Արցախի հարցը միտումնավոր հանվում է օրակարգից
Գլխավոր » Լրահոս » Արցախի հարցը միտումնավոր հանվում է օրակարգից

Արցախի հարցը միտումնավոր հանվում է օրակարգից

Արցախի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ  մի խումբ արցախցիներ իրենց դժգոհությունն ու բողոքն են հայտնել միջազգային կառույցներին՝ ընդդեմ նրանց լռության եւ անտարբերության:

Ակցիայի նախաձեռնողները նշեցին, որ այս գործողություններով արցախցիներն իրենց պահանջներն են ներկայացնում ՄԱԿ-ին, միջազգային կառույցներին՝ ճնշումներ գործադրելու Ադրբեջանի վրա: Ադրբեջանն Արցախում ժամ առ ժամ նպատակադրված վերացնում է Արցախի պատմական հետքը,  պատմամշակութային կոթողները, եկեղեցիները, գերազմանները, ինչպես նաեւ շարժական եւ անշարժ գույքը: Միջազգային բոլոր ընդունված փաստաթղթերը մնում են սեղանին, գործուն քայլեր չեն ձեռնարկվում: ՀՀ իշխանությունները եւս արցախցիների իրավունքների վերականգման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում:  Արցախի հարցը միտումնավոր հանվում է օրակարգից:  Արցախցիները նման գործողություններով փորձում են պայքարել իրենց իրավունքների համար եւ այդ կերպ  հրավիրել միջազգային կառույցների ուշադրությունը:

«Մենք պահանջում ենք միջազգային հանրությունից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի չոչնչացվի մեր պատմական ճարտարապետությունը, մշակութային ժառանգությունը, մեր սեփականությունը, որ մնացել է Արցախում: Այսօրվա ակցիայի մեր հիմնական  պահանջը սա է:

Ադրբեջանն Արցախում ոչնչացնում է հայի հետքը, որպեսզի ընդհանրապես չխոսվի արցախցիների վերադարձի մասին: Միջազգային հանրության և ՀՀ իշխանության լռությունը նպաստում է դրան: Չգիտես ինչու Հայաստանում ո՛չ հասարակության լայն զանգվածը, ո՛չ իշխանությունը դրա մասին չեն խոսում: Մենք պետք է այս խնդիրները անընդհատ թեժ պահենք, ինքներս պայքարենք մեր իրավունքների համար»,- նշեցին ակցիայի նախաձեռնողները:

Անհայտ կորած զինծառայողների հարազատները խիստ մտահոգված են միջազգային կառույցների անգործությունից: Նրանք պահանջում են այդ կառույցներից հաշվի առնել արցախցիների իրավունքներն ու պահանջները:  «Արցախը ենթարկվել է ցեղասպանության: Արցախի ժողովուրդը տեսել է չորս պատերազմ, Արցախի երեխաները տեսել են շրջափակում ու սով: Մեր անմեղ բնակչության հաշվին գերտերությունները, միջազգային կառույցները հետապնդել են սեփական՝ ոչ Արցախի ու արցախցու շահերը: Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա և զբաղվի անհայտ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների ճակատագրերով: Մինչև այսօր ոչ մի քայլ չի կատարվել այդ ուղղությամբ, մենք ոչ մի տեղեկություն չունենք մեր հարազատների մասին»,-ասում է ակցիայի մասնակից անհայտ կորած զինծառայողի հարազատը:

Ակցիայի ավարտին նախաձեռնողները նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին:

Ապառաժ

1