Արցախի գյուղերը եւ հոգեւոր կառույցները. Վաղուհաս
ԽԱԹՐԱՎԱՆՔ
Արցախի նշանավոր ու կարևոր հոգևոր կենտրոններից է Խաթրավանք-Խադավանքը: Վանական համալիրը գտնվում է Թարթառ (Տրտու) գետի աջակողմյան գեղեցկատեսիլ թրաձև մի լեռնաբազկի վրա, Վաղուհաս գյուղից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հոգևոր կենտրոնը գործում է վաղմիջնադարյան ժամանակներից: Վանքի անունը աղբյուրներում հիշատակվում է Խադարի, Խադայ, Խաթրա, Խթրավանք տարբերակներով: Տարբեր ուսումնասիրողներ գրեթե նույն տեսակետն են հիմնավորել, համաձայն որի այն կապված է Թադևոս առաքյալի աշակերտ Խադ եպիսկոպոսի անվան հետ:
Վանական համալիրի պատմությանն առնչվող կարևորագույն սկզբնաղբյուրները հենց նրա իսկ տարածքում պահպանված արձանագրություններն են, որոնց մեզ հայտնի առաջին ուսումնասիրողն ու հրատարակողը Ս.Ջալալյանցն էր (Ջալալյանց Ս, 1858, 230-231): Հետագա ուսումնասիրողները պարզել են, որ դրանց մի մասը այլևս կամ գոյություն չուներ կամ կոտրված ու եղծված վիճակում էր: Այսպես, արձանագրությունների համակողմանի հետազոտությունից պարզվում է, որ պահպանված վանական համալիրի հնագույն շինությունը վերակառուցված է 1182 թ. (Կարապետյան Ս, «Վարձք», 2012, N 7, 15):
Համաձայն կաթողիկե եկեղեցու շինարարական ընդարձակ արձանագրության այն կառուցել կամ, որ ավելի ստույգ է, վերակառուցել է Խաչենի Վախթանգյան իշխանական տոհմի ներկայացուցիչներից Հովհաննես Խաչենցին, ով նաև վանքի եպիսկոպոսն էր. «Ի ՈԾԳ.(1204) թուիս ես տէր Յովհաննէս շինեցի զեկեղեցիս (արդեամբ նոյն իշխանի) եւ ժողովեցի զխաչս եւ զգիրս, որ ի սմա եւ արկի զՋոթացն այգին եւ զՄատաղիսն՝ բազում աշխատութեամբ, եւ ետու զվանքս իւր ամէն սահմանաւն իմ եղբաւրս (եղբօրս) Հասանայ եւ իւր որդեանցն Հաթերքու տեառն միջնորդութեամբ. ով խափանէ, խափանեսցի ի կենացն Աստուծոյ»: «Յանուն Աստուծոյ այս իմ գիր Է Հասանայ, որ երբ իմ աղբերս զեկեղեցիս շինեաց ու զվանքս ինձ երետ, ես զԽնձորայ Բակս իւր սահմանով ի յեկեղեցիս տուի, ով հակառակ կայ, Աստուծոյ հակառակ կայ, ով զայս գիր խափանէ, չունի թողութիւն յԱստուծոյ» (Բարխուդարյանց Մ., 1999, 259):
Խաթրավանքը Արցախի եպիսկոպոսական հայտնի կենտրոնների շարքին է դասվում: 12-րդ դարի առաջին կեսին վանական համալիրը մեծապես տուժել է տարածաշրջանում տեղի ունեցած հզոր երկրաշարժից, որի մասին տեղեկություններ են հաղորդում Կ.Գանձակեցին և Մ.Գոշը: 1143 թ. վանքը ասպատակության է ենթարկվել ու թալանվել Չոլի զորապետի գլխավորած զորքերի կողմից: 12-րդ դարի վերջերին ու 13-րդ դարի սկզբներին, ինչպես վկայված է վանքի վերոնշյալ շինարարական արձանագրության մեջ, վանքը վերստին վերակառուցվել ու առավել բարգավաճ տեսք է ստացել Հովհաննես Խաչենցու ջանքերով:
Մատենագրական աղբյուրներից, վանական համալիրի արձանագրություններից դժվար չէ եզրակացնել, որ Խաթրավանքը հանդիսացել է Խաչենի իշխանության Վախթանգյան ճյուղի հոգևոր կենտրոնն ու տապանատունը:
Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, զանգակատնից և բնակելի շինություններից: Համալիրի կառույցների պատերի մեջ ագուցված են ավելի հին ժամանակներին վերագրվող խաչքարեր ու արձանագրություններ:
Կենտրոնագմբեթ դահլիճով եկեղեցին հաստատված է չորս սյուների վրա: Ներսից խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հորինվածքով եկեղեցու չորս անկյուններում առկա են ավանդատներ: Աղոթասրահի մեջ ներառված են միանավ թաղածածկ երկու մատուռ-ավանդատները: Ներսի սյուները ունեն զարդաքանդակներ: Առկա են երկուէ մեծ և փոքր խորաններ:
Եկեղեցու հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող զանգակատունը գտնվում է կիսավեր վիճակում: Մ.Բարխուդարյանցի նկարագրությամբ այն կառուցված է «երկյարկ եւ սրբատաշ տորոնագոյն քարով: Վանքս ունի եւ շրջապարիսպ. քարուկիր սենեակներ և խուցեր իւր հիւսիսային կողմում: Այժմ աւեր է պարսպի հարաւային կողմն եւ մի քանի խուցեր»: (Բարխուդարյանց Մ., 1999, 262): Զանգակատան հյուսիսային մասում գտնվում է սեղանատունը, որը թաղածածկ դահլիճ է և համեմատաբար ավելի բարվոք վիճակում էր գտնվում: Սեղանատունը բաղկացած է երկու՝ մեծ և փոքր դահլիճներից:
Եկեղեցու հյուսիսային մասում գտնվում է տապանատուն հիշեցնող շինությունը՝ բաղկացած երկու սրահներից: Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները մատնանշում են, որ հետագա ժամանակներում նշյալ կառույցները վերակառուցվել, կամ նրանց կողքին պարզապես կառուցվել են նաև նոր շինություններ: Այսպես, համաձայն 1215 թվագրությամբ արձանագրության Խաչենի Հասան իշխանի մայր Շուշանիկը կառուցել է Ս.Կարապետ եկեղեցին, 1225 թ. իշխանուհի Դոփի կողմից կառուցվել է գավիթը: Հասան Բ-ի որդի Գրիգոր Բ-ի ու նրա կին Ասփայի կողմից 13-րդ դարի վերջերին և 14-րդ դարի սկզբին հատկապես մեծ նորոգումների կամ վերակառուցում – լրացումների են ենթարկվել վանքի մի շարք կառույցները:
Վանական համալիրի մոտ գտնվող գերեզմանոցում առկա են 1104, 1167, 1179 թթ. խաչքարեր:
ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ
Կարմիր վանքը գտնվում է Վաղուհաս գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք՝ Վաղուհաս գետի ձախակողմյան բարձունքի վրա: Պահպանված գլխավոր եկեղեցու չափսերն են՝ 5,8 x 3,2 մ: Բարձրությունը ծովի մակերևույթից 1322 մ է: Եկեղեցու հյուիսային պատին պահպանված 16 տողից բաղկացած արձանագրության համաձայն այն կառուցվել է 1224 թ. Վախթանգ իշխանի որդի Սակռի կողմից. «ՈՀԳ էր. Ես Սակռ, որդի Վախթանգա, եղբայր Հասանա, շինեցի զեկեղեցիս և ետու զորդի իմ զԳրիգորիս սպասավոր, և զիմ արկած այգին ճաքի իւր կատապանովն իմ հոգոյս…» (Մկրտչյան Շ., 1985, 58): Հայտնի է, որ Սակռի անունով է Արցախի Վերին Խաչենի իշխանական տունը կոչվել Սակռյանց: Վախթանգի երեք որդիներից կրտսերը նույնպես այդ անվանումն էր կրում, ով էլ փաստացի կառուցել է հիշյալ եկեղեցին: Վանական համալիրի և Վաղուհասի մյուս պատմական հուշարձանների տարածքներում գտնված արձանագրությունները կարևոր տեղեկություններ են պահպանում նաև Արցախի միջնադարյան շրջանի իշխանությունների, ինչ-որ չափ նաև նրանց վարչական տարածքների վերաբերյալ: Վանական համալիրի գավթում է գտնվում նաև Վախթանգյան իշխանական տոհմի ներկայացուցիչ Սակռ իշխանի տապանաքարը, որի վրա հետևյալ արձանագրությունն է. «Այս է հանգիստ բարեպաշտ պատրոնին Սակռի զոր տացէ Քրիստոս. Սմայ զարքայութիւն երկնից ամէն» (Դիվան հայ վիմագրության, 1982, 120):
Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրություններից կարելի է ենթադրել, որ Վաղուհաս բնակավայրը հարակից տարածքներով Արցախի Վերին Խաչենի իշխանության Վախթանգյան ճյուղի տիրույթն էր հանդիսանում, որի վարչական կենտրոնն էր մոտակայքում գտնվող «Խոխի» կամ «Շլորուտի ամրոցը»:
Եկեղեցու վերակառուցման մասին կարևոր տեղեկություններ են հաղորդում Կարմիր վանքի եկեղեցու հյուսիսային պատին առկա 1229 թվագրությամբ և հարավային պատին՝ 1259 թվագրությամբ արձանագրությունները: Համաձայն հարավային պատի 13 տողանոց արձանագրության. «Թվին: ՉԸ: (1259) Ես Տէր Գրիգոր Ամարասա եպիսկոպոս միաբանեցա Սուրբ Ուխտիս եւ ետու զամէն վարձս վարդապետին որ շինեց զեկեղեցիս. Առաջնորդ տեղիս Տէր Գրիգորէս և այլ միաբանքս կարգեցին ինձ ի տարոջն :Գ: ժամ անխափան. Ով չառնե կապած Աստուածայ» (Դիվան հայ վիմագրության, 1982, 116):
Կարմիր վանքի եկեղեցու հարավային պատին առկա 1259 թվակիր արձանագրության մեջ հիշատակված է Սակռի որդի Գրիգորիսի անունը, ով 1224 թ. արձանագրության մեջ հիշատակված է որպես վանական: 1281 թ. մեկ այլ արձանագրության մեջ նույն Գրիգորիսը ներկայանում է որպես եկեղեցու վերկառուցող. «Ես Գրիգորիս, որդի Սակռի, վերստին շինեցի զեկեղեցիս ի թուիս ՉԼ (1281)» (Դիվան հայ վիմագրության, 1982, 116):
Վանական համալիրից պահպանված են եկեղեցին, գավիթը, մատուռը: Եկեղեցու հարավ-արևելյան կողմին կից գտնվում է մատուռը: Այն թաղակապ շինություն է, մուտքը՝ արևմուտքից: Եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է գավիթը: Համալիրի տարածքում առկա են ավերակված կառույցների մնացորդներ, արձանագիր տապանաքարեր, խաչքարեր: Խաչքարերը հիմնականում վարդագույն քարից են: Համալիրը կառուցված է ճեղքված քարերով: Սրբատաշ են միայն դռների, լուսամուտների, խորանների եզրաքարերը:
Կարմիր վանքը նաև հայտնի գրչագիր կենտրոն է եղել:
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին գտնվում է Վաղուհաս գյուղի բարձրադիր անտառապատ գեղատեսիլ տարածքում: Եկեղեցին կառուցվել է արմատներով վաղուհասցի, ռուսաստանաբնակ Գրիգորի Հայրապետյանի հովանավորությամբ: Եկեղեցու հիմքի օծումը և շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2007 թվականին: 2012 թվականին այն արդեն օծվել ու բացվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի ձեռամբ ու օրհնությամբ:
Արտաքին տեսքով Ստեփանակերտի Ս.Հակոբ եկեղեցու նմանությամբ այս եկեղեցին կառուցվել է սպիտակ կրաքարով և երեսապատվել սրբատաշ տուֆով։ Եկեղեցու կամարները, թաղերը, հենակրիչները պատրաստված են երկաթբետոնից: Փոքրիկ զանգակատնով տանիքը կղմինդրածածկ է: Եկեղեցուն առանձին վեհություն են հաղորդում շրջակա բնաշխարհն ու բարձրադիր դիրքը:
Վահրամ Բալայան, պ.գ.դ., պրոֆեսոր