Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները՝ Մարտունիում

Դեկտեմբերի 4-ին ԱՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը հանդիպեց Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի /Բելգիայի ֆրանկոֆոն օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչների Արցախի հետ բարեկամության շրջանակ/ անդամների հետ, որոնց ուղեկցում էին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:
Հանդիպումն անցավ բավականին ջերմ մթնոլորտում: Շրջվարչակազմի ղեկավարը երախտագիտություն հայտնեց հյուրերին՝ ներկայանալու և այս օրերին մեզ հետ լինելու, ինչպես նաև այն ամենի համար, որ իրենց կողմից արվում է Արցախից դուրս, որ արվում է Արցախի ներսում, ինչն անգնահատելի կարևոր է Արցախի ու արցախցիների համար: Այնուհետև հակիրճ ներկայացրեց շրջանում առկա իրավիճակը՝ կանգ առնելով այն խնդիրների վրա, որոնք առաջացել են ռազմական գործողությունների հետևանքով:

Բարեկամության խմբի անդամները Ա.Մելքումյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ արտահայտելով արցախցիների անվտանգությանը, սոցիալական, տնտեսական վիճակին, հետագա գոյության ու զարգացման վերաբերյալ իրենց մտահոգությունները: Ա.Մելքումյանը հանգամանորեն պատասխանեց առաջադրված հարցերին և մեկնաբանեց տարբեր իրավիճակների հետ կապված վերլուծությունները:
Հանդիպման ընթացքում Բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն հայտնեցին նյութական աջակցություն ցուցաբերելու համար՝ առաջնահերթ տնտեսական, սոցիալական, առողջապահական ոլորտներին ուղղված, ինչպես նաև հետագայում բարեկամական կապն ավելի ամրապնդելու և էլ ավելի համակցված աշխատանք տանելու, շրջանին առավել օգտակար լինելու վերաբերյալ:

Հանդիպման վերջում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը նշեց, որ 2015թ.-ի սեպտեմբերին Եվրոպայի հայ դատի գրասենյակի անդամներն առաջին անգամ այցելեցին Արցախ: Շատ բելգիացիներ են այցելել Արցախ, այդ թվում՝ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ու դա եղել է առաջին քայլը: Նրանք մարդիկ են, ովքեր սրտացավ են, ովքեր ուզում են օգնել Արցախի ժողովրդին: Այսպես Գրասենյակի աջակցությամբ ստեղծվեց բարեկամության շրջանակ: Օրվա այցը դրա շարունակությունն է: Խմբի անդամներից յուրաքանչյուրն առնվազը երկու անգամ եղել է Արցախում, բավականին քաջատեղյակ են այն խնդիրներին, որոնք հուզում են արցախցուն: Նրանք ողջ ռազմագործողությունների ընթացքին մշտապես հետևում, իրազեկվում էին, աշխատում՝ Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու ուղղությամբ:
Այսօր էլ եկել են, որպեսզի իմանան՝ ինչով կարող են օգնել, հասկանան՝ որոնք են ամենասուր խնդիրները և ինչպես օգտակար լինել, որպեսզի այն քայլերը, որոնք պիտի կատարվեն՝ ավելի նպատակային լինեն:

Անշուշտ, կա նաև բարոյական կողմը, այսինքն՝ արցախցիներին ցույց տալ, որ մենակ չեն , որ իրենց կողքին են: Պարզվեց՝ այլազգի անդամները հայ ժողովրդի հետ գենետիկ առումով որևէ կապ չունեն: Նրանք, տեղեկանալով մեր երկրի ու ժողովրդի մասին, զուտ մարդասիրությունից ելնելով, պատրաստակամություն և կամք են դրսևորում՝ օգնել, աջակից լինել մեր ժողովրդին:
Ամարաս