Արցախի իշխանությունները անհանգստացած են

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը news.am-ին պարզաբանում է տրամադրել այն տեղեկատվության վերաբերյալ, որ Արցախից քաղաքացիներ են մասնակցելու Փաշինյանի կազմակերպած այսօրվա հանրահավաքին:
«Արցախի իշխանությունները անհանգստությամբ հետևում են Մայր Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին՝ ազգանպաստ և պետականամետ լուծում ակնկալելով: Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահը որոշ միջնորդական ջանքեր է գործադրել իշխանությունների ու ԶՈՒ հրամանատարության միջև երկխոսության ապահովման նպատակով: Արցախի իշխանությունները, նախագահը և պետական մյուս հաստատությունները չեն կարող ներգրավված լինել որևէ այլ գործընթացում, մանավանդ՝ որևէ կողմի հանրահավաքներին մասնակցությունը կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակությունը: Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և խիստ դատապարտելի հատկապես այս լարված իրավիճակում»,-ասվում է պարզաբանման մեջ:
Նշենք, որ ըստ համացանցում տարածված լուրերի Արցախից մոտ 1000 հոգի է պատրաստվում մասնակցել Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին:
Հիշեցնենք, որ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը և «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱՀ ԱԺ փոխխոսնակ, Գագիկ Բաղունցը հերքել են այն լուրը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 մարտի 1-ի հայտարարված հանրահավաքին, իրենց կուսակցություններից մասնակցություն պետք է ապահովեն:
Իսկ ՔՄԴ կուսակցությունը ֆեյբուքյան էջում հերքելով իր անդամների մասնակցության հարցը շեշտել է. «ՀՀ-ում իշխանությունների կողմից կազմակերպված հապճեպ ցույցին անգամ ժամանակային տեսանկյունից Արցախից մասնակցությունը թեորիապես անհնար կլիներ»։