Արցախի Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք. ուղերձ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒՂԵՐՁԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ՝
Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և Մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի «Բնակչությունը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտավորության մասին» բանաձևի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության մասին համաժողորդական հանրաքվեի արդյունքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքի, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշման, հակամարտ կողմերի միջև 1994 թվականի մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թվականի մարտի 31-ին ԵԱՀԿ Ղեկավար կազմի Առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եվրախորհրդարանի 2023թ-ի հունվարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» բանաձևը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատված հուլիսի 6-ին) որոշումների, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2023 թվականի հունիսի 22-ի բանաձևի վրա.
Խստորեն դատապարտելով, որ ադրբեջանական կողմն առայսօր պարբերաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները.
Ուշադրություն հրավիրելով, որ մինչև հիմա Ադրբեջանը չի կատարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտավորությունները և ամեն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչը, ըստ Հայտարարության դրույթների, պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո.
Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են։ Այս կապակցությամբ արձանագրում ենք հետևյալ իրողությունները.
— Ադրբեջանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թվականի հունվարի 30-ին, անդամագրվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը (ԵԱՀԽ, 1995 թվականից՝ ԵԱՀԿ), ստանձնել է պարտավորություններ:
ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանությունը, պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում եղած տարաձայնությունների փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվել են իրենց համաձայնությունը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելով։
Ադրբեջանը խախտելով ստանձնած պարտավորությունները՝ սանձազերծել է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ։ Կազմակերպելով իր ինքնապաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն արժանի դիմադրություն ցույց տվեց և պաշտպանեց իր անկախությունը 1992-1994 թվականներին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում։ 1994 թվականի մայիսին Ադրբեջանն ստիպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրել «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչված էր միջազգային հանրության կողմից։
— Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բազմամյա բանակցությունների գործընթացը, 2016 թվականի ապրիլի 2-ին վերստին լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է Ոուսաստանի Դաշնության միջամտությամբ։
— Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ և ռազմական գործողությունների անմիջական կառավարմամբ, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածավալ ռազմական ագրեսիայի
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից» Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում։
-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հրահանգով և համակարգմամբ 2022թ. դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, «բնապահպանների» անվան տակ Շուշի-Քարինտակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և արգելափակել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու Հայաստանի Հանրապետությունների միջև գործող միակ ցամաքային Լաչինի միջանցքը, նաև խափանելով այդ տարածքով էներգակիրների՝ գազի և էլեկտրականության մատակարարումը:
-2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ադրբեջանին պարտավորեցվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:
-2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար՝ երկու ուղղություններով, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին:
— Արհամարհելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները, Ադրբեջանը սույն թվականի ապրիլի 23-ին, ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում՝ խորացնելով շրջափակումը, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ պաշարման մեջ առնելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։
-Այսօրինակ հակամարդկային գործողությունների հետևանքով Արցախում բնակվող 120 հազար խաղաղ բնակիչները (այդ թվում 30 000 երեխաներ) հայտնվել են Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրական վտանգի առջև, շուրջ 30 հազար բռնի տեղահանվածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության վայրեր:
-Հետապնդելով Արցախը հայաթափելու և ուժի կիրառմամբ այն իր կազմի մեջ բռնակցելու անթաքույց նպատակ և, անպատժելիության պայմաններում խախտելով միջազգային իրավունքի գործող նորմերը, Ադրբեջանը հետևողականորեն ապօրինի կերպով զավթում է Լեռնային Ղարաաբաղի (Արցախի) Հանրապետության նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում և ահաբեկում խաղաղ բնակչությանը, ամեն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունեությունը՝ անտանելի դարձնելով մարդկանց կյանքը, միևնույն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր։
Ահազանգելով, որ Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված ԼՂ (Արցախի) Հանրապետության բնակչությունը կանգնած է ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԵԼՈՒ և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ՑԵՂԱՍՊԱՆ գործողությունների վտանգի առջև.
Հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը,
ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է
ՄԱԿ-ի անդամ պետություններին և
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.
— Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը.
— Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.
— Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա։
«___27__»___Հուլիսի___2023 թ․
ք. Ստեփանակերտ