Արցախի հերոս Արթուր Աղասյանի ծննդյան 25-ամյակին նվիրված միջոցառում՝ Մարտունիում
Այսօր՝ ապրիլի 7-ին,Մարտունու՝ ԱՀ հերոս Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել Արթուր Աղասյանի ծննդյան 25-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Արթուրի ընտանիքի անդամներն ու հարազատները, մարտական ու գաղափարական ընկերները, ուսուցիչները, ՀՅԴ Մարտունու կոմիտեի ընկերները, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության և ՀՅԴ Արցախի պատանեկան միության մարտունու «Մերուժան Մոսիյան» մասնաճյուղի ընկերները, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանը։
Միջոցառումը բացվել է ԱՀ օրհներգով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակը։
Միջոցառուման սկզբին Դիանա Մարտիրոսյանը բացման խոսքում ասել է․
«Զարկեցին ու զարկվեցին, հերոսացան ու ձուլվեցին մայր հողին, որ անառիկ պահեն հողն այս սրբագործված. արյունահեղ Արցախում, արյան ու արցունքի անհատակ բովում մարել են բազում մատաղ կյանքեր՝ կիսատ թողնելով անթիվ երազներ. այդ արցունքներով էլ գրվեց Արցախյան պատմության մատյանի նորօրյա էջը։ Ազգի պատմության բախտորոշ պահերին ժողովրդի ծոցից ելնում են անհատներ, ովքեր անմնացորդ նվիրվում են հայրենիքին։ Եվ այդ գաղափարներով է առաջնորդվում ամեն մի հայ։ Եվ այդ գաղափարներով է դաստիարակվում այսօր մի ողջ սերունդ։ Այդ ընտրյալների և քաջորդիների շարքում էր նաև Արթուր Գրիգորիի Աղասյանը՝ փոքրամարմին, բայց մեծ ոգով և հերոսական կեցվածքով, ով մարտիրոսվեց և դարձավ 2016թ. ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոս։ Փա՛ռք ձեզ, տղանե՛ր, փա՛ռք ձեզ ծնող մայրերին։ Դուք ապացուցեցիք, որ ապրելու համար պետք է հավատալ, որ պիտի ապրես։ Զի թուրն ավելի արդար է կռվում, զի կյանքն անոնց է միայն, որ քաջ է։ Հիշե՛նք ու մեծարենք մեր հերոս ուխտյալ նահատակներին, ովքեր մտան պատմության մեջ որպես հերոսներ, իսկ վաղը սերունդներին կներկայանան որպես լեգենդներ։
Մեր հերո՛ս Արթուրներ, Աստված ձեզ ընձեռեց բացառիկ հնարավորություն՝ աստվածացումի սուրբ ճանապարհին, այն է՝ նահատակվել, կյանքը տալ հայրենիքին, հոգին՝ աստծուն, պատիվը՝ մեզ»։
Մարտունու Սբ․ Ներսես Մեծ եկեղեցու Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանը ներկաների հետ աղոթք բարձրացրեց առ Աստված՝ զոհվածների հոգու խաղաղության համար։
Նա հորդրորեց ներկաներին, որ մեր հողի յուրաքանչյուր մասնիկի վրա չկասկածենք, չմտածենք, որ այս հողն այևս մերը չէ։
«Այս հողը մերն է, ներկված է մեր հերոսների արյամբ, և երբեք մեր մանուկներին չասե՛ք, թե այս հողի մեջ արյուն կա, մի՛ խաղացեք այդ քարերով․ դրանով կվիրավորեք մեր հերոսներին։ Իհա՛րկե, այս հողը ներկված է հերոսների արյամբ, ուստի աղոթքս և պատգամս է, որ միշտ մնաք հավատարիմ ձեր մայր հողին, հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և մեր փրկիչ Հիսուս Քրիստոսին, ում շնորհքը թող ձեզ հետ լինի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն»,-ասել է նա։
Միջոցառմանը ելույթ է ունեցել պատմության ուսուցչուհի, դաշնակցական Քնար Բադալյանը։
«Հայրենիքը այն տեղն է, որ եթե կորցնես՝ այլևս ոչինչ չես ունենա կորցնելու։ Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է, ես կասեի հայ տեսակի արժանիքը։ Արցախյան պատերազմը, ապրիլյան 4-օրյան և 44-օրյան լուրջ քննություն եղան հայի և նրա արժանիքը հանդիսացող հայրենասիրության համար, որից պատվով դուրս եկան տղաները․ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել։ Այդ հերոսները մեր երեկվա աշակերտներն են, որոնց զոհվելուց հետո մեր ապրելը դարձավ պարտադրանք։
Հայ ազգին վախճան չկա ու չի լինելու, քանզի անմահություն սավառնած մեր արծիվ տղաների սխրանքներ են դա վկայում, մեր քաջասիրտ զինվորների մարտական ոգին։ Այդ աննկուն զինվորներից մեկն էր Արթուր Աղասյանը։
Ես Արթուրին դասավանդել եմ ավագ դպրոցում։ Իսկույն աչքի ընկավ նրա առաջնորդ լինելու տեսակը։ Դպրոցական բոլոր միջոցառումների ժամանակ նա առաջին շարքերում էր և յուրաքանչյուր հերթական միջոցառման ժամանակ ես ավելի էի համոզվում, որ նա իր կամային հատկանիշները դրսևորելու է ավելի պատասխանատու և ավելի ճակատագրական պահերին։ Ապրիլյան 4-օրյա պատերազմը փաստեց դա, երբ Արթուրն իր վաշտի հետ կարողացավ ետ շպրտել ադրբեջանական հատուկ պատրաստված ջոկատայինների «Յաշմա» խումբը։ Նա իր օրինակով ցույց տվեց, որ հայի ոգին անպարտ է և Արթուրին շնորհվեց ՀՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան։
Արթուրը սիրում էր, երբ նրան վստահում էիր, և անպայման աշխատում էր արդարացնել այդ վստահությունը։ Նա սիրում էր ռազմական գործը և սպորտը, ուներ հաղթողի ոգի, որը երևի ձեռք էր բերել սպորտով զբաղվելու տարիներին։ Ոգու ուժն ու մարտիկի բնավորությունը Աղասյանների ընտանեկան հատկանիշներն են։ Արթուրը շատ պահանջկոտ էր, բարձր ոգու տեր, օժտված էր կազմակերպչական բարձր կարողություններով․2016թ․ պատերազմի ժամանակ այդ նույն կերպով դրսևորվեցին այդ կարողությունները։
2020թ․ սեպտեմբերի 27-ին ծառայում էր Մատաղիսում։ Նա իր վաշտով օգնության մեկնեց առաջնագծի զորամասերին ու զորամիավորումներին։ Չնայած ուժեղ հրետակոծությանը՝ շնորհիվ Արթուրի վարպետության վաշտը ոչ մի կորուստ չունեցավ և իր ամբողջ կազմով պատասխան հարված հասցրեց թշնամուն։
Նրանք կռվում էին ոչ մի քայլ ետ սկբունքով․ անգամ նահանջի հրաման ստանալով՝ Արթուրը երազում էր հաղթանակի մասին. նա կամավորների հետ որոշեց հետ վերադարձնել իրենց դիրքը և այդ մարտերի ժամանակ էլ զոհվեց անօդաչուի հարվածից։
Տղե՛րք, բա՛ց արեք դրախտի դուռը․ նորերն են գալիս։ Նրանք էլ արդեն ձեզ նման լուռ են․ երկինք է լալիս։ Նրանք ձեր լույսով փառավորվեցին և անմահացան։ Ի՞նչ ավելացնեմ նրանց․ արարչին տվեցին, անցան։
Ազգովի խոնարհվում ենք Արթուր Աղասյանի և մեր բոլոր ընկած տղաների ծնողների առջև։ Ազգովի կիսում ենք ձեր փառապանծ հերոսների կորստի վիշտը, խոնարհվում նրանց հիշատակի առջև և նրանց սխրանքին արժանի ապրելու ու գործելու երդում տալիս։
Տղերքն անմահ են։ Նրանց շունչն ամենուր է։ Նրանք այս հաղթական հողերի հավերժի ճամփորդն են, մեր սրտում են, մեր հոգում են, մեր աղոթքներում են»,-ասել է Ք․ Բադալյանը։
ՀՅ Դաշնակցության գաղափարների տարածողն ու հայրենիքի մեծ նվիրյալ Արթուր Աղասյանը ՀՅԴ Մարտունու պատանեկան միության պատասխանատուն էր՝ նախքան զինծառայության զորակոչվելը։ Նա եղել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոնա Գրիգորյանի պատանիներից։
«Շատ դժվար է ինձ համար խոսել Արթուրի մասին։ 9 տարեկանից Արթուրն իմ պատանին էր՝ խենթ, համարձակ։ Իմ սիրելի ընկեր Բադալյանը շատ դիպուկ նկարագրեց Արթուրի կամային հատկանիշները։
Ես բազմիցս Արթուրի պատճառով կուսակցության ներսում նկատողություն եմ ստացել․ ինձ՝ որպես վարիչի, միշտ նկատողություն էին անում՝ Արթուրի ինքնուրույն կայացրած որոշումների ու ծրագրերի պատճառով, սակայն երբեք նրան չէի պատմում այդ մասին։
Արթուրն իր տեսակով առաջնորդ էր։ Ու առաջնորդ էր ոչ թե նշանակովի,այլ բնատուր։ Սիրում էր որոշումներ կայացնել և այդ բոլոր որոշումներով նա փորձում էր իր հայերենագիտությունն ի ցույց դնել։
Ապրիլյան պատերազմի օրերին, երբ զոհվեցին Վլադիմիր Նարինյանը, մեր պատանիներից Յուրի Փարամազյանը, ես շատ ընկճված էի։ Այդ ժամանակ ես խորհրդարանում էի աշխատում։ Տիկին ժաննա Գալստյանը եկավ, ինձ գրկեց ու հարցրեց, թե որտեղից եմ ճանաչում Արթուր Աղասյանին։ Ես ասացի, որ Դաշնակցության պատանեկան միության անդամներից էր։ Հետո պետք է բոլորս իմանայինք նրա սխրագործությունների մասին․ շատերը զարմացան, շատերը առաջին անգամ իմացան նրա մասին։ Մի քանի որ հետո Արթուրը զանգեց՝ ասելով՝ ընկե՛ր Ալյոնա, լսե՞լ ես իմ մասին։ Ես ասացի՝ այո՛, բայց խնդրեցի, որ զգույշ լինի, որովհետև ես գիտեի նրա հատկանիշները։
Նա շատ էր սիրում մեր միությունը։ Մինչև բանակ զորակոչվելը կուսակցության շարքեր անցնելու դիմում էր գրել։ Ես վերցրի դիմումն ու ասացի, որ երբ վերադառնա բանակից, այդ ժամանակ էլ կկազմակերպեմ իր խոստումը։
Ծառայության ընթացքում եղավ չարաբաստիկ ապրիլյանը, ինչից հետո նա որոշեց մնալ բանակում և ծառայել հայրենիքին։ Հանեցի դիմումն ու պատռեցի նրա մոտ՝ ասելով․«Արթո՛ւր, դու ամենակարևոր երդումն արդեն տվել ես։ Դաշնակցության երդումն էլ է ծառայել հայրենիքին, և մարդ մի անգամ է երդվում ծառայել հայրենիքին»։
Այնուամենայնիվ, կապը միշտ մեզ հետ կար։ Շատ էր սիրում Դաշնակցությունը։
Շատ եմ ուզում խոսել Արթուրի մասին, բայց շատ դժվար է։ Միայն ուզում եմ տիկին Մարգարիտային խնդրել՝ մեզ նման երիտասարդ մայրերի կողքին այդպես ընկճված մի՛ քայլեք։ Դուք պետք է հերոսի մոր կեցվածքով քայլեք, որովհետև իմ և այստեղ նստած երիտասարդների համար Դուք օրինակ պետք է ծառայեք, դուք հերոսի մայր եք։
Սիրելի՛ պատանիներ, 94թ.-ից հետո թշնամին շատ լավ գիտակցում էր,որ հայ զինվորին հաղթել չի լինի և մտածում էր մի այնպիսի բան ստեղծել, որ կարողանար հաղթել մեր զինվորին։ Այս պատերազմում դուք տեսաք, որ, իրոք, մեր զինվորն անպարտելի է, սակայն մենք չարժևորեցինք մեր զինվորներին։
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր դասաժամերին ամեն օր ներկայացրեք մեր հերոսներին, նրանց սխրագործությունների մասին։
Սիրելի՛ տղաներ, զինվորը պետք է լինի ձեր ամենամեծ կոչումը։ Համազգե՛ստ սիրեք, զե՛նք սիրեք։ Ես հիշում եմ, թե ինչպես էր Արթուրը գուրգուրում իր զենքն այնպես, ինչպես մայրը՝ իր զավակին։ Եթե մենք ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի, իսկ Արթուրն ու Արթուրի նմանները թող օրինակ լինեն ձեզ»,-ասել է Ա․ Գրիգորյանը։
ԱՀ ՊԲ ներկայացուցիչ Հրայր Թաշայանն էլ ելույթի իր խոսքում նշեց․
«2016թ.-ի ապրիլին՝ ակտիվ գործողությունների ավարտից հետո, մասնագիտական գործունեության բերումով մեր լրատվական խմբի հետ միասին բախտ եմ ունեցել այցելելու տվյալ մարտական դիրք, հանդիպել Արթուրին և տղաներին, զրուցել նրանց հետ։
Առաջին տպավորությունն այն էր,որ Արթուրը մեր ՊԲ համար կարող էր այնպիսի սպա դառնալ, որ ամեն ինչով կարող էր օգնել հայրենիքին։ Շատ չանցած՝ ԱՀ ՊԲ հրամանատարության կողից Արթուրը ծառայությունը շարունակելու առաջարկ է ստանում և արդեն սպայական կոչումով շարունակում հետագա գործունեությունը՝ նշանակվելով վաշտի հրամանատար։
2020թ․ պատերազմը երբ սկսվեց, Արթուրն իր պարտականությունները կատարում էր անձնվիրաբար, բարեխղճորեն և արդեն կապիտանի կոչումով։ Բնականաբար ունենալով խիզախության, մասնագիտական կարողությունների այնպիսի որակներ՝ Արթուրը չէր կարող անմասն մնալ այն ամենից, ինչ-որ կատարվում էր մեր հայրենիքի հետ և նա մինչև վերջ պայքարել է հայրենիքի այն հատվածի համար, որը վստահված էր իրեն։
Բազմաթիվ անգամ գերազանցող ուժերի դեմ Արթուրը նվիրաբար է կատարել իր պարտականությունները և հայրենիքին մատուցած բացառիկ ծաայությունների համար ԱՀ նախագահի կողմից արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման։
Ասում են՝ մարդ ապրում է այնքան, որքան նրան հիշում են, որքան նա ապրում է իրեն ճանաչողների սրտերում ու հոգիներում։ Արթուրը իր մարդ ու զինվորական տեսակով հավերժ կմնա մեր բոլորիս ու գալիք սերնդի սրտերում՝ օրինակ ծառայելով նորանոր սխրագործությունների և հաղթանակների համար։
Ավարտելով խոսքս՝ ես ուզում եմ ասել «Ծնունդդ շնորհավոր․ ծառայակի՛ց ընկեր։ Փա՛ռք ու պատի՛վ քեզ և հայրենիքի համար նահատակված բոլոր նվիրյալներին»։
Միջոցառման ընացքում աշակերտնրի և ԱՀ ՊԲ «Ասպետ» համույթի կողմից հնչեցվե են հայրենասիրական երգեր, իսկ ավարտին ի հիշատակ Արթուր Աղասյանի գյումրեցի հոգեբան, գրող Մարինե Մատինա Մանուկյանի հեղինակած և տպագրած գրքերը բաժանվել են Արթուրի ուսուցիչներին։
Արթուր Աղասյանի անունը կրող Մարունու մշակույթի տանը բացվել է նաև Արթուր Աղասյանին նվիրված անկյուն։