Արցախի համով ժենգյալով հացը՝ Դիլիջանում

Դիլիջանի կենտրոնական փողոցներից մեկով անցնելիս անհնար է չնկատել «Արցախի համով ժենգյալով հաց» գրությամբ փոքրիկ կրպակը, որտեղից անցորդին է հասնում ժենգյալով հացի (կանաչիներով լցոնված հաց) ծանոթ բույրը, իսկ կրկապից քիչ հեռու զրուցում են տարբեր վայրերից տեղահանված ու Դիլիջանում հաստատված մի խումբ արցախցիներ։
Կրպակի ներսում աշխատում է Գայանե Հարությունյանը, ով վարժ շարժումներով գրտնակում է խմորն ու լցնում անհրաժեշտ չափի կանաչեղեն։
Գայանեն նախքան 44-օրյա պատերազմ ապրում էր Շուշիում, որտեղ ունեին տուն ու ապագայի հետ կապված հստակ ծրագեր։ Հայրենի Շուշիի կորստից հետո որոշել էին ընտանիքով մնալ Արցախում՝ Ստեփանակերտում՝ չկորցնելով Շուշի վերադառնալու հույսը։
Աշխատում էր Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում, սակայն 2023թ․ սեպտեմբերյան պատերազմը նրա ընտանիքին մյուս արցախցիների նման զրկեց հայրենի հողում ապրելու հնարավորությունից։ Բռնի տեղահանությունից հետո 7 հոգանոց ընտանիքը հաստատվել է Դիլիջանում։
«Հարազատ միջավայր է մի տեսակ, Շուշիին էլ է նման։ Բացի դրանից 2020թ․ պատերազմի օրերին էլ էինք Դիլիջանում, ուստի այստեղ հաստատվեցինք»,- պատմում է Գայանեն։
Նոր վայրում սկզբում մասնագիտությամբ աշխատանք էր փնտրում, ավարտել է Արցախի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը, բայց տեսնելով, որ աշխատավարձը շատ ցածր է, ամուսնու ու եղբոր հետ որոշում են բիզնեսով զբաղվել։
«Այստեղ այդ բիզնեսը չկար ու որոշեցինք ժենգյալով հացի գործը սկսել։ Տեղը վարձել ենք։ Փառք Աստծո, արդարացնում է իրեն։ Արձագանքները լավն են, սկսել են պատվերները շատանալ, օրեկան 100-120 հատ թխում եմ։ Եղբայրս կտրատում է կանաչիները, ես թխում եմ, ամուսինս էլ առաքումներն է անում։ Արդեն հյուրանոցներն են սկսել պատվերներ տալ»,- նշում է Գայանեն։
Խոսելով դժվարությունների մասին՝ նա ասում է, որ ամենամեծ դժվարությունը կապված է հայրենիքի կոստի հետ, որի համար այնքան կյանքեր են զոհվել, այդ նաև իր ավագ եղբայրը, ով նահատակվել է 2020թ․ Շուշիում։
Խանութը գործում է անցած տարվա հոկտեմբերից։ Նրա խոսքով՝ իրենց արտադրանքը պահանջված է և տեղացիների, և այդտեղ բնակվող արցախցիների շրջանում, ամառային ամիսներին շատ են նաև արտասահմանցի հաճախորդները։
Արցախցի կինը պատմում է, որ Դիլիջան այցելող օտարերկրացիները նաև հետաքրքվում են իրենց ծննդավայրով։ Ասում է՝ զարմանալի է՝ բոլորը ավելի շատ Շուշին են ճանաչում, քան Ստեփանակերտը։
Արցախյան ավանդական ուտեստի մեջ օգտագործվող բոլոր կանաչիներն էլ կարողացել են հայթայթել։ Մի մասը գնում են Երևանից, մի մասն էլ (կնձմնձյուկ, թրթնջուկ, կիռնանջուկ, պառավի պորտ) իրենք են դաշտից հավաքում։
Գայանեն նշում է, որ դիլիջանցիները տարբեր կանաչիներ են ավելացնում ժենգյալով հացի մեջ (դանդուռ, փիրփերթ), որը փոխում է Արցախյան հայտնի կանաչիներով հացի համը։ Իսկ հիմա շատերն արդեն չեն թխում, իրենից են գնում։
Գայանեն նշում է, որ վաճառքից գոհ են, կարողանում են տան վարձը մուծել, մյուս ծախսերը հոգալ։ Սակայն Դիլիջանում վերջնական հաստատվելու հարցում չեն կողմնորոշվել, պետական ծրագրով տուն ձեռք բերելու դեպքում էլ ՀՀ քաղաքացիություն ընդունելու պահանջն է հետ պահում։
«Դեռ հստակ պլաններ չկան։ Կարծում եմ ժամանակի հարց է»,- ասում է նա՝ հավելելով, որ չի կորցնում Արցախ վերադարձի հույսը։







Տաթևիկ Աղաջանյան