Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել
Գլխավոր » Լրահոս » Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Սեպտեմբերի 6-ին հրավիրվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  հերթական նիստը:

Օրակարգում 4 նախագիծ էր:

 ««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։ Առաջարկվում է տարեկան հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:

Նախագծի ընդունման դեպքում հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պարտադիր աուդիտի կենթարկվեն հանրային միջոցներից 10 միլիոն և ավելի, իսկ ոչ հանրային միջոցներից 3 միլիոն և ավելի ֆինանսավորվելու դեպքում:

Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու  մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» օրենքների նախագծերի փաթեթով  առաջարկվում է դատական գործին մասնակցող անձանց ծանուցել նաև Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով: Սահմանված գործողությունները կատարելուց հետո   15-րդ օրն անձը կհամարվի ծանուցված:

««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվող հավելումներին վերաբերող դրույթները:

Նախագծի ընդունման դեպքում կվերանա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների միջև առկա հակասությունները:

 «Քաղաքացիական ծառայության  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Արմեն Թովմասյանը:

Նախագծով առաջարկվում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակել քաղաքացիական ծառայության խորհրդի, մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի կայքէջերում և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ համապատասխան մարմնի կայքի բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության խորհրդի կայքէջում  և Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Պատգամավորներն առաջարկել է նաև այլընտրանքային լրատվամիջոցներով ապահովել քաղաքացիների իրազեկումը:Առաջարկն ընդունվել է։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել ներկայացված բոլոր նախագծերին: Դրանք պատգամավորների քննարկմանը կներկայացվեն Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

1