Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը մասնակցել է Մարտունի և Գլենդել քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։
Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել Գլենդելի բնակչությանը և քաղաքային իշխանություններին Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և ընդգծել, որ դա բարձր է գնահատվում արցախցիների կողմից։
Նույն օրը նախարար Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդել քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Դավիթ Բաբայանը կարևորել է Մարտունու և Գլենդելի միջև համագործակցությունը՝ սոցիալ-տնտեսական, մարդասիրական և բարոյական տեսանկյուններից։ Նախարարը հավելել է, որ Գլենդելի հետ փոխգործակցությունը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա շրջկենտրոն Մարտունու զարգացման գործում։
Հանդիպմանն ու հռչակագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։