«Արցախի հանդեպ մեր քաղաքական իրավունքը ոչ ոք չի կարող տնօրինել,  նույնիսկ՝ ՀՀ ներկա իշխանությունը»․ Արթուր Մոսիյան
Գլխավոր » Լրահոս » «Արցախի հանդեպ մեր քաղաքական իրավունքը ոչ ոք չի կարող տնօրինել,  նույնիսկ՝ ՀՀ ներկա իշխանությունը»․ Արթուր Մոսիյան

«Արցախի հանդեպ մեր քաղաքական իրավունքը ոչ ոք չի կարող տնօրինել,  նույնիսկ՝ ՀՀ ներկա իշխանությունը»․ Արթուր Մոսիյան

«Արցախի պաշտոնյաներն իրենց իրավունքը չեն զիջի, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանին, քանի դեռ կա բռնազավթված Արցախ, Ադրբեջանում պահվող գերիներ, արցախահայության չլուծված իրավունքներ։ Որքան էլ սոցիալական առումով Արցախի պաշտոնյաների գործունեության իրավունքները սահմանափակվեն,  Արցախի հանդեպ մեր քաղաքական իրավունքը ոչ ոք չի կարող տնօրինել,  նույնիսկ՝ ՀՀ ներկա իշխանությունը։ Արցախի ժողովրդի մանդատը ստանձնած քաղաքական ղեկավարությունը  շարունակելու է իր պայքարը արցախցիների վերադարձի  իրավունքի իրացման ուղղությամբ։ Ո՞վ պետք է պայքարի Արցախի ժողովրդի  իրավունքների համար, եթե ոչ՝ Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական մարմինները»։

«Ապառաժ»-ի հետ զրույցում, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա ԱԺ հայտարարություններին անդրադառնալով, նշեց  Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

«Տպավորություն է՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանից ավելի շատ են շահագրգռված Արցախի էջը փակելու  համար։ Նողկալի է դիտել՝ Ալիեւին բարեխոսելու համար ինչպես են քամահրանքով խոսում Արցախի իշխանությունների, պետական ինստիտուտների մասին երկրի թիվ մեկ ամբիոնից, երբ Հայաստանը պետք է հանդիսանար Արցախի երաշխավորը եւ Արցախի իշխանությունների հետ միջազգային հարթակներում պայքարեր նրա իրավունքների վերահաստատման համար։

Արցախը եղել եւ մնում է մեր Ազգային արժանապատվությունը, եւ անթույլատրելի է, որ ինչ-որ «խմբակ» վարկաբեկի այն։

Սա առաջին անգամը չէ, որ ՀՀ իշխանություններն ավելի ադրբեջանամետ կեցվածք են դրսեւորում, քան  ադրբեջանական  իշխանությունները։ Տպավորություն է, որ իշխող քաղաքական խմբակն ունի պարտավորություններ ադրբեջանական ղեկավարության առաջ եւ առիթը բաց չի թողնում նրանց հաճոյանալու համար՝ կրկին անգամ արցախցիների բաց վերքին աղ լցնելով»,- նշեց Արթուր Մոսիյանը։

1