Արցախի գյուղերը եւ հոգեւոր կառույցները. Տումի
Գլխավոր » Լրահոս » Արցախի գյուղերը եւ հոգեւոր կառույցները. Տումի

Արցախի գյուղերը եւ հոգեւոր կառույցները. Տումի

Տումին գտնվում  է նշանավոր  Դիզափայտ լեռնաշղթայից  հյուսիս: Այն տեղակայված է Իշխանագետի վտակ Շնաքար գետակի ձախափնյա արևելահայաց լանջին: Բնակավայրի տարածքը զբաղեցնում է Հարոս–Իքակ և Շնաքար–Տումի գետերի ընդարձակ ավազանները, ձգվելով դեպի Դիզափայտի լեռնազանգվածը:

Տումին Արցախի հնագույն բնակավայրերից է: Ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ Ք. ա. 3–1–ին հազարամյակների միջագետքյան արձանագրություններում Հայկական լեռնաշխարհում տեսանելի են Թումի, Տումե անուններով բնակավայրեր: Գյուղի տարածքում գտնվող Տեփեն կոչված վայրից հայտնաբերված քարեդարյան բրիչը, Քուլուհանեն խութից՝ բրոնզյա զարդերը և հարակից այլ նյութերը վկայում են Ք. ա. 3–1–ին ժամանակներից բնակավայրի գոյության մասին։ իսկ բնակավայրի տարածքում պահպանված միջնադարյան ժամանակներին վերագրվող պատմական հուշարձանները ինքին վկայում են միջնադարյան ժամանակներում նրա առավել բարգավաճ ու վարչական կարևոր կենտրոն լինելու մասին:

Տումիի հայությունը 7–րդ դարից մինչև 19–րդ դարի սկզբները պայքարել են արաբ, սելջուկ, մոնղոլ, կարա կոյունլու, աղ կոյունլու և այլ նվաճողների դեմ ու միշտ էլ իրենց լեռների պես անսասան  են մնացել: Դարերի ընթացքում պայքարելը ժողովրդի մեջ վերաճել և դարձել է բնավորություն ու ապրելակերպ:

9–11–րդ դարերում Տումին Դիզակի իշխանանիստ կենտրոնն էր: Տումիի թիկունքում է գտնվում Դիզակի իշխանների գերեզմանոցը, որից քիչ վերև` մի առանձնացված սարահարթի վրա, պահպանվում են շինության բեկորներ: Տեղացիները ավանդաբար դրան անվանում  են Թագավորի պալատ: Վերոհիշյալ շինությունից քիչ հեռավորության վրա` բլրին, գտնվում է ավերված մատուռ և մի տապանաքար` թագավորի գերեզմանը: Այստեղ  է գտնվում նաև  սրբատաշ քարերով կառուցված թագավորի աղբյուրը: Նշանավոր անձանցից  ծնունդով Տումի  գյուղից  էր 1563 թ. Հայ Աղվանից կաթողիկոս Փիլիպպոս Տումեցին (Մանուչարյան Ա., 2003, 89):

1828 թ. մինչև 1905 թ. Տումին ապրում էր համեմատաբար անխռով ժամանակներ: Բնակչությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ և արհեստագործությամբ:

Տումիի հայությունը ծանր ժամանակներ ապրեց նաև 1905–1906 թվականների հայ–թաթարական ընդարումների օրերին: Ցարական արքունիքը, երկու ժողովուրդներին հաշտեցնելու փոխարեն, իրար դեմ էր լարում և, հայերի դիմադրությունը կոտրելու միտումով՝ օգնում թաթարներին: 1905 թ. մարտին 400 զինվորներից և կազակներից բաղկացած մի զորագունդ, չորս թնդանոթներով, փոխգնդապետ Վիվերնի, գավառապետ Ֆրեյլիխի, սպաներ Բիրկիվլկինի, Հաջիևի, հաշտարար միջնորդ Երմոլաևի և պրիստավ Ֆիտինի գլխավորությամբ մտավ Վարանդայի և Դիզակի գավառները: Նրանք ամենադաժան կերպով թալանեցին և ավերեցին Ավետարանոց, Շեխեր, Սարգսաշեն, Թաղավարդ, Թաղլար, Տող, Տումի, Ազոխ, Հաղորտի, Սոս, Գյունե Ճարտար, Ղուզե Ճարտար, Խնուշինակ, Գիշի գյուղերը:

Տումիի հերոսական պատմության էջերը գրվեցին 1917–1921 թվականներին: 1918 թ. հոկտեմբերի 9–ին՝ Մսմնայի ճակատամարտի ժամանակ, Ասլանիկ Մուրադխանյանին օգնության են հասնում տումեցիների ջոկատը՝ Թևան Ստեփանյանի և Վարանդայի մարտական ուժերը՝ Արտեմ Պետրոսյանի հրամանատարությամբ: Միասնական հայկական ուժերին հաջողվեց ջախջախել թուրքական էքսպեդիցիոն զորախմբին:

Չնայած անհավասար ուժերին՝ տումեցիները Թևան Ստեփանյանի գլխավորությամբ, հանուն Արցախի ազատության, 1920-1921 թթ. հերոսաբար կռվեցին խորհրդաթուրքական ուժերի դեմ: Սակայն Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվում և ազատագրական պայքարը աստիճանաբար մարում է:

1929 թ. գյուղում կազմակերպվեց կոլտնտեսություն, որը 1976 թ. վերակազմակերպվեց խորհտնտեսության: 1995 թ. խորհտնտեսությունը լուծարվեց և ստեղծվեց գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն՝ ԳԿՏ: 1998 թ. հողերի սեփականաշնորհումից հետո գյուղացիները սկսեցին վարել իրենց անհատական տնտեսությունները:

Տումիում և նրա շրջակայքում հազարամյակների ընթացքում կառուցվել են պատմամշակութային նշանակության բազմաթիվ հուշարձաններ: Դրանց մի մասը ժամանակի ընթացքում ավերվել է, մյուս մասն էլ՝ որպես ժառանգություն, պահպանվում էր մինչև 2020թ. տարածքի օկուպացումը Ադրբեջանի կողմից: Դրանցից նշանավոր են Գորոզու բերդը (7–11–րդ դարեր), Կարմիր եկեղեցին (10–րդ դար), Թագավորի պալատը (10–րդ դար), Ս. Հովհաննես եկեղեցին (17–րդ դար), Բերդաքար ամրոցը (7-13-րդ դարեր), Բաղինք արքունականք (եղել է Դիզակի իշխանության հանքային ջրերի առողջարանը), Ջրվանեսի (12–13–րդ դարեր), Իգակուցի (12–13–րդ դար), Նադար աղբյուրի կամուրջները, Խտուդռեն, Նահատակ, Գյոջին խաչ, Ստեփանոց, Մոմաքար, Բուք քար, Ունգուճախաչ, Խաչին արտ, Երեգերգեչ, Խաչիխութ, Քմախաչ, Ջինդարա գոմեր, Թագավորի աղբյուրի խաչ, Շլլորուն արտ սրբավայրերն ու ուխտատեղիները, Թևան Ստեփանյանի տուն-թանգարանը:

Տումի գյուղի տարածքում պահպանվել են Ղրանց կյումեր, Խտրո խութ, Ստեփնոցեն խութ, Մկրտիչի տեփեր, Կարմիր քարի, Իգակուց կամ Հայկազն, Խաչին արտ միջնադարյան գյուղատեղիները, որոնք գոյություն են ունեցել 5–18–րդ դարերում:

19–րդ դարի վերջերին Տումիում կար 120 տուն, 1033 բնակիչ (Բարխուդարյանց Մ., 1999, 200), 1987 թ.՝ 286 տուն, 847 բնակիչ, 2018 թ.` 184 տուն, 708 բնակիչ (ԱՀ առկա բնակչության թվաքանակը 2018 թ. հունվարի 1–ի դրությամբ, 2):

Իր բազմադարյան պատմության ընթացքում գյուղն առաջին անգամ հայաթափվել է 2020 թ. հոկտեմբերին՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի և տարածքի օկուպացման հետևանքով:

Տումի բնակավայրի տարածքում հաշվառվել, վկայագրվել, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ներառվել է 19 պատմական հուշարձան:

«ԿԱՐՄԻՐ» ԵԿԵՂԵՑԻ (նկարը՝ Արմինե Հայրապետյանի)

Պատմական ակնարկ: «Կարմիր խաչ» կամ Կարմիր եկեղեցին գտնվում է Տումի գյուղի հարավային մասում՝ Եղցու խութ կոչվող հնավայրում:

Եկեղեցու մասին վկայող կարևոր սկզբնաղբյուրը ճակատային արձանագիր քարն է, որը պահվում էր Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում: /նկ. 1/: Հիշյալ արձանագրությունը վկայում է, որ եկեղեցին կառուցվել է 1000 թ. «Ի ՆԽԹ (1000) թվին Հայոց և ի թագավորութեանս տն Գագիկա, որդո Մուսեի, ես Սոփի դուստր Մուսեի, շինեցի տուն այ. ի փրկություն հոգվո իմո և ծնողաց իմոց»:

19-րդ դարի վերջին եկեղեցին այցելած Մակար Բարխուդարյանցը այն ներկայացնում է հետևյալ կերպ. «Ամբողջապէս փլած է եկեղեցուս հա­րա­ւային պատն և թաղն կամարներով միասին: Ունեցած է եր­­­կու դուռն հարա­վային և արևմտեան կողմերից: Եր­­կա­րութիւնն 11 մետր, լայ­նութիւնն 6 մետր 45 սան­­­թիմ»: (Բարխուդարյանց Մ., 1999, 200):

Ճարտարապետական նկարագիրը: Համաձայն եկեղեցու վկայագրի չափսերն են՝ 10,6X6,7X6մ: Հուշարձանը մինչև 2020 կիսաավեր վիճակում էր: Կառուցված է եղել կոպտատաշ կրաքարերով, հիմնականում մոխրագույն՝ կրաշաղախով: Խորանի գմբեթարդը և լուսամուտի կամարը աղյուսաշար են: Միանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցու ներսում՝ խորանի մեջ կար գեղաքանդակ խաչքար: Եկեղեցու շրջակայքում գերեզմանոցն էր, որտեղ առկա էին նաև մ.թ.ա. II-I հազարամյակների դամբարանաբլուրներ: Մ.Բարխուդարյանցի հաղորդմամբ «վաղեմի հանգստարանիս մէջ կան խիստ հին ամփոփեալներ, որոնց տապանաքարերն անարձանագիր են ամենամեծ մասամբ»: (Բարխուդարյանց 1999: 200):

Ս.ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ

Պատմական ակնարկ: Եկեղցին գտնվում  է  գյուղի կենտրոնում։ Կառուցվել է 18-րդ դարում, վերակառուցվել ու որոշակի փոփոխությունների է ենթարկվել 19-րդ դարում: Մ.Բարխուդարյանցի նկարագրությամբ. «եկեղեցին՝ Սուրբ Յովհաննէս, քարուկիր, կամարակապ, առանց սիւնի, քահանայ՝ երկու: Ծուխ 120» (Բարխուդարյանց 1999: 200):

Ճարտարապետական նակարագիրը: Միանավ բազիլիկ շինություն է՝ հիմնականում կառուցված տեղական կոպտատաշ քարով և կրաշաղախով: Մուտքի ճակատամասը, լուսամուտները, որմնասյուները, կամարները և արտաքին պատերի անկյունները սրբատաշ են: Ունեցել է երկու մուտք` հարավային ու արևմտյան ճակատներից: Խորանին զուգահեռ արևելյան մասում ունի երկու ավանդատուն: Շքամուտքի երկու կողմերում զույգ խաչաքանդակներ էին, իսկ ստորին հատվածում՝ արձանագրությունն էր, որը խորհրդային տարիներին մեծամասամբ քերվել էր և պահպանվել էր ընդամենը վերանորոգման թվականը.  «1868 ․․․ ՍՐ ․․․»:

Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին վեր էր ածվել պահեստի` փակվել են մուտքերը և նոր մուտք է բացվել արևելյան կողմից խորանի միջով:

2019 թ. իրականացվել են եկեղեցու վերանորոգման աշխատանքներ: Վերականգնվել էր զանգակատուն-ռոտոնդան, վերաբացվել է նախկին մուտքը:

ԱՄՐՈՑ «ԲԵՐԴԱՔԱՐ» (Դիզակի բերդ) (նկարը՝ Արմինե Հայրապետյանի)

Պատմական ակնարկ: «Բերդաքար» (Դիզակի բերդ) ամրոցը գտնվում է Տումի գյուղից 5–6 կմ հարավ-արեւմուտք: Այն իր բնական անմատչելիությամբ ու պաշտպանական հզոր կառույցներով Արցախի խիստ ամրացված եւ ուշագրավ պաշտպանական հանգույցներից էր, Դիզակի իշխանական վարչական տարածքի ռազմավարական մեծ նշանակության արեւմտակողմ գլխավոր ամրոցը, պատմական որոշ ժամանակահատվածում՝ նաև այդ իշխանության վարչական կենտրոնը։

Ճարտարապետական նկարագիրը: Բուն ամրոցը տեղակայված է գրեթե հյուսիս–հարավ ձգվող ժայռազանգվածի թեքադիր հարթ տափարակի վրա եւ զբաղեցնում է 2,5 հա-ից ավելի տարածություն (110 x 230 մ միջին չափերով): Այն երեք կողմերից շրջափակված է անանցանելի՝ մինչեւ 50-70 մ բարձրությամբ ժայռապատնեշներով, իսկ հյուսիսային, հյուսիս-արեւմտյան կողմերից հարում է հարավ-արեւմուտքից հյուսիս-արեւելք ձգվող անտառապատ լեռնաշղթային` կազմելով հարավ-արեւմուտքից` «Թիլբանդ», հյուսիս-արեւելքից` «Թուրաքար» բարձունքների միջնամասը: Գլխավոր եւ միակ մուտքը բացվում էր հարավ-արեւմտյան անկյունից։ Պարսպապատերը, որոնք կառուցված են եղել տեղական քարերով ու կրաշաղախով, մասամբ պահպանվում են ժայռամերձ հատվածում, միջնաբերդի հարավային կողմում եւ ժայռ-միջնաբերդի արեւելյան ստորին մասում։ Այստեղ պահպանվող պարսպի բարձրությունը մինչեւ 2 մ է, վերին` նշված ժայռ–միջնաբերդի հարավային եւ հյուսիս-արեւմտյան կողմերում` 2,5-4,5 մ: Մուտք–ժայռ–միջնաբերդ հատվածում եղել են կրկնապարիսպներ, որոնք անմատույց ու անառիկ են դարձրել պատմական Դիզակ երկրամասի այդ երբեմնի նշանավոր ամրոցը: Մուտքից, որի աջ ու ձախ կողմերում ըստ էության եղել են երկու աշտարակներ, (նկատելի են աջակողմյան ժայռի պռնկի եզրային աշտարակի հիմքերը` 2 x 3 մ չափերով)։ Պարսպաշարը 1,6 մ լայնությամբ ձգվել է մոտ 25-30 մ դեպի հյուսիս-արեւելք, կցվել մեկ այլ կլոր հատակագծով աշտարակի, որտեղից 23 մ ձգվելով վեր, միացել է ժայռ–միջնաբերդին: Վերջինս, որ տեղակայված է ամրոցի մեջ` արեւմտակողմ եզրամասում՝ ժայռի վրա, ներքուստ (հարավային եւ արեւմտյան կողմերից) մինչեւ 70 մ բարձրությամբ բնական անմատչելի ժայռերով ու պարսպապատերով պարփակված մի եզակի եւ բուն ժայռամրոցի մեջ առանձին պաշտպանական հանգույցի տպավորություն թողնող խիստ ամրակուռ համակառույց էր: Գագաթը համեմատաբար հարթ է, զբաղեցնում է ոչ մեծ տարածություն` 24 x 65 մ: Այստեղ ուշագրավ են երկու կցակառույց, գրեթե հավասարաչափ շինություններ, որոնց փոսորակները պահպանվում են:

Բացի միջնաբերդից, ամրոցում ուշագրավ են նաեւ ամրոցակալ ժայռի արեւելյան կողմի 5 x 4 մ չափերի երկու փոքր կցակառույց ջրամբարները (նկատի ունենալով մասնավորապես դրանց դիրքն ու թեքադիր տեղանքում գտնվելու հանգամանքը)` արտաքուստ փոսորակներով, ինչպես նաեւ` կլոր հատակագծով, հիմքում մեծադիր քարերով ինչ–որ շինություն (հավանաբար աշտարակի) մնացորդները, որը գտնվելով ժայռի արեւելյան պռնկին, ըստ էության դիտակետի դեր է խաղացել` անմիջականորեն հսկողության տակ առնելով Իշխանագետի հովիտն ու կիրճը, որից ներքեւ՝  անտառի մեջ, «Ղռանց կյումեր» կոչվող բնակատեղին է:

Ամրոցի ամենաթույլ կողմը հավանաբար ջրի սղությունն էր: Ըստ տեղագրող Մ. Բարխուտարեանցի, ամրոցաբնակները օգտվել են «… բերդիս արեւմտեան ստորոտում եղած Թաղալ անուն պատուական աղբիւրիցն» (Բարխուտարեանց Մ., 1985, 85):

Վահրամ Բալայան, պ.գ.դ., պրոֆեսոր

1