Արցախի երիտասարդները հզոր են
Գլխավոր » Լրահոս » Արցախի երիտասարդները հզոր են

Արցախի երիտասարդները հզոր են

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած  «Արցախի երիտասարդության կարողությունների և հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում Արցախում հերթական դասախոսությունն է վարել   Քրիստինե Վարդանյանը:

Քրիստինեն 27 տարեկան է, ապրում է Երևանում և աշխատում է Հայկական տեղեկատվական ոլորտի ընկերություններից մեկում` որպես ծրագրերի համակարգող։ Ակտիվ ներգրավված է ՀՅԴ կուսակցության աշխատանքներում։

«Ապառաժ»-ը զրուցել է Քրիստինե Վարդանյանի հետ՝ Արցախում նրա կողմից դասավանդվող ծրագրում ընդգրկված երիտասարդների և նրա տպավորությունների մասին:

-Ծրագրի շրջանակում ի՞նչ էիք դասավանդում:
-Արցախի երիտասարդների հմտությունների և կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակիցներին դասավանդում էի հրապարակախոսություն։ Մասնակիցների հետ մեկ շաբաթվա ընթացքում կատարելագործեցինք մեր խոսելու, մտքերը ձևակերպելու, հարցեր տալու հմտությունները, փորձեցինք հաղթահարել հրապարակային ելույթների հետ կապված մեր վախերը։

Ինչպե՞ս էին տրամադրված մասնակիցները: Արդյո՞ք հետաքրքրված էին այդ առարկայով:
— Բոլոր մասնակիցները մեծապես ներգրավված էին բոլոր դասերին, ակտիվ մասնակցում էին բոլոր պրակտիկ վարժություններին։ Երևի դասընթացի ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել այն հանգամանքը, որ առաջին հանդիպմանը որևէ պայմանով խոսել հրաժարվող մասնակիցները արդեն առաջին դասի ավարտին փոքրիկ ելույթներ էին ունենում։

Ինչքանո՞վ կկարողանան իրենց փոխանցված գիտելիքները նրանք կիրառել գործնականում և ի՞նչքանով կօգնի  դա նրանց իրենց հետագա գործունեության մեջ:

-Երևի ամենաճիշտը կլինի, որպեսզի մասնակիցներն իրենք պատասխանեն այս հարցին: Ես միայն կարող եմ փաստել, որ դասընթացի ավարտին բոլորը շատ ավելի հեշտ էին արտահայտում իրենց մտքերը, բեմից ելույթ ունենալն արդեն այնքան էլ վախենալու չէր թվում։

— Ի՞նչ տպավորություն թողեցին Ձեզ վրա մասնակիցները:

— Արցախի երիտասարդներն իսկապես հզոր են։ Աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր տեսել են այս երիտասարդների տեսածի մի մասն անգամ և կարողացել են այն հաղթահարել։ Իսկ դասընթացի մասնակիցները ոչ միայն չէին կոտրվել, ոչ միայն չէին հանձնվել, այլ մտածում և պատրաստվում են իրականացնել նոր գաղափարներ։

— Ինչպիսի՞ գաղափարներ ունեն Արցախի երիտասարդները:
— Նրանց բոլոր գաղափարներն Արցախի համար են։ Արցախում այսօր ապրողներն՝ ընդհանրապես, իսկ դասընթացի մասնակիցները՝ մասնավորապես,  ինձ ցույց տվեցին, որ Արցախը կա, ապրում է և ունի բոլորիս կարիքը։

Նկատելի՞ էր արդյոք պատերազմի հետքը նրանց ներաշխարհի վրա: Արդյո՞ք հենց այդպես էիք պատկերացնում տեսնել արցախցի երիտասարդին  պատերազմից հետո:
— Պատերազմը չէր կարող հետք չթողնել որևէ արցախցու վրա, բայց ինձ ապշեցրել է ինձ հանդիպած երիտասարդների ուժը, կամքը տոկունությունը։ Վստահ եմ, որ իրենք, եթե դեռ չեն հաղթահարել, շատ շուտով հետևում են թողնելու բոլոր հետքերը։

— Ի՞նչ պետք է անի արցախցի երիտասարդն ապագայում: Որո՞նք են նրանց առաջնահերթ անելիքները և ո՞րն է Ձեր խորհուրդը նրանց:
— Ոչ միայն Արցախում ապրող, այլ հայ երիտասարդն, ընդհանրապես, այսօր անելիք ունի։ Թերևս հենց այսօր հայրենիքն ամենաշատն ունի մեր կարիքը, և մենք իրավունք չունենք հապաղելու, կոտրվելու, հանձնվելու։ Ուրեմն մեր հավատամքը պիտի դառնա ապրել և գործել հանուն Հայրենիքի և հանուն հայ ժողովրդի։

Վահագն Խաչատրյան

1