«Արցախի կանչը» հուշակոթող՝ նվիրված ազատագրական պայքարի բոլոր նվիրյալներին
«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ Արցախի նախագահի նախաձեռնությամբ, հասարակության լայն շերտերի քննարկումների արդյունքում, Հայաստանի Կառավարության հետ ձեռք բերված համաձայնությամբ տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողություն:
Այն նվիրված է Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված եւ 2023-ի պայթյունի Արցախում հուղարկավորված զոհերի հիշատակին:
Հիմնարկեքի արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահը, օրենսդիր եւ գործադիր մարմիների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, զոհված ազատամարտիկների, պայթյունի հետեւանքով զոհված արցախցիների հարազատներ, հայրենակիցներ:
Արցախի տեղահանումից մեկ տարի անց Արցախի հողում ննջող մեր պայքարի նվիրյալների հարազատների համար սա մխիթարանքի մի վայր կլինի, ուր կկարողանան ծաղիկներ խոնարհել ու խնկարկել հարազատների հիշատակը:
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը օրհնության կարգ եւ հոգեհանգստյան պաշտոն կատարեց, նա աղոթք բարձարցրեց 2023թ-ի սեպտեմբերի 25-ի պայթյունի հետեւանքով զոհված հայրենակիցների հիշատակին, վաղը՝ մեկ տարին է լրանում:
«Քրիստոնեությունը մեր արժանապատվությունն է. մեր արժանապատվությունը, համայն հայության խաչը Արցախն է, որը գերեվարված է այսօր: Քրիսոտնյա աշխարհը պետք է կրկին զգա, որ գերեվարված է իր արժանապատվությունը, որպեսզի նորից վերականագնի հայի, քրիստոնյայի արժանապատվությունը:
Իմ թիկունքին երկու դրոշ է՝ Հայաստանի եւ Արցախի, մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլ կարողանա իր առաքելությունն իրականացնել, տեսանելի լինի՝ որպես միակ երաշխավոր Արցախի ժողովրդի իրավունքների»,- իր խոսքում նշել է Արցախի թեմի առաջնոդրը, ապա՝ օրհնության կարգ կատարել:
«Արցախի կանչ» հուշակոթողը հնարավորինս նման է լինելու Ստեփանակերտի հուշահամալիրին։ Հուշակոթողի ճարտարապետներից Միքայել Սարգսյանն այսօր կայացած հիմնարկեքին հայտնել է, որ կոթողի տարածքը մոտ 500 քառ մետր է։ Բուն կոթողը ունենալու է 6 մետր բարձրություն։ «Ճարտարապետական մինիմալիստական ոճով է պատրաստվելու, որպեսզի մեր ժողովրդի պարզությունն արտացոլվի։ Ունենալու է բաց խորան, որտեղ բրոնզե տառերով գրվելու է հուշակոթողի անվանումը, լինելու է ծաղիկների խոնարհման, մոմավառության, խունկ ծխելու տեղեր»,- նշել է նա։
«Ապառաժ»-ի ֆոտոշարքը