարավո՞ր է դա անել: Իհա՛րկե, հնարավոր է, որովհետև գոյություն չունի իդեալական խաղաղություն, չի՛ լինում այդպիսի բան, բայց կարելի է կայունություն պահել հավասարակշռվածության միջոցով: Այդ հնարավորությունները կան:
Երբ որ խոսում ենք, որ կա միջազգային հանրության հավաքական տեսակետ՝ այդպիսի բան, գոյություն չունի: Ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն: Այն բազմաշերտ ու բազմաբնույթ երևույթ է, ավելին՝ այսպիսի ճեղքվածք, որ մենք տեսնում ենք հիմա, միջազգային հանրություը երևի վերջին անգամ ունեցել է 1939-1945թթ-ին: Մենք տեսնում ենք՝ աշխարհաքաղաքական ինչպիսի պայքար է գնում: Հետևաբար չկա միասնական միջազգային հանրության կարծիք: Նման բան գոյություն չունի: Նույնիսկ ամենախաղաղ պայմաններում նման բան գոյություն չունի, որովհետև տարբեր երկրներ ունեն իրենց ազգային շահերը, տարբեր երկրներում կան տարբեր ուժեր, որոնք նույնպես ունեն իրենց շահը և պայքարում են իրենց շահի համար: Սա նշանակում է, որ մեզ ահամար աշխարհաքաղաքական առումով կան հնարավորություններ՝ փրկելու և պահելու Արցախը: Ավելին, կրկնում եմ՝ փրկելով Արցախը՝ փրկվում է Հայաստանը, որովհետև Արցախը կորցնելուց հետո չի լինելու Հայաստան: Աշխարհաքաղաքականության մեջ կա օրենք՝ պետք է ունենալ սկզբունքներ և հետևել այդ սկզբունքներին: Եթե ունես սկզբունք, դառնում ես սուբյեկտ, եթե չունես սկզբունք, դառնում ես օբյեկտ, այսինքն՝ քեզ այլևս հաշվի չեն առնում և քո հաշվին իրենց հաշիվներն են մաքրում: Սա շատ պարզ տրամաբանություն է: Դրա համար Արցախի Հանրապետությունը իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը դիվանագիտական դաշտում, որպեսզի հասնի նրան, որ փրկենք այն, ինչ մնացել է Արցախից: Կարող եք այս հարցում վստահ լինել: Շատ լավ է, որ մենք միասնակամ կանգնած ենք մեր երկրի ապագայի համար պայքարում: Ես ավելի քան համոզված եմ, որ նման տեսակետ կիսում են հայ ժողովրդի մեծամասնությունը՝ լինի դա Հայաստանի Հանրապետությունում, թե Սփյուռքում: Պետք է իսկապես համախմբվենք, ճիշտ աշխատենք, հնարավորինս զերծ մնանք շահարկումներից, որովհետև պահը շատ կարևոր է, և եթե ճիշտ աշխատենք, իսկապես, հասնելու ենք մեր նպատակին: Իսկ մեր նպատակը մեկն է՝ փրկել Արցախը, փրկել մեր երկիրը։
Պպարզապես իրավունք չունենք մեզ պարտված զգալու, որովհետև անիծված ենք լինելու բոլորի կողմից և Աստծո կողմից»: