Արցախի կարոտով
Գլխավոր » Լրահոս » Արցախի կարոտով

Արցախի կարոտով

(մտորումների շարքից)

Շուտով մեկ տարի կլինի, որ Արցախում չենք, չենք ապրում այն կյանքով, որ ապրում էինք։ Երեխաներն էլ մեզ պես նոր կյանքով են ապրում, նոր մանկապարտեզ ու դպրոց հաճախում, ավելի հարմար բնակարանի ակնկալիքով վարձով բնակարաններ տեղափոխվում  և փորձում հարմարվել ամեն նորին։ Թվում է՝ երեխաներն էլ մեծերիս պես  չնկատելու են տալիս, որ մեր տներում չենք, որ անորոշ կյանքով ու աղոտ ապագայով մեր կյանքն ենք ապրում, փորձում շատ չտրվել հիշողություններին։

Վերջերս, երեկոյան՝ երեխաների քնի ժամին, ավագ թոռնուհուս՝ Մանեի մոտ նստել և պատրաստվում էի քնի տրամադրություն հաղորդել շոյելու, երաժշտության կամ հեքիաթ պատմելու միջոցով, մեկ էլ ինքն ինձանից առաջ անցավ․

  • Տատ, հիշու՞մ ես մեր սենյակի դարակի մեջ ինչ էի պահում։

Հասկացա, որ խոսքը Ստեփանակերտի տան մասին է։

  • Ո՞ր դարակի,- հարցրի։
  • Այն, որ պապայի-մամայի սենյակից դուրս ենք գալիս, հետո ճաշասենյակով անցնում, միջանցքի դարակի հայելիի մոտով անցնում, թեքվում աջ․ այդ սենյակի դարակում ի՞նչ էի պահում,- բացատրելու պատրվակով սենյակից սենյակ անցավ, մտովի դարակները բացեց, ինչպես մենք ենք անում գիշեր-ցերեկ։

Այդ սենյակում ես ու Մանեն էինք քնում, և հիմնականում իր հագուստն ու գործածական իրերը ինքն էր իր ձևով դասավորում ու տնօրինում։

Մեկ-մեկ հիշեց, թե ինչպես էր իր շորերը կախում պահարանում, կամ կողքի դարակների վրա ինչպես էին դասավորված իր իրերը, խաղալիքները, գրքերը, տետրերն ու մատիտները։ Հիշեց նաև ներքևի դարակի մասին, որտեղ պահվում էին դպրոցական տարիներին աղջկաս գործած գոբելենները։

-Տատ, գորգերն է՞լ ենք թողել տանը։

Մինչ այդ չէի խանգարում, որ ոգևորված հիշողությամբ խոսի, պատմի․ հարցին կարճ պատասխանեցի՝ այո, թողեցինք։ Հիշեց նաև կոշիկի մի մեծ արկղում աղջկաս՝ Արմինեի դեռևս դպրոցական, երիտասարդական տարիներից պահվող բազմազան ուլունքների ու զարդերի մասին, որոնցից Մանեն թևնոց ու ապարանջան էր հավաքում։ Ամեն ինչի մասին խոսում էր նուրբ կարոտով, և կարծես փորձում էր չտխրել, որ ինձ էլ չտխրեցնի։

Մանեն խոսում էր մեր նախկին կյանքի, մեր տան իրերի մասին, բայց չէր հարցնում՝ ինչու՞ չվերցրինք դրանք։ Երեխաներն էլ գիտեն, որ հնարավոր չէր շատ իր վերցնել։ Մի կողմից՝ տեղ չկար մեքենայում, հազիվ իրենց հագնելիքի մի մասն ենք վերցրել, մյուս կողմից էլ՝ մեր հոգեվիճակն էր ահավոր, և չէինք կողմնորոշվում՝ ի՞նչ անենք, ի՞նչ վերցնենք, ինչու՞ ամեն ինչ թողնենք ու մեզ փրկենք, և արդյո՞ք նորից կվերադառնանք, ինչպես 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո վերադարձանք երեխաների հետ ու փորձեցինք նորից կառուցել փլված-ավերակվածը, շարունակել մեր կյանքը։ Ոչինչ չգիտեինք։ Գիտեինք միայն, որ մահվան շեմին ենք հասել, և հարկավոր է ուղղակի փրկվել։

Մինչ Մանեն մտովի պտտվում էր սենյակներում և խոսում յուրաքանչյուր իրի մասին, որ գտնվում էր այնտեղ, ես մեծ ջանքերով փորձում էի մեղմ ժպիտը դեմքիս լսել նրան, որ հանկարծ չհասկանա իմ ներքին ալեկոծումները։ Արցունքներս գլոր-գլոր ներս էին գնում՝ քողարկվելով փոքրիկի աչքից։ Դա այն հազվագյուտ օրերից էր, որ Մանեն մեծերիս պես տրվել էր հիշողություններին, մանավանդ՝ մնացած երեխաների աչքից հեռու։ Ինքն այնքա՜ն նուրբ է ու զգացմունքային, որ նրբորեն նկատում է նաև դիմացինի հոգեվիճակը։ Քողարկված տխրություն կար Մանեի հոգում, որ նույնիսկ ինձնից էր ուզում թաքցնել։ Ես էլ փորձում էի չնկատելուն տալ և ջերմորեն ունկնդրել իրեն, որ կիսվի զգացողություններով ու քնի։ Կարծես ստացվեց․․․ Հոգուս մեջ խեղդելով հիշողության ցավը, մեր կյանքի դառնությունները՝ ջերմ ու դրական զգացմունքներով երեխային տրամադրեցի բարի ու խաղաղ քուն մտնելուն։

Ցավալի է, որ երեխաներն էլ են մեծերիս պես անընդհատ հիշում ու փորձում շատ չտրվել ներքին հոգեվիճակին։ Այս ի՞նչ օրի հասանք։ Մեր երեխաները, թոռները մի քանի պատերազմներով անցան, արդեն քանի անգամ մեր երիտասարդների ոսկե սերունդ զոհեցինք, արդեն քանի սերունդ որբացած երեխաներ մեծացրինք, վերջում էլ ունեցանք հայրենիքի մի մասի կորուստ․ հայրենիք, որ հազարավորների կյանք էր, դարերի պատմություն էր, գերեզմաններ էին, վանքեր ու եկեղեցիներ, նաև՝ հիշողության ցավ, որ նույնիսկ մանուկների հոգում է նստած։

Հիշողություններից բացի, մանուկների երազանքներն էլ են ցավոտ։ Սովորական, երջանիկ կյանքով ապրող երեխան երազանքների պահին էլ է երեխա։ Գիտի ինքն ինչ խաղալիք կամ հետաքրքիր բան է ուզում։ Իսկ մեր երեխաների երազանքներն այլ են։ Հիմնականում նրանք տուն վերադառնալու մասին են երազում, երազում են այլևս վարձով բնակարան չփնտրել, ուզում են ունենալ իրենց տունը, իրենց սենյակը, պահարանը և դասավորել ամեն ինչ իրենց ուզած ձևով՝ ինչպես Մանեն։ Նա անընդհատ երազում է իր սենյակը իր ուզած ձևով դասավորելու մասին՝ առանց մանրամասնելու, թե ինչ սենյակի մասին է խոսքը, որտեղ է լինելու դա։ Իսկ մենք ոչինչ չենք հարցնում, գիտենք, որ առաջին հերթին իր սենյակն է հիշում։

Եվ, որ ամենացավալին է մեր երեխաների երազանքներից, նրանց մի մասն էլ ուզում է նորից վերադառնալ այն կյանքին, երբ հայրիկն իր կողքին էր, կամ՝ քեռին, պապիկը, հոպարը, որևէ հարազատ, որոնք արդեն չկան այս կյանքում, զոհվել են հանուն հայրենիքի։

Ցավ է, որ մեր մանուկները մեծանում են ոչ մանկական երազանքներով ապրելով, մեծերիս պես՝ հոգում խեղդած ցավը, տառապանքը, կարոտը․․․

․․․Ո՞վ է մեղավոր մեր երեխաների նման կյանքի համար, կյանք, որ այլևս առաջվանը չէ, որ ամեն ինչով նոր է, բայց՝ դաժան նոր։ Նոր բնակավայր, նոր կյանք, նոր դպրոց կամ մանկապարտեզ, նոր ընկերներ, նոր, նոր, նոր․․․ Նորի ու հնի համեմատության մեջ նորն արդեն ոչ ցանկալի վիճակ է՝ ոչ դրական իմաստով։ Ի՞նչ պիտի անենք, ինչպե՞ս  պիտի հասնենք նրան, որ գոնե երեխաները փոքրիշատե դրական իմաստ տեսնեն այդ նորի մեջ։ Իսկ ինչպե՞ս մեղմենք ա՛յն փոքրիկների հոգու ցավը, որոնք հարազատ են կորցրել, ի՞նչ ջանքեր գործադրենք կամ ի՞նչ անենք նրանց համար, որ կարողանանք հարազատի կորստի ցավը մեղմել։ Մանավանդ՝ ես և ինձ նման շատերը, որ մեկ անգամ արդեն անցել ենք այս ճանապարհով, երբ Արցախյան առաջին պատերազմից հետո կորստի ցավը խեղդած՝ որբ ենք մեծացրել, ավելի շատ ենք ցավում այն ընտանիքների համար, որոնք և՛ հարազատի կորուստ ունեցան վերջին երկու պատերազմների ժամանակ, և՛ հայրենիքի կորուստ։

Բոլորս պետք է տոկանք, ուժեղանանք, բռունցքվենք, պայքարի ոգով, սիրով ու ջերմությամբ լցվենք մեկս մյուսի հանդեպ, որ գոնե այդպես կարողանանք դիմակայել ամեն ինչին։ Փորձենք հոգատարությամբ շրջապատել իրար, բարի կամք դրսևորել և ապրել, շարունակել մեր կիսատված կյանքը։ Դեռ չգիտենք այս մեծ խաղերի մեջ է՞լ ինչ է սպասվում Հայոց աշխարհին։ Չգիտենք՝ դեռ ինչքա՞ն կտևի այս վիճակը, արդյո՞ք նորից կունենանք ամբողջական հայրենիք, ե՞րբ…

Հարցեր, որոնց պատասխանները չգիտենք։ Բայց, մինչ այդ՝ ուղղակի հարկավոր է ապրել․․․

Գենյա Գալստյան

1