Արցախի հարցով նշաձողն իջեցնելու առաջարկը կամ պահանջը հստակ հասցեատերեր ունի. Խաչիկ Տեր-Ղուկասյան
Գլխավոր » Լրահոս » Արցախի հարցով նշաձողն իջեցնելու առաջարկը կամ պահանջը հստակ հասցեատերեր ունի. Խաչիկ Տեր-Ղուկասյան

Արցախի հարցով նշաձողն իջեցնելու առաջարկը կամ պահանջը հստակ հասցեատերեր ունի. Խաչիկ Տեր-Ղուկասյան

Արտաքին քաղաքական ինչ ուղղությամբ է փորձում Հայաստանը գնալ՝ ավելի շատ դեպի Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: 168.am-ի հետ զրույցում Արգենտինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը նշեց, թե չի կարծում, որ հարցն այս կտրվածքով պիտի բանաձևել:

«Աշխարհաքաղաքականորեն Հայաստանն իր անվտանգության առումով կախվածության մեջ է Ռուսաստանից: Պատերազմը և պարտությունն այդ կախվածությունը գրեթե բացարձակացրեցին: Սա նշանակում է՝ ինչ էլ անի Հայաստանը, եթե Ռուսաստանի կանաչ լույսի կարիքը չունենա էլ, նրա կարմիր լույսը, այնուամենայնիվ, չի կարող անտեսել: Այս իրավիճակն արդեն իսկ առկա էր նախքան 44-օրյա պատերազմը: Նրանք, որոնք խաբկանքի մեջ էին, թե 2018-ի ապրիլի իշխանափոխությունից հետո այս իրավիճակը փոխվեց, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո արդեն չէին կարող անտեսել այդ իրողությունը»,- ասաց նա` հավելելով, որ երբ խոսվում է կախվածության աշխարհաքաղաքական պայմանի մասին, դա, բնավ, չի նշանակում ենթարկվածություն կամ համաշխարհային մասշտաբով դիվանագիտական ամլացում:

Մյուս կողմից, միջազգային հարաբերությունների մասնագետը նշեց, որ արտաքին քաղաքականության տրամաբանությունը ՀՀ իշխանությունները նույնացնում են մեծամասնության քվեով ստացած մանդատի և ինչ-որ տեղ բանաձևված տարածաշրջանային խաղաղության դարաշրջան բացելու տեսլականի հետ, որը, ըստ էության, զիջողական պատրաստակամության քողարկում է միայն։

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, և ժամանակ առ ժամանակ հասկացնում, որ Հայաստանը միայնակ է իր խնդիրներում, ո՞ւմ նկատի ունի՝ միջազգային հանրություն ասելով, օրինակ, Ֆրանսիան նման ճնշում չի գործադրել:

Խաչիկ Տեր-Ղուկասյանի խոսքով, «միջազգային հանրությունը», այսպես ասած, մոդայիկ բառ է, տերմին (buzzword), որը, հաճախ թվում է՝ ինչ-որ ազդեցիկ դերակատարի է վերաբերում, սակայն իրականում կոնկրետ դերակատարներից ուշադրությունը շեղելու նպատակով է գործածվում:

«Արցախի հարցով նշաձողն իջեցնելու առաջարկը կամ պահանջը հստակ հասցեատերեր ունի` Ադրբեջան և Թուրքիա: Ուրիշ ո՞ր պետություններն են Արցախի նման առաջարկ արել, և կոնկրետ ի՞նչ են ցանկացել ասել, եթե նման առաջարկ ներկայացվել է… Ի դեպ, որքան գիտեմ, նման կոնկրետ առաջարկ կարող է դրվել բացառապես Մինսկի խմբի կողմից: Արցախի հարցով Հայաստանը միայն այդ խմբի միջնորդական կոնկրետ առաջարկների հիման վրա է, որ պիտի արտահայտվի Արցախի հարցով»,- հավելեց Արգետինայի Լանուսի պետական համալսարանի դասախոսը:

Ադրբեջանն Արցախի հարցը փակված է համարում, Հայաստանը, ամեն դեպքում՝ ոչ, արդյոք ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացին հնարավո՞ր է երկրորդ շունչ հաղորդել:

Խաչիկ Տեր-Ղուկասյանի կարծիքով, ամեն ինչ կախված է դիվանագիտական ակտիվացումից:

«Բերեմ Մալվինյան կղզիների օրինակը։ 1982-ի պատերազմն ավարտվեց նախահարձակ Արգենտինայի պարտությամբ։ Երկիրն այն ժամանակ գտնվում էր  զինվորական բռնատիրության տակ: Բայց սրա արդյունքում ժողովրդավարությունը վերադարձավ, և 1994-ի սահմանադրական բարեփոխմամբ բացառվեց պատերազմի ճանապարհով կղզիների վերադարձը։

Բայց դա պատճառ չհանդիսացավ, որ Մալվինյան հարցով նշանաձողն իջեցվի, ընդհակառակը՝ տեղի ունեցավ դիվանագիտական ակտիվացում և հարանորոգ նախաձեռնողականություն, որ կղզիները տեղավորեց Հարավային Ատլանտայի աշխարհաքաղաքական կարևորության տրամաբանության մեջ: Օրինակը բերում եմ զուտ օրինակի կարգով, համեմատական չէ, որ կանեմ: Կարևորը ներազգային կարգով համախոհության և հանձնառության հաստատագրումն է, որի հիման վրա միայն դիվանագիտությունը, թեկուզև երկար վազք պահանջող, օրակարգի հետ կապված ճշգրտումներ կանի պատմաքաղաքական տարբեր ժամանակներում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մոտ 4 տասնյակ տարի առաջ Արգենտինան, պատերազմելով անգլիացիների դեմ, փորձեց վերահաստատել իր տիրապետությունը Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիներում և ձախողեց։

1982 թվականի ապրիլի 2-ին Արգենտինան կառավարող զինվորական խունտան հայտարարեց, որ վերականգնել է արգենտինյան տիրապետությունը Մալվինյան, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներում։

Պատերազմը տևեց 72 օր և ավարտվեց 1982 թվականի հունիսի 14-ին արգենտինյան ուժերի պարտությամբ:

Այս իրադարձությունները նպաստեցին երկիրը 1976 թվականից կառավարող զինվորական խունտայի անկմանը։ Իսկ 1983 թվականին տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ՝ վերջ դնելով յոթնամյա բռնապետությանը։

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հստակ հասկացնում է, որ խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ պատերազմ չսկսելու համար, իրականում նմանատիպ պայմանագրերը, փաստաթղթերը մանևրելու տեղ թողնո՞ ւմ են, Խաչիկ Տեր-Ղուկասյանն ասաց, որ ադրբեջանական այդ պատգամը հաղթող կողմի հերթական մեծամտության կամ շարունակվող շանտաժի դրսևորում է, ինչպես նաև՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը նոր պատերազմով, և ենթադրաբար՝ նոր պարտության ուրվականով ահաբեկելու փորձ։

Ըստ նրա, սրանով հանդերձ, անխոհեմություն է Ադրբեջանի ասածը լուրջ չընդունելը: Եվ եթե անգամ Ադրբեջանի այս շանտաժը չլիներ, 2020-ի նոյեմբերի 9-ից անմիջապես հետո պիտի նախաձեռնվեր ՀՀ բանակի վերակազմակերպման գործընթացը:

Խոսելով Հայաստան-Ադրբեջան դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացից և այս մասով միջազգային պրակտիկայից, միջազգային հարաբերությունների մասնագետը հիշեց հաջող սահմանագծման մեկ օրինակ՝ Արգենտինայի և Չիլիի միջև, որը վերաբերում էր «սառցակույտերի և բարձր գագաթների կնճռոտ հարցին 1990-ականների սկզբներին»:

«Խոսում ենք 2 ժողովրդավարությունների, միջազգային ոլորտի մեջ մեծ փորձառություն ունեցած դիվանագիտական կորպուսների մասին, և վերջապես երկու երկրների, որոնք Հարավային Ամերիկայի այլ երկրների շարքում 20-րդ դարի սկզբներին նախաձեռնող եղան միջազգային իրավունքի ամրագրմանը` հատկապես ԱՄՆ-ի ռազմական միջամտության դեմն առնելու կամ այդ ախորժակները կարելի չափով զսպելու նպատակով»,- հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ ո՞ր երկրների հետ Հայաստանը կարող է լուրջ հարաբերություններ ստեղծել, արդյո՞ք Լատինական Ամերիկայի, և այն ի՞նչ կարող է տալ Հայաստանին՝ հարցադրումներին ի պատասխան, Խաչիկ Տեր-Ղուկասյանը նշեց, որ դա կախված է արտաքին քաղաքականության ռազմավարությունից և, բնականաբար, դիվանագիտական ակտիվացման համար անհրաժեշտ միջոցների, այդ թվում՝ մասնագիտացած կամ օժանդակ մարդուժի, առկայությունից:

«Հարցը միայն երկրները չեն, այլ նաև միջազգային կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը, այն, ինչը միջազգային հարաբերություններում ընդունված է ասել՝ track two diplomacy, այսինքն, կարևոր ոլորտներ են դիվանագիտական ակտիվացման համար։ Հետևաբար, հարցը պիտի դրվի այսպես՝ Հայաստանը, ոչ միայն ներկայիս, այլ անկախությունից անմիջապես հետո, մտածե՞լ է, թե ինչպես համաշխարհային մասշտաբով տարբեր հարթակներում կարող է օպտիմացնել իր ներկայությունը՝ և՛ ֆորմալ դիվանագիտությամբ, և՛ դրան զուգահեռ գործոններով ու դերակատարներով»,- եզրափակեց Արգետինայի Լանուսի պետական համալսարանի դասախոս Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Աղբյուրը՝ 168.am

1