Արցախի հերոս Հայկ Կիրակոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախի հերոսներ » Արցախի հերոս Հայկ Կիրակոսյան

Արցախի հերոս Հայկ Կիրակոսյան

Խիզախ, հայրենասեր, հայրենիքին նվիրված զինվորական Հայկ Կիրակոսյանին Հադրութում շատերը գիտեին: Գիտակից կյանքի մեծ մասն Արցախի սահմանների պաշտպանությանը նվիրած հրամանատարն իր մարդկային, ռազմական որակները ցուցադրել է և՛ Ապրիլյան, և՛ 44-օրյա պատերազմի օրերին, և՛ Հադրութի բոլոր դիրքերում 14 տարի շարունակ ամենօրյա նվիրված ծառայությամբ:

Հայկ Կիրակոսյանը ծնվել է 1986թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Ապարանի շրջանի Արագած գյուղում։ Արծվիկ Կիրակոսյանի և Գոհար Խալաթյանի ավագ որդին էր և ընդօրինակելի կերպար էր իր եղբոր ու քրոջ համար։ 1993թ. Հայկը հաճախում է հայրենի Արագածի Դերենիկ Դերենիկյանի անվան դպրոց և գերազանցությամբ ավարտում այն։

Ինչպես «Ապառաժ»-ի հետ զրույցում նշում է Հայկի հայրը՝ Արծվիկ Կիրակոսյանը, դպրոցում գերազանց առաջադիմություն է ունեցել, բայց դեռ փոքր տարիքից ավելի շատ հետաքրքված էր ռազմական գիտությամբ։ «5-6 տարեկանից էր կարծես ընտրել իր տարերքը, խաղալիք ատրճանակներ էր սարքում, բակում կռիվ-կռիվ խաղում։ Ասում էր՝ անպայման հայրենիքի պաշտպան պիտի դառնամ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որը նույնպես գերազանցությամբ է ավարտում»,- ասում է հայրը։

Հայկին դեռևս դպրոցական տարիներից ծանոթ կինը՝ Մարգարիտա Հարությունյանը, պատմում է, որ նա փոքր տարիքից միշտ սիրել է հաղթողի դերում լինել. պարտվել չգիտեր։ Ամուսնու հետ մինչև չորրորդ դասարանը միասին են սովորել, հետո ինքը տեղափոխվել է Ռուսաստան, ու չափահաս տարիքում վերադառնալով հայրենիք՝ երկրորդ անգամ է ծանոթացել Հայկի հետ: 2007թ. ամուսնացել են: Ունեն երկու զավակ՝ Եղիշե ու Գոհար։ Ընտանիքը Հայկի հետ միասին է անցել իր ճանապարհը՝ ավագ լեյտենանտից մինչև փոխգնդապետի պաշտոն, Արագածից մինչև Թաղասեռ ու Հադրութ։

Վ. Սարգսյանի անունը կրող ինստիտուտն ավարտելուց հետո՝ 2007թ., Հայկը Հադրութի առաջին պաշտպանականում նշանակվում է դասակի հրամանատար: Ինչպես նշում են հարազատներն ու ընկերները՝ նա առանձնակի հպարտությամբ ու ոգևորությամբ է ընդունում Արցախում ու հատկապես Հադրութում ծառայելու որոշումը:

Իր մասին ասում են՝ ամենալավ հադրութցին ապարանցի Հայկոն է: «Աշխարհը մի կողմ էր, Արցախը՝ մի։ Ամենասիրելի վայրը Հադրութն էր. մի ուրիշ կարգի էր սիրահարված Հադրութին: Չէր ընդունում արցախցի-հայաստանցի բաժանումը: Երբ իր մոտ այդ մասին խոսում էին, սաստում էր՝ այդպիսի բան չասեք: Նաև շատ հայրենասեր, նվիրված, կարգապահ սպա էր. երկու տարին մեկ կոչումը բարձրացել է»,- պատմում է հայրը։

Հայկ Կիրակոսյանը Հադրութում ծառայելու 14 տարիների ընթացքում դասակի հրամանատարից մինչև գնդի հրամանատարի կոչմանն է արժանանում։ Զինակից ընկերները նրան որպես պահանջկոտ ու հոգատար հրամանատար են բնորոշում:

«Աշխատում էր միշտ առաջինը լինել, ու ստացվում էր։ Դրա համար շատ երիտասարդ տարիքում զորամասի հրամանատար է դարձել։ Հենց այնպես չէ, որ Հադրութի դիրքերում հակառակորդը 1սմ առաջխաղացում չի ունեցել. դա նաև Հայկի շնորհիվ է»,- «Նվիրյալները» հաղորդաշարի՝ Հայկ Կիրակոսյանին նվիրված հաղորդման ժամանակ փաստում է մարտական ընկեր Սամվել Աղաջանյանը:

Զինակից ընկերներից Արեն Արզումանյանն էլ նշում է, որ Հայկը ծառայության մեջ ուրիշ էր. պարտադիր պիտի տրված խնդիրը կատարեր: «Հադրութի ճակատը լավ գիտեր, դասակի հրամանատար եղած ժամանակից այդ ճակատում ցանկացած տեղ ծառայել է։ Մեզ վստահված դիրքերում հակառակորդը չէր համարձակվում նույնիսկ գլուխը խրամատից հանել։ Հայկը ազնիվ, խիզախ էր, հրամանատարները շատ բան ունեն սովորելու նրանից»,- ասում է Ա. Արզումանյանը։

Հայկ Կիրակոսյանն ու Արման Հակոբյանը վարում են մարտը

Առաջին պաշտպանական շրջանի հրետանու գծով տեղակալ, փոխգնդապետ Արման Հակոբյանը Հայկ Կիրակոսյանի հետ ծանոթացել է 2017թ․ համատեղ ծառայության բերումով։ «Այդ ժամանակ ինքը զբաղեցնում էր հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալի պաշտոնը։ Շատ խստապահանջ էր, պարտադիր ներկա էր գտնվում առավոտյան ֆիզիկական պատրաստությանը, 6։30-ին արդեն զորամասում էր և անձամբ էր մասնակցում պարապմունքներին։ Իսկ արդեն շտաբի պետի պաշտոնում, երբ ընդհանուր մարտի ղեկավարումը, պլանավորումը նրա ուսերին էր, բարձր մակարդակով վարեց մարտը»,- նշում է ընկերը։

Ծառայության մեջ Հայկն անընդհատ կատարելագործվում էր, նոր գիտելիքներ ձեռք բերում: 2014թ. մեկնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և մեկ տարի այնտեղի ակադեմիայում ուսանում: Ակադեմիան ավարտելուց հետո նշանակվում է Հադրութի զորամասի գումարտակի հրամանատար, երկու տարի անց՝ հրամանատարի առաջին տեղակալ մարտավարության գծով։

2019թ. Հայկն անցնում է Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային դասերը և մեկ տարի սովորելուց հետո՝ 2020թ. ամռանը նշանակվում Հադրութի զորամասի գնդի շտաբի պետ: Այդ նշանակումից մեկ ամիս անց սկսվում է պատերազմը։ Պատերազմի առաջին օրերին՝ հոկտեմբերի 5-ին, նշանակվում է Հադրութի զորամասի հրամանատար։

Ու ինչպես փաստում են ականատեսները, Հայկն իր վրա դրված պատասխանատվությունն արդարացրել է. զենքը ձեռքին շտապում էր առաջնագիծ, կռիվ տալիս ու, ոտքով արագ վերադառնալով հրամանատարական կետ, շարունակում  ամբողջ պաշտպանական շրջանի պաշտպանությունը։

Պատերազմի երրորդ օրը բեկորային վիրավորում է ստանում, մի քանի օր հետո մյուս ոտքից էլ է վիրավորվում, բայց դիրքը, իր զինվորներին չի թողնում։

Հայկ Կիրակոսյանի մարտական ընկեր, փոխգնդապետ, Անդրեյ Համզոյանը առաջին պաշտպանականում վաշտի հրամանատար էր, երբ Հայկը նշանակվեց դասակի հրամանատար։ «Առաջին իսկ օրվանից տպավորությունը դրական էր․ աշխույժ, բանիմաց, աշխատասեր, հիմնական ժամանակն անց էր կացնում զորամասում։ Ե՛վ սովորում էր, և՛ փորձում էր իր գիտելիքները ուսուցանել անձնակազմին։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար էր և մեծ փորձ է ձեռք բերել այդ պատերազմի ընթացքում։ Միշտ եղել է լավագույնների շարքում»,- ասում է Ա․ Համզոյանը։

Նա 44-օրյա պատերազմի օրերին հոկտեմբերի 17-ից է միացել Հադրութի պաշտպանականին, մինչ այդ Ջաբրաիլում էր․ «Կիրակոսյանը նոր էր նշանակվել առաջին պաշտպանականի հրամանատար և շտաբի պետի պաշտոնը թափուր էր, առաջարկեց, որպեսզի ես զբաղեցնեմ։ Քանի որ Հադրութն ինձ համար հարազատ զորամաս է և տեղանքը գիտեի, համաձայնել եմ և դարձել նրա տեղակալ, դրանից հետո օրուգիշեր միասին ենք եղել։ Նա ցանկացած խնդրի անմիջական մասնակցություն էր ունենում, զինվորի հետ խրամատում էր, այդ հանգամանքներից ելնելով էլ կային խնդիրներ, որոնք պիտի կատարեր հետախուզական ստորաբաժանումը կամ այլ ստորաբաժանումներ, սակայն միասին էինք կատարում»,- նշում է զինակից ընկերը։

Նրա խոսքով՝ Հադրութի ուղղության հրամանատար Շաքարյանի զոհվելուց հետո ամբողջ բեռը ընկավ Կիրակոսյանի ուսերին․ «Նա ոչ միայն զորամասն էր ղեկավարում, այլև Ջաբրաիլի երկու գումարտակները, կամավորների, Հադրութին միացած ստորաբաժանումները։ Ճիշտ է, շատ մարդիկ մտածում են, որ եթե Հադրութն ընկել է, ապա զորամասն իր խնդիրը չի կատարել, բայց զորամասը մինչև վերջին վայրկյանը առաջնագծում իր խնդիրը կատարել է։ «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով մինչև հոկտեմբերի 27-ը մնացել է առաջնագծում, այն դեպքում, երբ ամսի 10-ից Հադրութը և թիկունքը մինչև 40-50 կմ խորությամբ հակառակորդի վերահսկողության տակ էին։ Կիրակոսյանը մարտեր էր վարում դեպի առաջ, դեպի աջ ու դեպի թիկունք»։

Բայց ավելի դժվար էր նահանջի հրամանին ենթարկվելն ու նահանջը կազմակերպելը․ այլ բան է, երբ քո հիմնական տեղում ես և գիտես քո խնդիրը, քո զինվորների բարոյահոգեբական վիճակը բարձր է, և լրիվությամբ այլ վիճակ է, երբ թողնում ես դիրքերը և դուրս գալիս այդ հատվածից։ «Մեր հմուտ ղեկավարման շնորհիվ կարողացել ենք առանց որևէ պատահարի գիշերվա ընթացքում դուրս գալ և միանալ երկրորդ պաշտպանականին»,- ասում է Ա․ Համզոյանը։

Հոկտեմբերի 27-ին ինքն է զորքը հանել Հադրութի առաջնագծից: Քաղաքն արդեն հանձնված էր, միայն իր պաշտպանած գիծն էր մնացել։ Փոխգնդապետ Կիրակոսյանը իր մարտիկներին առանց կորուստների շրջափակումից դուրս բերելուց հետո դիրքեր է զբաղեցնում Մարտունու մոտ ու մեկն էր նրանցից, ովքեր կանգնեցրին թշնամուն այդ ուղղությամբ։

«Հայկն ընդհանրապես քչախոս էր, իսկ պատերազմի օրերին՝ առավել ևս: Մի քանի օր կապ չկար, իսկ երբ հաջողվում էր խոսել, ասում էր՝ պապ ջան, ամեն ինչ նորմալ է, ու վերջ: Օրեր, շաբաթներ կային, որ չէինք կարողանում խոսել: Ուրիշ ծանոթ տղաներից ենք տեղեկացել, որ Հայկի հետ ամեն ինչ նորմալ է: Ամենաշատը խոսել ենք շրջափակման վերջին օրը»,-հիշում է հայրը:

Կինն ու երեխաները մինչև վերջ Հադրութ քաղաքում էին: Հայկն էլ չէր հավատում, որ կարող են քաղաքը գրավել: «Խելագարվում էր, երբ իմացավ՝ Հադրութը տվել են: Այնտեղից դուրս չեկավ մինչև հոկտեմբերի 27-ը: Ջրականից (Ջաբրայիլ), Վարանդայից (Ֆիզուլի) փրկված բոլոր զինվորներին համալրեց իր զորամաս ու այնտեղից էլ մի մարդու նման Մարտունի հասցրեց»,- նշում է Արծվիկ Կիրակոսյանը:

Հոկտեմբերի 28-ին Մարտունու «Նռան բաղ» կոչվող տեղանքում առաջադրանք է ստանում հետ վերցնել գրավված բլուրը: Առաջադրանքը հաջողությամբ իրագործում է, որից հետո երկու օրով հանգստի են ուղարկում: «Հոկտեմբերի 30-ի առավոտյան եկավ, երկու ժամ էլ չմնաց, նորից հետ գնաց: Ապշած մնացինք, տեղյակ չէինք, որ հանգստի էին ուղարկել: Թրաշով, առանց ուսադիրների էր: Ուսադիրները ինքն է շպրտել, որ եթե հանկարծ գերի ընկնի՝ չիմանան ով է: Դեռ ոտքերից կաղում էր, ինչքան խնդրեցինք, չմնաց: Ասաց՝ պապ, զորքս ինձ է սպասում»,- պատմում է հայրը:

Խոսելով պատերազմի օրերին իրենց տրամադրության մասին՝ Հայկի ընկերներից Արման Հակոբյանը նշում է, որ բոլորի տրամադրությունը շատ բարձր էր՝ նույնիսկ շրջափակման մեջ եղած ժամանակ, նույնիսկ երբ արդեն գիտեին, որ հրամանատարական կետն էլ է շրջափակված։ «Միայն մի օր էինք տխուր, երբ իմացանք, որ գնդապետ Շաքարյանը զոհվել է։ Մեր շրջափակումից դուրս գալուց երկու օր առաջ էր՝ հոկտեմբերի 25-ին։ Իսկ մարտի ընթացքում ո՛չ զինվոր, ո՛չ սպա, ոչ մեկն ընկճված չէր»,- ասում է նա։

Հոկտեմբերի 31-ին Մարտունու մոտ նորից խնդիր պիտի կատարեր, բայց ճանապարհին անօդաչուով խփում են մեքենային:  Դեպքի պահին Հայկ Կիրակոսյանի հետ էր նաև Անդրեյ Համզոյանը։ «Առավոտ լուսաբացին գնացինք դիվիզիայի հրամանատարական կետ։ Բարձրացանք լեռը, ես էի, Կիրակոսյանը, կապի պետը, վարորդը և մոտակայքում նաև մեկ սպա կար։ Երբ մոտեցանք մեքենային, ԱԹՍ-ով խոցվեցինք։ Ինձ ծայրաստիճան ծանր վիճակում տեղափոխել են, մի քան ամիս կոմայի մեջ էի, մինչև հիմա բուժման մեջ եմ։ Հետո իմացա, որ Կիրակոսյանը զոհվել է»,- դեպքի մասին պատմում է վիրավոր ընկերը։

«Ինքը «Վիլիսի» մեջ չի եղել, իջել էր, որ հետախույզներին հանձնարարական տար: Չորս հոգով էին: ԱԹՍ հարվածից հետո ուշ են հանում: Նրա ձախ ոտնաթաթն է կտրված եղել, ուղղակի 30-35 րոպե ուշագնաց վիճակում էր, ու արնաքամ լինելով մահացավ»,- ասում է հայրը՝ ավելացնելով, որ որդին ու Արցախի մեկ այլ հերոս՝ Սերգեյ Շաքարյանը չէին ենթարկվում նահանջ հրամանին, չէին լքում իրենց պահած սահմանը: «Արցախի երկրորդ փոքր Մոնթեն էր»,- շեշտում է նա:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանին 2021թ. հոկտեմբերի 31-ին շնորհվել է «Ոսկե արծիվ» շքանշան, «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Զոհվելու օրը պարգևատրվել էր «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի լսարաններից մեկը հուլիսի մեկին անվանակոչվել է  Հայկ Կիրակոսյանի անունով:

2022թ. հուլիսի 27-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Հայկ Կիրակոսյանին շնորհվում է գնդապետի կոչում՝ հաշվի առնելով 2020թ. մարտական գործողությունների և ռազմական դրության պայմաններում առանձնահատուկ մասնագիտական հմտություններ դրսևորած, հրամանատարների առաջադրանքները ժամանակին ու ճիշտ կատարած զինծառայողներին խրախուսման կարգով վաղաժամկետ հերթական զինվորական կոչում շնորհելու վերաբերյալ մինչև նրա զոհվելը ներկայացված միջնորդությունները:

Հայկ Կիրակոսյանի անունով է կոչվում նաև Արագած գյուղի դպրոցի դասարաններից մեկը: Արցախի հերոսը հուղարկավորված է հայրենի գյուղի ընտանեկան գերեզմանոցում:

Հայկ Կիրակոսյանի նման քաջ մարտիկների անձնազոհության, գիտելիքների, հմտության շնորհիվ այսօր ունենք Արցախի Հանրապետություն, իսկ նրա ռազմական քաջագործությունները, հրամանատարական ունակությունները, նվիրվածությունը օրինակ կլինեն այն սերունդների համար, ովքեր հետ կբերեն Հայկի ու մյուս հերոսների կյանքի, տարիների անձնվեր ծառայության գնով պաշտպանված մեր հայրենիքի կորսված հատվածները:

Տաթևիկ Աղաջանյան

1